Եվ այսպես. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք հզոր տերությունները երեք անգամ փորձեցին Ադրբեջանին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, բայց… ապարդյուն։ Թուրքիայի ճնշմամբ վերջինս ոչ մի կերպ չի հրաժարվում հայոց պատմական Արցախին ուժով տիրանալու իր հավակնություններից՝ շարունակելով բառիս բուն իմաստով խաղալ կրակի հետ։ Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնալիքներ է տեղում ամբողջ աշխարհին՝ շաղ տալով «իսլամը թուրք է, թուրքը՝ իսլամ» նորովի փայլեցված կարգախոսը։ Քաղաքակիրթ աշխարհը կանգնած է իր իսկ (Արևմուտքի ձեռքով արդեն ո՛րերորդ անգամ) սնած, զինած ու աճեցրած հրեշի դեմ։ Ըստ էության, երեք զարկերը («անհապաղ» կրակը դադարեցնելու կոչերը) տրվել են, սակայն թշնամին պնդում է, թե դեռ կա, կենդանի է… Նշանակում է, եկել է իրեն թափ տալու ժամանակը… Եվ հենց այդ կոչն է, որ բարի կամքի տեր բոլոր ժողովուրդներն ու ողջ հայությունը սպասում են արդեն ոչ միայն Արցախի, այլև քաղաքակիրթ աշխարհի ճակատագրով շահագրգիռ հզոր տերություններից՝ ուղղված նորօրյա մեծ ու փոքր Մելիքներին։ Այլևս լավ ըմբռնելով, որ նրանք ա՛յլ լեզու չեն հասկանում, քանզի ինչպես հանճարեղ Հովհ. Թումանյանն էր մարգարեացել դեռ մեկ դար առաջ՝ «Բերանն արնոտ Մարդակերը էն անբան// Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան…»։ Իսկ այդ կոչը հնչեցնելուց հետո, վստահ եմ, նրանք կրկնելու են Սասունցի Դավթի երրորդ զարկը ճաշակած հայտնի Մելիքի ճակատագիրը.
…Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։
Հետո՞… հետո լինելու է այն, ինչ միշտ է եղել Արդարի, Ազատ կամքի, Հայրենի հողի և Սուրբ հավատի համար օրհասական մարտի ելած, հազարամյակների ճանապարհ անցած հայության դեմ զենք ու զրահով եկած հրեշի հետ՝ խուճապահար դառնալու է «եկած ճանապարհով»՝ պատմական Խրատը ականջներում, որ թե շարունակի «զենք ու զոռով» առաջ շարժվել մեր հայրենի հողում.
Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման…