Նորայր ԱԴԱԼՅԱՆ
Վերջին ամիսների մեր իրականության տխուր լուրերից մեկը վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը, որը եթե ի կատար ածվի, դամոկլյան սուր կլինի հայերիս գլխին: Խայտառակություն է: Երբ բնակիչը ժամանակին չի վճարում ծախսված էլեկտրաէներգիայի համար, նրա բնակարանի լույսը անջատում են: Հիմա, ըստ հավաստի տվյալների, էլեկտրաէներգիան տնօրինող իշխանավորները իրենց էլեկտրական պարտքերը, որ ամենայն հավանականությամբ վատնվել են կամ գողացվել, փորձում են ժողովրդի միջոցով ծածկել այդ անդունդը: Ինչո՞ւ: Ի՞նչ իրավունքով: Ի՞նչ բարոյականությամբ: Այս աստիճանի անբարոյականություն կլինի՞: Ես հույս ունեմ, որ սկսված այս աղետալի գործընթացը չի հասնի իր լրումին: Բայց եթե հասնի, դա նշանակում է բոլոր ասպարեզներում գների այնպիսի թանկացում, որ մեր ժողովուրդը չի կարողանա դրա տակից դուրս գալ իր չնչին աշխատավարձի ու թոշակի պատճառով, և նորից զարկ կտրվի արտագաղթին: Պետք է կանգ առնել: Առանց այն էլ այսօրվա վիճակով հայ մարդը հսկայական վճարումներ է անում էլեկտրաէներգիայի համար: Ելնելով իմ կենցաղային ճակատագրից՝ պիտի ասեմ, որ թանկացումը ինձ կկանգնեցնի անլուծելի հարցերի առջև: Եվ ես միայնակ չեմ: Տասնյակ հազարավոր մարդիկ, հայրենիքում ապրող հայ ժողովուրդը մի քայլ էլ կանի դեպի աղքատություն:
Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
Չի լինում մի ամիս, մեկ օր, որ մեր իշխանավորները ժողովրդին լարվածության, հոգեկան ցնցումների մեջ չպահեն. մե՛կ կուտակային կենսաթոշակ, մե՛կ ուղեվարձի թանկացում, հղի կանանց վճարների փոփոխում, սննդամթերքի ու դեղորայքի թանկացում, կարմիր կետագծեր… Հիմա էլ՝ էլեկտրաէներգիայի թանկացում:
Հասարակությունն այդպես էլ տրամաբանական ոչ մի հիմնավորում չլսեց, թե ինչու են թանկացնում էլեկտրաէներգիան: Ժողովուրդն իրավամբ ասում է՝ ուրիշների լափածի դիմաց ինչո՞ւ պետք է մենք վճարենք: Մինչդեռ, դատելով այդ ուրիշների նկատմամբ մեր որոշ իշխանավորների հաճկատար վերաբերմունքից, կասկած չի մնում, որ նրանք միասին են լափել տաշտակից: Գայլը գայլ է մնում՝ որ անտառից էլ որ լինի: Բայց մենք հո ոչխար չե՞նք, ինչքա՞ն կարելի է գայլային վերաբերմունք դրսևորել ժողովրդի հանդեպ: Ոչ թե դանակը, ոչ թե յաթաղանը, այլ այդ գայլերի ժանիքն է արդեն ժողովրդի ոսկորին հասել: Ժողովրդին համոզելու նոր ձև են հնարել՝ նախ հայտարարում են թանկացման մեծ թիվ, հետո, իբրև թե ընդառաջելով հասարակության պահանջին, կեղծ հայրենասեր ձևանալով, փոքրացնում են այդ թիվն ու նոր՝ նախկինի նկատմամբ, այնուամենայնիվ, բարձր գին են սահմանում: Չպետք է խաբվել: Ո՛չ մի լումայի թանկացում,- սա է մեր բոլորի արդարացի պահանջը:
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
Ասելու համար, թե ինչպես եմ վերաբերվում կոնկրետ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, նախ պիտի ասեմ, թե ինչ վերաբերմունք ունեմ ընդհանրապես իմ երկրում իշխանության, վերջինից ածանցյալ՝ ազդեցության այս կամ այն ոլորտին տիրապետող մոնոպոլ կազմակերպության՝ հանրության նկատմամբ հնարավոր բոլոր լծակներով ճնշում գործադրելու մարտավարությանը£ Ուրեմն և ասեմ.- այն դեպքում, երբ անհապաղ միջամտության կարիք կա կիսադատարկ Հայաստանում արտագաղթի վերջին՝ արդեն կործանարար ալիքը կանխելու համար բարելավման կամ արհեստական բեռի թոթափման համակողմանի ծրագիր մշակելու՝ վաղուց ի վեր ուշացած, հայ տեսակի վերջին «մոհիկաններինե իրենց երկրի վրա պահելու վերջին ճիգ որպես, դրան հակառակ մեր պատկան մարմինները նորանոր անակնկալներ են մատուցում, բարելավում ասվածը՝ լավ մտածված արտոնությունների փաթեթով վերապահելով միայն ու միայն իրենք իրենց£
Այս պատմության մեջ՝ ի դեմս ՀԷՑ-ի նյութական մսխումների, արդեն՝ աղմկոտ ու բացահայտ քննարկվող, մեր հանրության առջև ներկայանում է հայ մարդուն վերջնականապես թալանելու, ընկճելու և երկրից դուրս մղելու մի մասնավոր սցենար՝ առանցքում հար և նման արդեն փորձված նախորդներին£ Այո՛, ցավոք, իմ երկրում շարքային քաղաքացին, որ նաև մտավորականն է, գրողը, գիտնականը, արվեստագետն ու ուսուցիչը, վաղո՜ւց արդեն սոցիալական միջին վիճակից չքավորության սահմանը հատած, թեև՝ հայավարի արժանապատվորեն դիմադրող, այսօր՝ եթե ստիպված լինի անգամ 2,5 դրամով ավելի վճարել հոսանքի, դրանից էլ շղթայական հաջորդականությամբ բխող մի շարք ծառայությունների, հարամված հացի ու ջրի, ամեն-ամեն ինչի համար, կարելի է ասել՝ ստիպված պիտի լինի ամեն շաբաթ իր երակներից 500 գրամ արյուն վաճառել սև շուկայում£ Պատկերավոր է, չէ՞, որքան կների մարդու կենսական կորովը, ասենք՝ այդ հաճախականությամբ ու այդ չափաբաժնով արյուն կորցնելուն,- այլ հարց է, թե վատորակ սննդից, չի բացառվում անգամ՝ թերսնումից, տևական սթրեսներից ախտահարվածների արյունն արդյոք պահանջարկ կունենա՞… Իսկ զարմանալ պետք չէ, քանի որ գրեթե տարբերություն չկա՝ ցամաք երակների արյունի՞ց, թե՞ իր համեստագույն գրպանի չեղած պարունակից ստիպված պիտի լինի վճարել Հայաստանի քաղաքացին՝ իրեն պարտադրվող ուռճացրած հերթական ավանտյուրայի համար£ Մեկն է ուրեմն պատասխանս. սրա առաջն առնել է պետք, ինչպես որ ժամանակին հնարավոր եղավ տրանսպորտի վճարը թանկացնելու առաջն առնել… Եվ ընդհանրապես, մենք խոսելու, պահանջելու մեր իրավունքը չպետք է զիջենք, այլապես մեզ հարկադրաբար վտարում են արդեն Մեր Երկրից…
ՀՌԻՓՍԻՄԷ
Երբ վերադարձա Արևմտյան Հայաստանից, առաջինը հարևանուհուս` տիկին Ասյային հարցրեցի, թե ինչ որոշում են կայացրել էներգիայի սակագների վերաբերյալ: Պարզվեց, որ խնդիրը դեռևս լուծված չէ… Կարոտել էի քաղաքը ու դուրս եկա տանից: Տաք հացի ծավալվող բույրը ստիպեց ինձ խանութ մտնել: Նիհարավուն թոշակառու տղամարդը վաճառողուհուն ասում էր.
– Էնպիսի հաց տվեք, որ կշտացնի…
Մի՞թե չպիտի մտահոգվեն մեր ղեկավար այրերը, երբ Երկիրը դառնում է ծերերի բնակավայր, իսկ արտագաղթը նման պարագայում անդատապարտելի է: Ո՞վ ասաց, որ աշխատունակը միշտ իր ձեռափը պիտի խփի մեխին: Այսօրիս եկեղեցաշինության մոդայիկ մոլուցքը ամենևին էլ գթասրտություն չէ և ոչ էլ թողության քարաշեն: Մարդիկ էլի ուխտի են գնալու խարխլված, մամռապատ եկեղեցիներ, որոնք ավելի զորավոր են, քանզի շաղախում Սերն է…
Մեր պետական այրերը աչքակապերով են: Չեն ուզում տեսնել, ու վերջ… Անցել են գեղեցիկ, պաթետիկ, բարձրագոչ ճառաբանության օրերը: Բառը արժեզուրկ է: Լավատեսությունը սպառել է ինքն իրեն: Մնում է պայքարի ոգին, որը կամաց-կամաց սկսում է արթնանալ, երբ արհավիրք է:
Մութը սպառնալիք է: Էլեկտրաէներգիայի ուռճացող սակագինը` համբերության բաժակը լցնող վերջին կաթիլները: Հիշեցի մի ասույթ. «Հոգնած մեր վիճակին ինչպե՞ս շալակենք սատկած կատունե: Հոսանքի թանկացումը իր հետ կբերի նաև ուրիշ հավելավճարներ, և չքավորության թուխսը կսկսի նոր ճտեր հանել:
Պայքարելո՛ւ ենք…
Գագիկ ԴԱՎԹՅԱՆ
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որևէ հիմնավորում կամ պատճառ տարրական տրամաբանության սահմաններում չի տեղավորվում: Հիմնավորումները աբսուրդի ասպարեզից են, իսկ պատճառը մեկն է՝ մեր տարօրինակ անտարբերությունը: Որքան վատացավ մեր կյանքի որակը, դրանից բխող ժողովրդագրական աղետալի հետևանքներով, այնքան ավելի ամրացավ մեր գիտակցության մեջ արատավոր այն մտայնությունը, թե՝ «սենց էլ որ մնա՝ լավ աե:
Խոսում են անարդյունավետ կառավարման, չարաշահումների, գողությունների մասին և չեն ասում, թե ո՞րն է իմ՝ շարքային քաղաքացուս մեղքը այդ ամենի մեջ: Ես, որ բարեխղճորեն վճարել եմ իմ ծախսած հոսանքի դիմաց, ինչո՞ւ պիտի հիմա էլ հատուցեմ գողերի և ապաշնորհ կառավարիչների փոխարեն:
Այդ ինչպե՞ս է պատահում, որ ատոմակայան ունեցող, 7 դրամ ինքնարժեքով էլէներգիա արտադրող երկրում սակագինը բարձրանում է տարեցտարի, իսկ հարևան Վրաստանում, որ մեզանից է գնում հոսանքը, գինը չի փոխվում տարիներ շարունակ: Ես չգիտեմ, թե այնտեղ ինչպես են դա անում, բայց դուք հո պարտավո՞ր եք իմանալ: Չգիտեք, գնացեք սովորե՛ք և հանգի՛ստ թողեք մեզ:
Վահե ԱՐՍԵՆ
Հոսանքի թանկացումը, այսինքն` առաջին անհրաժեշտության առանց այդ էլ բավական թանկ ապրանքների համատարած թանկացումը, նման է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոե հանրահայտ ստեղծագործության մեջ պարոն Լիմոնի հայտնագործություններին: Սա լուրջ գիտափորձ է, որով չափում են մարդկանց անսպառ համբերությունը, և եթե երկար պոմպ-կնճիթդ խրված չէ ՀՀ նույնպես անսպառ բյուջեի անհատնում տակերը, ապա այդ փորձի համար լիարժեք նմուշ կարող ես համարվել և միաժամանակ ուրախանալ, որ պետության առաջ ծառացած անվերջանալի պարտքդ կարող ես մասամբ մարել` փորձի ակտիվ մասնակիցը դառնալով: Ուրեմն, մնում է լռես, ապահովության համար սոսնձաժապավենով փակես բերանդ և անձայն ուրախանաս, որ օդաչափիչներ առայժմ չեն տեղադրվելու, և կարելի է լիարժեք շունչ քաշել օպերայի հարակից կաֆեաձև զբոսայգում և հետևել ՀԷՑ-ի, ՄԷՑ-ի, ԲԷՑ-ի ու առավել ԲԷՑԵՐԻ կողմից ժողովրդի հարստահարման լրահոսին, իհարկե եթե հեռախոսիդ մեջ ինտերնետ ունես… բայց անկախ ամենից, իսկական հայրենասեր քաղաքացին առանց աքացի ստանալու էլ պարտավոր է ինքնուրույն և հոժարակամ մարել ՀԷՑ-ի, ՄԷՑ-ի ու, իհարկե, առավել ևս ԲԷՑԵՐԻ կուտակած պարտքերը, քանի որ դրանք մեր ՀԷՑԵՐՆ ու ԲԷՑԵՐՆ են. հենց այստեղ էլ հիշում ես ճիճվի, կղանքի և հայրենիքի մասին հանրահայտ անեկդոտը և խորապես գիտակցում, որ Երկիրդ ամբողջովին հենվել է քո անկոտրում ուսերին…