Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Աստված իմ, Տեր իմ, Դու եղիր պահապան Հայոց Քաջերին…

Խոնարհումս նահատակված Հայ Քաջերին…

Քերծերս պայթում են
խուլ որոտներից,
Արցախիս վրա
շառափ է թափում…
Դժոխքի իժերն են
սողում տանդ շուրջ,
Ե՜լ, Վիշապաքա՜ղ
խարտյաշ պատանի,
Ե՜լ, կանչի՜ր
երկիրդ սահմանած Հայկին,
դո՜ւրս կանչիր
Մհերիդ Ագռավաքարից,
թող նորից շանթվի
մեր Թուր Կեծակին:

Ելե՜ք… ասք-առասպելի
մի նոր էջ գրեք.
ժամն է խեղդելու
իժին իժոտված
մահաշունչ բնում:
***
Խռովել է խոսքս.
բառեր չեմ գտնում…
Ձեր ոգուն մատաղ,
պի՜նդ կացեք, տղե՜րք:
Ես էլ մորս պես
այս պահից սկսած,
աղոթքը շուրթիս,
ձեռքս բռունցքած՝
կկոթողվեմ բոլորի՜դ,
բոլորի՜դ տան առաջ.
միայն թե դուք
պի՜նդ կացեք, տղե՜րք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։