Դժվար է ասել՝ մենք հիմա անցյալո՞ւմ ենք, թե՞ ներկայում և մաքառո՞ւմ ենք արդյոք ապագայի համար: Անցյալն անցած է, ներկան՝ անցնող, իսկ եկողը վաղն է: Վաղը պատմության անցքերն ինչքան էլ կրկնվեն, անիվը ետ չի գլորվելու: Քանի-քանի՜ հանցագործ ու պարագլուխ պարտադրեն քանի-քանի՜ սուրբ շեն ու տապանաքար, վանք ու դպրանոց տալ պղծողներին, հետո քանի անգամ էլ դրանք ետ բերվեն ու ինչ վարպետությամբ էլ վերականգնվեն, վերքերը խորն են, անտեսելն ու ավերման տեղ թողնելը՝ աններելի: Գուցեև հայը հետո ավելի հզոր արարումներ ունենա, բայց եթե նորից մերժվելու են սեփական կյանքդ, և թե կաճառներդ ինչ հիմքի վրա են ստեղծվում, միշտ կրկնվելու է նույնը, միշտ ետ ենք դառնալու կոտրած տաշտակին: Գաղտնիք չկա. ճարը սեփական ակունքից բխած ու անցյալից անվտանգ ապագա տանող ուղին է:
Աչք փակելը, անցյալից կառչելը ճամփա չէ, հատկապես երբ մոտ անցյալում ուրախացնող քիչ բան կա: Անցյալից քո խրատը պիտի վերցնես և կյանքդ կառուցես՝ թույլ չտալով, որ հարցերդ քո փոխարեն շարունակ թշնամիներդ որոշեն՝ իրենց հայեցողությամբ, ուղեծիրդ այս արևի տակ օտարները գծեն՝ ի վնաս քեզ, հետն էլ հանդ- հանդ, գյուղ-գյուղ տալով՝ ասեն՝ ի՞նչ վատ առևտուր է որ:
Ոչ հեռու անցյալում չէինք հասկանում, որ պետություն չենք: Հիմա անկախ ենք, չենք հասկանում, որ պետություն ունենք։ Էնքան քանդեցին ու քանդվելու վարժեցրին, որ հերթական բնավեր լինելն օրինաչափ դարձավ։ Էնքան է սուտ ու կեղծիք ցանվել, որ բանականությունն անողջամտության դեմ չի էլ ընդվզում։ Էնքան է սերմանվել՝ էդ իմ դուռը չի, լեզու կգտնենք, կդասավորենք, մի բան կանենք, որ հեղեղը սրբելով տանում է ամեն ինչ։ Էնքան են քարոզել, թե իբր մենք խեղճ ենք ու մենակ, անմիաբան ու անօգնական, որ ցեղասպանվելու սինդրոմ ենք ձեռք բերել։
Առաջ Արցախին ոնց վերաբերվելը քաղաքական հայտ ներկայացնողին փորձաքար էր, այսօր դարձանք «Արցախը տանք, հողերը տանք, որ հանգիստ ապրենք» կործանարար կարգախոսի ջատագովներ։ Ազատագրվող Հայաստանից վերածվել ենք հանձնվողի, որովհետև ներկան չենք տեսել ու ապագա չենք կառուցել, հիմա էլ ինչ ուզեն, տալիս ենք։ Ոչ յուրային կառավարմամբ ամեն ինչ արվել է, որ արդեն 2020-ին պատասխանատու դիրքերում չլինեն ո՛չ 90-ականների ավագները, ո՛չ 2016-ի երիտասարդները: Դարավոր անցյալի թշնամական աշխատանքն է բերել Հայաստանի ներկա վիճակին, երբ արդեն բացահայտ է տարվում Հայաստանի չլինելուն։ Եվ եթե կողմ դնենք էթնիկի հարցը, դարձյալ տրամաբանության աղաղակումները լռեցնել չի լինում, զի օտարի լուծն անգամ ենթադրում է պետության պաշտպանություն։
Ավա՜ղ, անցյալում այնքան մոլախոտ է ընտրասերվել, որ մոռացվել է, թե Հայաստան արտն ինչի արտ էր։ Սա է մեր անփառունակ ներկան, որ արևավառ ու փառավոր անցյալներից հասել է ամորֆության ու գնում է դեպի խավարամիտ չգոյություն։ Այսպես, առանց սեփական վճռի, երբ ոչ մի քամի համընթաց չի լինում, հողմապտույտի բերանն ընկած՝ շարունակ դեգերում ենք էս աղետից էն աղետ՝ ով ուր շպրտի:
Եթե ներկան չի պոկվելու անցյալից, ներկա չի դառնա, պատմության անշրջելի անվի նոր թե խարխուլ սայլը առաջ է գնալու, բայց մեր հանրությունը, հետևաբար և Հայաստանը ի՛նքը պետք է որոշի, թե ո՛րն է իր լինելիության նպատակը և ուղին, ուզո՞ւմ է, թե՞ ոչ՝ որևէ ճամփա բռնել, որպեսզի այսուհետ ով հասնի, չբամփի իր գլխին:
Պատմական Հայաստան Իրական. Անահիտ ԱՐՓԵՆ
