ՀՌԻՓՍԻՄԷ / ԱՐՑԱԽԸ ԿՄՆԱ ՉՄՈԽՐԱՑՈՂ ԿՐԱԿ

Չեմ ուզում խոսել ներկա քաղաքական փոթորիկներից, երբ մեր նավերը անապատը շփոթում են ծովի հետ, երբ Հայաստանի նեղ, փուխր ուսերին դրված են դժվար հաղթահարելի բեռներ, ամեն մեկում՝ ական ու վիրակապ, երբ բոլորապտույտ, ամենավանկարկվող բառը դավաճանն է։ Ժամանակային այս դժվար, գրեթե անանցանելի կեռմաններում, անկառավարելի քաոսում, անհույս առավոտներում կա մի կրակ, որն այդպես էլ չի մոխրանալու։

Արցա՛խը… Երկրորդ երկիր դրախտավայրը, ուր ոգին իր ամրության ուժը ստանում էր արմատի հզորությունից, Ավետյաց երկրի շնչառությունից, չպարտվողի ներուժից։

Շատ եմ վայելել Արցախի կենսատու լինելիությունը. զարմացել եմ տեղացիների ամուր կամքով, ուր չեմ տեսել ոչ մի մուրացիկ կամ անխնամ անցորդի։ Փողոցների կատարյալ մաքրությունը մեծ սիրո և նվիրումի վկայություն էր։ Շուշին մեղքաթողության հանգրվան էր՝ իր ճերմակությամբ, ուր մոմերը վառվում էին արցախորեն։

Բնության նման վերձիգ շռայլությունը երևի չպիտի ներվեր։

Հիմա, երբ գրում եմ, հայացքիս առաջ տեսիլվեց մի հրաշք տղա՝ գեղեցիկ դիմագծերով։ Հարցրեցի.

– Անունդ ի՞նչ է, պատասխանեց։

– Արքա՛։

Չգիտեմ կատա՞կ էր, թե՞ իրողություն, բայց չզարմացա։ Այդ հողի վրա, ուր թշնամին իր նենգությամբ միշտ արթուն էր, դավադիր, վրիժառուի արյունը աչքերում պիտի թագավորներ ծնվեին, բայց…

Հերթական պատերազմը գերանդու պես հնձեց արցախցիների երազանքը, թշնամու ամեն մի գնդակ դիպավ Հայաստանի սրտին, և այն սկսեց արյունահոսել։

Նահատակները, զոհվածները չհերոսացան։

Ընկավ Արցախը, ժողովրդական ընդվզումը փրկօղակ չդարձավ։

Որբության մի կսկիծ մնաց օդում, որպես մեղավորի ինքնադատապարտում, ափսոսանք, անզորության ճիչ, որ չկարողացանք փրկել օգնություն հայցող, հույսը աչքերում ծվարած մեր հիվանդին, բռնել ժամանակին Արցախի ձեռքը, զորավիգ լինել ևս մեկ անգամ։

Ուշացանք, և նա այլևս դուրս չեկավ վերակենդանացման բաժանմունքից։

Կարծես ազգային ճակատագիր է, որ հայոց սգակիր մայրերի արցունքին պիտի հող խառնվի։

Արցախցին այսօր վտարանդի դարձավ. իր կապոցները՝ թանկ շիրիմների  հիշողությունները, դրեց ուսապարկերի մեջ, փակեց տան դռները, վերցրեց բանալին, անձնագիրը, ծննդյան վկայականը և արժանապատվորեն դուրս եկավ տիեզերական քաղցրություն հիշեցնող իր երկրից։ Այդ հոսքը դեպի Հայաստան դեռ կշարունակվի նոր հանգրվանում՝ կյանքի դժվարին եզերքում, ուր սկիզբը սկսվում է վերջից։

Հիմա, երբ զոհված երեխաների լուսանկարներ եմ տեսնում, սրտի դողով փնտրում եմ այն տղային, ով արքա էր ուզում դառնալ։ Տեսնես ո՞ւր է հիմա։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։