Եվ այսպես՝ պատմական, թե՞ իրական Հայաստան: Միանգամից ասեմ, որ իմ կարծիքով դա կեղծ թեզ է կամ, առնվազն, ոչ տեղին հարցադրում, որ հրապարակ է նետվել չգիտեմ ինչ նպատակով: Գտիր աշխարհում թեկուզ մի հայ, որ այդ երկուսն իր ներսում կարող է իրարից անջատել: Հայը ապրի Սևանում, Երևանում, Լեռնավանում… Սիդնեյում, Գլենդելում թե Սալիխարդում, իր հոգո՞ւ ասեմ, թե՞ սրտի ծալքերում կողք կողքի, զուգահեռաբար պահպանում ու փայփայում է Սևանա ու Վանա լճերը, Կարսն ու Գյումրին, Երևանն ու Սիսը… Առանց դրա հայ չի լինում, և ես վստահ եմ, որ այդ թեզը շրջանառության մեջ դնողը նույնպես, եթե իրեն լավ քննի, կտեսնի, որ իր ներսում, նույնիսկ իրենից թաքուն, պատմական ու իրական Հայաստաններն ապրում են զուգահեռաբար: Եվ ես չեմ կիսում այն տեսակետը, թե դրանք իրար խանգարում են: Չեն խանգարում: Իմ օրինակով ասեմ. ես ինձ հայրենասեր մարդ եմ համարում, մեկը, որ մինչև ծնկները խրված է Հայաստանի Հանրապետության հողի մեջ և գնալու տեղ չունի: Սիրտս ցավում է իրական Հայաստանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ամեն ցավի հետ, սիրտս մղկտում է նրա ամեն վերքի հետ, սիրտս ցնծում է նրա յուրաքանչյուր, թեկուզև աննշան, առաջընթացի համար, բայց ես չեմ կարող և չեմ ուզում իմ հիշողության ու սրտի միջից հանել իմ նախնիների՝ Բասեն գավառում գտնվող Ազատ կամ Ազպա գյուղը, որը հիմա թուրքաբնակ է: Եթե ես փորձեմ չհիշել, փորձեմ մոռանալ, արյունս, գեներս, էությունս կբողոքեն ու կըմբոստանան: Մի խոսքով, ես կդադարեմ ես լինել: Չեմ ուզում ու չեմ կարող մոռանալ իմ Բեգլար ապուպապին, որի անունը շարունակվում է իմ, զավակներիս ու թոռներիս ազգանվան մեջ: Չեմ կարող ու չեմ ուզում մոռանալ նրա մասին առասպել հիշեցնող պատմությունները: (Ասում են՝ հսկա մարդ է եղել, մի նստելում մի գառ է կերել, իսկ երբ աշխատելու ժամանակն է եկել, հող փորելու համար սովորական քլունգի փոխարեն օգտագործել է արորի խոփը)…
Ես հասկանում եմ նաև պատմական ու իրական Հայաստանների հակադրության տեսությունը շրջանառության մեջ դնողներին: Նրանք ցանկանում են, որ Հայաստանում ապրող հայը առաջին տեղը հատկացնի ներկա, իրական Հայաստանին, նրա ցավերով, հոգսերով և ուրախություններով ապրի և չտրվի երազային բաների: Բայց, խոստովանեմ, առանց հիշողության, առանց պատմական հայրենիքի գոնե ես ինձ հայ զգալ չեմ կարող:
Ասում են՝ մեր վայ հարևաններն են մեզնից պահանջում, որ մոռանանք… Ակամայից հարց է առաջանում՝ նրանք մեզ մորթել են ու հիմա պահանջում են, որ այդ մասին չխոսենք ու չհիշե՞նք: Ի՞նչ անենք. մեր պապերի հետ մեր հիշողությունն է՞լ մորթված համարենք, մանկո՞ւրտ դառնանք: Ախր մեր անթաղ մեռելների պես մեր հիշողությունն էլ է անթաղ: Ի՞նչ կհրամայեք՝ մեր պատմական հիշողության ո՞ր մասը ջնջենք և ձեզ գոհացնելու համար որտեղի՞ց սկսենք մեր պատմությունը, ասենք՝ հինգ, չորս, երեք… կամ հազար տարի առաջվանի՞ց, թե՞ ձեզ գոհացնելու համար ասենք ՝ մենք մի հարյուր տարվա ազգ էլ չենք… Դե որ ձեր պետությունը մի հարյուր տարվա պատմություն ունի, ստիպված մենք էլ… Հարևանին նեղացնելը լավ բան չէ, հա՞:
Լավ, բա արմատներս ի՞նչ անենք, արմատներս ինչպե՞ս հանենք Հայկական լեռնաշխարհից: Շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր ու անհեթեթ չլիներ: Մեր թշնամին կարծես մեզ ասելիս լինի. «Ես ձեզ ցեղասպանել եմ, ճիշտ է, ճիշտ է նաև, որ չեմ էլ զղջում դրա համար, բայց եթե դու այդ մասին խոսես, շատ կնեղանամ, հա՜: Գիտեմ, որ քո պապերն են կառուցել Աղթամարի «Սուրբ Խաչը», Վանի բերդը, Դադիվանքն ու Գանձասարն էլ են նրանք կառուցել, Շուշիի Ղազանչեցոցն էլ, Կիլիկիայի անառիկ բերդերն էլ, բայց այդ մասին էլ մի հիշիր, թե չէ կվիրավորվեմ, թե չէ էլի կկոտորեմ»…
Մի խոսքով, չերկարացնեմ ու ասեմ՝ ամեն հայ պիտի հասկանա, որ մեր ունեցածը, կանխիկը (քեշը) Հայաստանի Հանրապետությունն է, և ինքը իր ուժերի ներածի չափով պիտի պահպանի, իր բոլոր թերություններով հանդերձ սիրի ու պաշտպանի այն, դողա նրա պետականության վրա, բայց առանց պատմական հիշողության հայ ու Հայաստան լինել չի կարող: Ամեն ծնվող հայ պիտի արմատ խորացնի իրական հայրենիքում, բայց չպիտի տքնի իր գեների միջից արմատախիլ անել հիշողության ծառը, քանի որ որտեղ Արագած, այնտեղ Արարատ, որտեղ Սևան, այնտեղ Վան…
Եվ մի միտք ևս. հայրենիքն Աստված է տալիս մարդուն, և եթե մարդն այն չի պահպանում ու չի սիրում, նորից ետ է վերցնում: Մենք առանց այն էլ մեղք ենք գործել Աստծո առաջ: Նրա տված հայրենիքը դարերի հոլովույթում մաշեցրել, դարձրել ենք ամռան արևից շինականի ոտքի վրա կուչ եկած տրեխ, իսկ եթե մանկուրտանանք ու մոռանանք մեզ ու մեր արմատները, մեր հարևան թշնամիները գուցեև գոհ մնան, բայց գոհ կմնա՞ արդյոք Աստված:
Պատմական Հայաստան Իրական. Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ
![](https://www.grakantert.am/wp-content/uploads/2024/08/hrach-Beglaryan.jpg)