Չգիտեմ, ում՝ ինչպես, անձամբ ինձ չի զարմացնում այն, ինչ կատարվեց և շարունակվում է Արցախում այսօր: Մինչդեռ զարմանքս այդպես էլ չի անցնում, թե ընչաքաղցության այդ ինչ անբուժելի բացիլով են վարակված եղել նորանկախ Հայաստանի և Արցախի ապաշնորհ մարմնավոր տերերը, որ այդպես էլ չհասկացան առաջին պատերազմում մեր հաղթանակը միջազգայնորեն ամրագրելու անհրաժեշտությունը: Ոչ միայն չհասկացան, այլև Հայաստանի դռները բացեցին իրենց բարեկամ-ընկեր-հարազատների առջև, և ահա ճակատագրական այս օրերին, երբեմնի 200-250 հազարանոց Արցախը հասել է 120 հազար բնակչության: Խոսքս, ակամա, զուգահեռներ է պահանջում:
Ահա դրանցից, թերևս, ամենացայտունը:
Սերբական դարավոր երկրամաս Կոսովոյում, բռնությամբ փոխելով ժողովրդագրական իրավիճակը, ալբանացիները ստեղծեցին իրենց երկրորդ պետությունը և հասան դրա միջազգային ճանաչմանը:
Իսկ մենք ժողովրդագրական խնդիր չենք ունեցել: Նոյի օրերից ի վեր մենք Արցախում բացարձակ մեծամասնություն ենք եղել բոլոր ժամանակներում և դասական պետություն ստեղծելով հանդերձ, չկարողացանք աշխարհի աչքերը բացել անառարկելի իրականության վրա: Այն աշխարհի, որ մեզ օկուպանտ կոչեց, այդպես էլ չհասկանալով, որ մարդ արարածը չի կարող իր տան օկուպանտը լինել: Այն աշխարհի, որ ողջունեց Ադրբեջանի հաղթանակը, այդպիսով մղելով նրան դիմելու նոր վայրագությունների, խրախուսելով նրա ռազմաշունչ հռետորաբանությունն ու ծավալապաշտական նկրտումները: Այդպես էլ այս աշխարհի հզորներից գոնե մեկը չգտնվեց, որ ոլորի ապշերոնյան բռնակալի ականջը: Եվ ահա այս խելապակասը հիմա էլ խոսում է ինչ-որ արևմտյան ադրբեջանի մասին, մոռացած, որ Ադրբեջան կոչվող տարածքն ինքը բուն պարսկական երկրամաս է ընդամենը:
Ծանր օրեր է ապրում Արցախը: Հազարավորներ հարկադրաբար լքում են հայրենի երկիրը: Օգնելով հանդերձ աղետյալներին, տարերային տեղահանության այս օրերին առավել, քան երբևէ, անհրաժեշտ են իմաստուն քայլեր, մշտապես հիշելով, որ երկիրը նրանն է, ով ապրում է այնտեղ: