ԿԵՂԾԻՔԸ ԻՆՉՔԱՆ ԷԼ ԼՎԱՆԱՍ, ՀԵՏՔԸ ՄՆՈՒՄ Է / Սամվել Կոսյան

Վերջին շրջանում միջազգային հնչեղություն ստացած «Ադրբեջանական լվացքատունե կոռուպցիոն սկանդալի շուրջ քննարկումները նորանոր բացահայտումներ են ջրի երես հանում: Երբ «The Guardianե-ը և աշխարհի այլ թերթեր հաղորդեցին, որ Ադրբեջանի կառավարությունը 2012-2014 թթ. ամբողջ Եվրոպայում մոտ 3 միլիարդ դոլարի կաշառք է տվել բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների, պարզ դարձավ, որ ալիևյան իշխանության կոռուպցիոն մեխանիզմի մեջ եվրոպական քաղաքական գործիչների և գործարարների ներգրավվածությունը այլևս ոչ միայն ադրբեջանական հասարակության ներքին, այլև ամբողջ Եվրոպայի և նրա ինստիտուտների խնդիրն է: Ինչպես հաղորդել է BBC-ն, սկանդալի շուրջ տվյալները հայտնաբերվել են եվրոպական պարբերականների կողմից իրականացված հետաքննության արդյունքում և հրապարակվել Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի կողմից, որի զեկույցում նշվում է, որ թեպետ գումարի աղբյուրը հայտնի չի եղել, սակայն կան «բավարար ապացույցներ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապ ունենալու վերաբերյալե: Հետաքննությանը ներգրավված անձինք հայտնել են, որ իրենց վճարել են Ադրբեջանի կառավարությանը հաճո դիրքորոշում ցուցաբերելու համար: Կանխիկ գումարը փոխանցվել է օֆշորային կառավարում ունեցող բրիտանական չորս ընկերություններից, որտեղից էլ փոխանցվել է եվրոպական տարբեր երկրների հասցեներով, իսկ ապօրինի փողերը բրիտանական ընկերություններ են ուղղվել Դանիայի ամենամեծ «Danske Bankե-ի էստոնական մասնաճյուղի միջոցով: Բանկը խոստովանել է, որ բավարար քայլեր չի ձեռնարկել կասկածելի փոխանցումները բացահայտելու համար: Փաստացի «Ադրբեջանական լվացքատունե-ն իր ընդգրկումների ծավալով կոռուպցիոն ամենամեծ սկանդալն է, ինչը բացահայտում է, որ անգամ արևմտյան արժեքային համակարգը, որի հիմնական նշաձողը օրինականության և բարոյականության գերակայությունն է, շահի և փողի նկատմամբ նույնպես կորցրել է իմունիտետը: Սակայն մամուլը շարունակում է պահպանել իր մարտունակությունը, որի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ջրի երես հանել Բաքվի արտաքին քաղաքականության «նավթախավիարայինե դիվանագիտությունն ու հակաժողովրդական էությունը, ինչպես և Եվրոպայում ու ԱՄՆ-ում կիրառվող կոռուպցիոն սխեմաների բացահայտումը: Ինչպես միշտ, արտաքին ճնշումների դեմ Բաքվի ինքնապաշտպանության գործիքը նույնն է՝ շանտաժը: Ադրբեջանի կառավարության «Այզերբայջանե պաշտոնաթերթը, հանդես գալով մեծածավալ վերլուծությամբ, սպառնացել է Արևմուտքին և ԱՄՆ-ին, որ եթե վերջիններս շարունակեն ճնշումները Բաքվի նկատմամբ, ապա Իլհամ Ալիևը կթռնի Պուտինի գիրկը: «Պատժամիջոցները և նման սխալ քայլերը կարող են ստիպել պաշտոնական Բաքվին վերանայել իր քաղաքականությունը և նախապատվությունը տալ միակողմանի ընտրությանը… Եվ դա լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ-ին և արևմտյան մյուս երկրներին, որոնք մեծ հետաքրքրություններ ունեն տարածաշրջանում…ե,- պոռոտախոսել է թերթը, ավագ եղբոր՝ Թուրքիայի պես երևակայելով, թե «ինքն է աշխարհի պորտըե: Զղջումի, մեղայականի ոչ մի նշույլ, թեև ներկա իրավիճակում առավել հավանականը շանտաժի հակառակ էֆեկտն է, հաշվի առնելով, որ Արևմուտքն այնքան էլ չի հանդուրժում շանտաժը: Մյուս կողմից էլ անհասկանալի է, թե Իլհամն ինչպես է պատկերացնում «գրկից գիրկ թռչելու պահըե: Հազիվ թե ադրբեջանական նավթագազային ոլորտում միլիարդավոր ներդրումներ արած Արևմուտքն ու ԱՄՆ-ն ծափահարություններով ընդունեն Պուտինի ու Ալիևի «սիրո գեղգեղանքներըե: Խնդրո շուրջ համաշխարհային հանրության բացասական ֆոնին, մեղմ ասած, աբսուրդի է հասնում ՌԴ ԱԳՆ-ի վերաբերմունքը, երբ այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին սկանդալը պարզապես արշավ է Ռուսաստանի դաշնակիցների դեմ, որն «իրականացվում է մեծ թվով կեղծ լուրերի, արբանյակային ցանցերի և այլ միջոցներովե: Ինչևիցե, ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 8-ի նստաշրջանում, երբ կբարձրացվի նաև այդ հարցը, պարզ կդառնա, թե միջազգային կառույցները, այդ թվում և ԵԽԽՎ-ն, որքանով են պատրաստ ինքնամաքրվելու: Մի բան պարզ է, որ անկախ «լվացքատանե կարողություններից, կեղծիքը ինչքան էլ լվանաս, հետքը մնում է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.