Վահե ԱՐՍԵՆ

Քսանհինգ տարում ակնհայտ դարձավ մի նոր ու զարմանահրաշ-գրոտեսկային փաստ (ցավոք սրտի, մեր պատմական-քաղաքական ռազմավարությունը հիմնվում է մասնատված և կարճ քրոնիկոնների վրա). ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ձեռք բերելն ավելի հեշտ է, քան այդ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ռազմավարորեն և խելացի ղեկավարելն ու տևական դարձնելը. ԱՆԿԱԽ ապրելը շատ ու շատ ավելի մեծ պատասխանատվություն, եռանդ ու զրկանքներ է պահանջում, քան ուրիշներից կախման մեջ, սակայն որոշում ընդունելու և իրագործելու պատասխանատվությունից ԱԶԱՏ գոյատևելը: Ու երևի հենց այս պատճառով է, որ համայն ազգի արյան և զրկանքների գնով ձեռք բերված ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ հետևողականորեն, սակայն հեշտությամբ մսխվեց, և այսօր տեսնում ենք, որ պետությունն արդեն ԱՆԿԱԽ է թե՛ ազգային հարստություն համարվող հանքերից և հանքարդյունաբերությունից, թե՛ ռազմավարական կապի ոլորտից և էներգահամակարգից, թե՛ իրեն սնող և պահող, բայց միևնույն ժամանակ ինքն իր «մենտալիտետի» (մեր վարչապետերից մեկը մի անգամ այդպես խոսեց) պատճառով երկիրն իր գոյությունից ամեն օր ԱՆԿԱԽԱՑՆՈՂ ՀՀ ներկա, սակայն շուտով նախկին քաղաքացիներից:
Եվ այս 25 տարիները գիտակից տարիքում ապրելուց հետո այլևս ոչինչ չի մնում, եթե ոչ հուսալ, որ ամեն բան լավ է լինելու, նաև շնորհավորել բոլոր հայերին և հայ-համակիրներին ԱԶԱՏՈՒԹՅԱՆ և ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ անմահ գաղափարը դեռևս կրելու և սերունդներին հարաշարժորեն ժառանգելու համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։