ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ / Սամվել ԿՈՍՅԱՆ

 

Հայտնի չէ՝ պատերազմը դեռ ինչքան կշարունակվի, և ինչ տարբերակներ են հնարավոր հրադադար հաստատելու համար: Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ծայրահեղ ծանր է, հղի՝ էլ ավելի բարդ հետևանքներով, ավերածություններով ու մարդկային ողբերգությամբ: Ադրբեջանա-թուրքական ուժերը նենգ են, ստոր և արյունռուշտ: Համալրված իսլամիստ ահաբեկիչներով, ոտնատակ տալով մարդասիրական նորմերը` չեն խորշում ընդհուպ միջազգայնորեն արգելված զինատեսակներով թիրախավորել անգամ խաղաղ բնակչությանը, ավերակների վերածել ռազմադաշտից հեռու բնակավայրերը: Սա այլ պատերազմ է, վայրենության և ատելության առավել անմարդկային դիմագծերով: Թուրքիայի և ահաբեկիչների ներգրավվածությունը փաստացի փոխել է հակամարտության պատկերը: Հայկական ուժերը ստիպված են դիմակայել ոչ միայն ազերիների, այլև թուրք ցեղասպանների և թուրքերի կողմից հովանավորվող ահաբեկչական ուժերի արհավիրքին: Այլևս փաստ է, որ Թուրքիան ոչ միայն այս պատերազմի վերսկսման հիմնական նախաձեռնողն ու հովանավորն է, այլև անմիջական մասնակիցն ու գաղափարակիրը: Ինչպես իր հոդվածում նշում է թուրք լրա­գրող Ուզայ Բուլուտը. «Թուրքիայի նախագահն ադրբեջանցիներին ասել է. «Թող ձեր Ղազվա»-ն օրհնվի: Ղազվան իսլամում նշանակում է պայքար կամ հարձակում ոչ մուսուլմանների դեմ՝ մուսուլմանական տարածքն ընդլայնելու և ոչ մուսուլմաններին մահմեդական դարձնելու նպատակով: Այդպիսով, Էրդողանը բացահայտ հայտարարել է, որ հայկական տարածքի վրա հարձակումները ջիհադ են»: Աշխարհի շատ երկրների քաղաքական գործիչներ, հումանիտար առաքելություն որդեգրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշվի առնելով նորահայտ սուլթանիկի՝ Էրդողանի արկածախնդիր վարքն ու հիվանդագին ուղեղի ռազմատենչ նկրտումները, զգուշացնում են, որ նրա կողմից հայտարարված ջիհադը չի սահմանափակվելու Արցախ-Հայաստան աշխարհագրությամբ և ձգտելու է ընդարձակվել դեպի Օսմանյան կայսրության նախկին սահմանները, ինչն արդեն գլոբալ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ: Այդուհանդերձ, վտանգի շնչառությունը զգալով, սահմանափակվում են սոսկ դատապարտող հայտարարություններ անելով, առանց իրական գործողությունների: Նրանց և իրենց իշխանությունների անվճռականությունն ու երկմտանքն է, որ թույլ է տալիս Էրդողանին, անպատժելիության մանդատ ունեցողի կարգավիճակ ստանձնելով, մարդկության դեմ իր հանցագործ և ծավալապաշտական մտահղացումներն իրականացնելու փորձեր անել: Ինչ-որ առումով պատմությունը կրկնվում է: 1920-ին, երբ Թուրքիան շարունակում էր հայերի բնաջնջման քաղաքականությունը, կրկին աշխարհի շատ անկյուններում հայերը բողոքի ցույցեր էին կազմակերպում, քաղաքակիրթ երկրները հանդես էին գալիս պախարակող հայտարարություններով, մինչդեռ հայերը՝ իրենց գոյության համար պայքարում, կրկին միայնակ էին և միայն իրենց միասնականության և անձնազոհության շնորհիվ կարողացան թուրք զավթիչներին դիմակայել ու հաղթել: Պարզվում է, արդարություն կոչվածն ավելին չէ, քան կավե գունդը, որին յուրաքանչյուրը՝ ինչ-ինչ շահերից ելնելով, փորձում է իր ուզած ձևը տալ: Եվրոպայի՝ իրենց ժողովրդավար հայտարարած պետությունները մի հոգու թունավորման առիթով միանգամից որոշեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, իսկ մի ամբողջ ժողովրդի իրական բնաջնջման պարագայում՝ սահմանափակվել ընդամենը անատամ հայտարարություններով: Տեղին է Վլադիմիր Սոլովյովի մեկնաբանությունը. «Մեծն հայ ժողովուրդը ամեն ինչ տվել է աշխարհին, որ այսօր միայնակ մնա՞: Զարմանում ես, թե ո՞վ է հորինել ժամանակակից քաղաքականությունը, արժեքները: Որտե՞ղ են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող երկրները: Բա իրենք ո՞ւմ իրավունքներով են զբաղվում: Երեխաներ և խաղաղ բնակիչներ են զոհվում Ստեփանակերտում: Եկեղեցի են ռմբակոծում: Հարձակվում են քրիստոնյա մշակույթի վրա: Բայց ծպտուն չկա: Այս ամենը ցույց է տալիս ժամանակակից արժեքների սնանկությունը»: Անգամ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը՝ «եղբայր» Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար, միայն վերջին շրջանում, երբ ահաբեկիչները հայտնվեցին իր տարածքում, կարողացավ գնահատել Ռուսաստանի համար վտանգի իրական չափը և ինչ-ինչ գործողություններ ձեռնարկել: Իսկ որ ահաբեկիչները Ադրբեջանից էին թափանցել այդ երկիր, ոչ մի կասկած, քանի որ պանդեմիայով պայմանավորված, փակ են Ռուսաստանի սահմանները: Մյուս կողմից, չհարգելով Պուտինի նախաձեռնությամբ եռակողմ հրադադարի մասին պայմանավորվածությունը, ազերիների ռազմական գործողությունները՝ քաղաքական իմաստով, փաստացի արհամարհանքի դրսևորումներ էին Ռուսաստանի նկատմամբ: Բաքուն, բնականաբար Թուրքիայի հորդորով, իր այդ վարքով կասկածի տակ դրեց ոչ միայն հրադադարը, այլև ՌԴ ռազմաքաղաքական կշիռը Կովկասում, ինչը Պուտինը չէր կարող ներել: Այժմ ռուսները ամենաբարձր մակարդակներով և բոլոր միջոցներով ջանում են հրադադարի պայմանավորվածությունն իրականացնել, միաժամանակ հակամարտության կարգավորման նոր ուղիներ փնտրել: Իսկ մարտերը շարունակվում են: Փորձված բան է՝ թուրքերը որևէ տեղ հայտնվելով, արմատավորվում և չեն փորձում հեռանալ, ինչը կնշանակի, որ Անդրկովկասն այլևս նույնը չէ, և որ Թուրքիան հիմնավորապես փոխել է խաղի կանոնները: Սակայն անկախ պատերազմական գործողությունների ընթացքից, մենք նահանջելու տեղ և հաղթանակից բացի այլընտրանք չունենք: Ազերիների համար պատերազմը ընդամենը անիմաստ և արկածախնդիր հավակնությունների բավարարման թատերաբեմ է, հայերի պայքարը` գոյության իրավունքի հրամայական, ինչն էլ հաղթանակի ամենամեծ գրավականն է: Եվ անպայման հաղթելու ենք: Եթե ներկայիս պատերազմը ասպետների պատերազմ չես որակի, միևնույն է, ամենաժամանակակից զենքերն անգամ անկարող են ապրելու ցանկության պատնեշը հաղթահարել, հայի ոգու ուժին դիմակայել: Ապացույցը ռազմաճակատի առաջնագծում մեր զինվորների հաղթանակի հավատն է, որոնցից յուրաքանչյուրն իր հերոսությամբ պատմություն է կերտում: «Ղարաբաղն իմ պրոբլեմն է, Ղարաբաղն իմ հողն է, Ղարաբաղից չի կարելի հրաժարվել,- ժամանակին արձանագրել է Հրանտ Մաթևոսյանը,- եթե նույնիսկ թուրքի հետևում ով ասես կանգնած լինի, եթե նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այսպես, մնացածը ինձ համար անընդունելի տարբերակներ են»:
Ուրեմն՝ փա՛ռք մեր զինվորներին, մեր նահատակված հերոսներին, որովհետև.
Նրանք, ովքեր ընկան,
լեռները նրանց ասացին` դուք չեք զոհվել,
դուք չեք կարող զոհվել`
մենք ձեր ոտքերը կլինենք,
թռչուններն ասացին՝ վերցրեք մեր թևերը`
հաղթանակը թռիչքի մեջ է ծնվում,
և գետերն իրենց ընթացքը
նրանց երակների միջով շարունակեցին`
նրանց երազների վրայից մաքրելով
մահվան հետքերը…
Եվ ապրողների հետ
թշնամու դեմ են նաև ընկածները…

Հ.Գ. Նյութն ավարտում էի, երբ նոր մարդասիրական հրադադարի լուրը տարածվեց: Սակայն ազերիները, հայտարարությունից ընդամենը մի քանի րոպե անց, վերսկսել են ռազմական գործողությունները: Սա է թուրքը՝ ուխտադրուժ, ցինիկ ու անասնակերպ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։