ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԷՖԵԿՏԸ / Սամվել Կոսյան

Թուրքիային առնչվող զարմանալի իրողություններ են կատարվում, որոնք գլոբալ առումով կարող են աննշան թվալ, սակայն լուրջ ազդակներ են Թուրքիայի ապագայի տեսլականում: Թուրքիայում շատ խնդիրների հետ հիստերիայի նորանոր առիթների պատճառ են դարձել Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցներում պատմության դասագրքերում զետեղված պատմական քարտեզները: Այդ դասագրքերում Վանը, Մուշը և Էրզրումը նշված են որպես Հայաստանի տարածք, դրանից հարավ ընկած հատվածը` Քուրդիսատան, իսկ ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքը` Պոնտոս: Ինչպես հայտարարել է Կոսովոյի գիտության և տեխնոլոգիաների նախարարության թուրքալեզու կրթության բաժնի ղեկավար Ֆերդի Կովաչը, գրքերը հրապարակվել և ուղարկվել են Ալբանիայից: Կատարվածը թյուրիմացությո՞ւն է, թե՞ երրորդ ուժի թելադրանք: Միանշանակ է, որ Հայկական հարցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ամենաշահարկվող կռվաններից է, ինչն էլ ստիպում է ավելի հաճախ այն գործի դնել: Դիպվածը թերևս արտառոց չլիներ, եթե դասագրքերը կազմված և տպագրված լինեին որևէ քրիստոնյա երկրում: Սակայն Ալբանիայի պարագայում խնդիրը բոլորովին այլ երանգով է ներկայանում, հաշվի առնելով վերջերս հաճախակի դարձած Թուրքիայի հնարավոր մասնատման գուշակումները, որոնց հիմնական հենքը քրդական գործոնն է: Եվ եթե աննախադեպ է այլոց ինքնորոշման և ազատամտության նկրտումները յաթաղանով ու բռնությամբ լուծելու թուրքական փորձառությունը, ապա համարյա անհնարին է թվում նրանց պայքարը պատմական ճշմարտության ու մարդկային հիշողության դեմ: Սրանով պիտի պայմանավորել, որ պատմական ամենափոքր հիշատակումն իսկ, նման յուրաքանչյուր միջադեպ այստեղ իրարանցում է առաջացնում: Պատմական հայկական Անի քաղաք այցելած թուրք ուսանողները Անիի հայտնի ավերակների տարածքում գտնվելիս միջազգային GSM թվային բջջային տեխնոլոգիաների ստանդարտի կողմից ստացել են «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրությունը: Այս մասին ահազանգել է Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի գրականության և պատմության ֆակուլտետի դասախոս, «Ցեղասպանության չհիմնավորված մեղադրանքների դեմ պայքարի» միության նախագահ Սավաշ Էյլիմեզը. «Այս օպերատորը (GSN) Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմաններում և, այդպիսով, իրականացրել է հայերի երազանքը: Այն պարագայում, երբ մենք տարիներ շարունակ մեր ամբողջ ուժով պայքարում ենք, որպեսզի պատմենք աշխարհին, թե ինչ անարդարության ենք ենթարկվում Հայկական խնդրի հարցում, մեր իսկ երկրում նման իրավիճակի հանդիպելը մեզ շատ տխրեցրել և զարմացրել է»,- ասել է Էյլիմեզը: Դժվար է գուշակել Թուրքիայում հետագա զարգացումների ընթացքը, և թե աշխարհաքաղաքական ինչ անկանխատեսելի փորձությունների է այս երկիրն առնչվելու: Անառարկելին այն է, որ իրավիճակով թելադրված հանգամանքները ստիպում և ստիպելու են նրան անընդհատ խմբագրել և վերաիմաստավորել իր ներքին և արտաքին քաղաքականության տրամաբանությունը, երբ ժխտողականության պատնեշները, արդարության և ճշմարտության ճնշումներից պաշտպանելու փոխարեն, ավելի են խորացնում Թուրքիայի մեկուսացումը՝ ստիպելով ելքը հակասությունների սարդոստայնում փնտրել: Հավանաբար հենց սահմանային փոփոխությունների մղձավանջն է Ռուսաստանի հետ սիրախաղի կնքահայր Էրդողանին դրդում խախտել սիրային խաղի կանոնները և հայտարարել, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի իրավասությունը: Էրդողանը միաժամանակ հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի Ուկրաինային աջակցություն տրամադրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում, ինչը, բնականաբար, հակասում է ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման ինտենսիվ գործընթացին: Առայժմ Ռուսաստանը չնկատելու է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններում առկա սուր անկյունները, միաժամանակ, դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցներով հասկացնելով, որ պետք չէ նախատեսվածից ավելին ակնկալել: «Մոսկվան չի շտապի Անկարայի համար վիզաների չեղարկման հարցում, դա հնարավոր չէ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում»,- հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպանը: Շնորհիվ իր արկածախնդիր քաղաքականության, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, դեռ շատ առիթներ է ունենալու բումերանգի էֆեկտը զգալու, քանզի նրա համար գնալով դժվարանալու է հավասարակշռություն պահել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Ֆրանսիայի նախկին նախագահ, 2017 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կդադարեցնի ԵՄ – Թուրքիա բանակցություններում Ֆրանսիայի մասնակցությունը: «Կարծում եմ, ժամանակն է ասելու Թուրքիային, որ նրա տեղը Ասիայում է»,- ասել է նա: Եվ սա դեռ սկիզբն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։