Գյումրու ժամանակակից պոեզիան, իր ուրույն արտահայտչամիջոցներով ներկայացնելով աշխարհի հարազատ ու օտար ձայները, ունի մի շատ կարևոր առանձնահատկություն: Բանաստեղծն այստեղ ոչ թե բնության, այլ բնության տարերքի երգիչն է: Նա դառնում է այդ տարերքի մի մասը և կարծես իրենով է լրացնում գույներով, բույրերով, շարժերով խիստ ու ժլատ բնության գեղեցկությունը: Գյումրիում ստեղծագործող լավագույն պոետները բոլորն էլ բառաշինարար են: Մեկին ավելի շատ, մեկին ավելի քիչ, բայց տրվել է հարկ եղած դեպքում առանց վարանելու մեր իմացած բառերից նոր բառեր հյուսելու շնորհքը: Թե ինչո՞ւ է եղած բառամթերքն այսպես նեղում բանաստեղծներին, կարծում եմ՝ դարձյալ բնության խստությունն է «մեղավորը»: Գյումրիի գետինը, որ խախուտ հիմք է նյութեղեն կառույցների համար, էներգետիկ հզորություն ունի հոգևոր առումով, որին տիրապետելու, սանձելու և արվեստի վերածելու համար մեծ ուժ է պետք: Հենց այս ուժն է նաև, որ ընդհանուր է գյումրեցի բանաստեղծների համար:
Այլաբերությունների, այլաբանությունների, շրջասությունների առումով գյումրեցի բանաստեղծները հասնում են անմրցելի արագության և անհավանական թվացող համադրությունների, ինչի միջոցով, խոսքը չափազանց քիչ տարածք զբաղեցնելով, կրում է 21-րդ դարի հարահոսի դինամիկան: Նույն ժամանակ, նույն կյանքով ապրող այս անհատականությունները չեն լքում իրենց աղետյալ քաղաքը կամ հեռանում են, ինչպես Ղևոնդը հեռացավ:
Պատկերավորման միջոցները Գյումրու էներգետիկ հորձանուտում երկաստիճան, եռաստիճան և անգամ բազմաստիճան բնույթ են կրում Գագիկ Սարոյանի և Ռոզա Հովհաննիսյանի սեղմ տողերում:
Գյումրու բանաստեղծներից գրեթե բոլորն էլ ցավը տանում են տոկունությամբ, թեև չկա մեկը, որ չունենա Գյումրու չսպիացող, արնածոր վերքերից գոնե մի քանիսն իր մաշկի վրա ու մաշկի տակ: Ասվածի ամենավառ վկայությունը Հրանուշն է, որ հաշմանդամի սայլակին գամված, կարողանում է հոգու լույս արարել: Արվեստում նա ոչ միայն հեռու է հոռետեսությունից, այլև առաջընթացի մեջ է, միշտ պատրաստ թռիչքի:
Բնությունն ու բանաստեղծը միաձույլ են Գյումրիում:
Այս գարնան առաջին անձրևը/Եվ բանաստեղծը կիսավեր ու տխուր այս քաղաքի/Կեսգիշերին սիրում են իրար,/Եվ ամայի փողոցները նրանց սիրո վկաներն են:
Սերգեյ Վարոսյանի բանաստեղծության տողերն են սրանք:
Ահա ապրած և չապրած սիրո վայելքն ու ափսոսանքը բանաստեղծի տողերում.
Դու կրակներդ ես անվերջ խառնում,/Ես՝ մոխիրները իմ գոյության,/Անհասանելին բոցավառվում,/Կերպ է ստանում, նաև՝ ձայն:/…………/Որոնում էին դեռ շատ առաջ/Ու չէին կարող իրար գտնել/Քո առավոտը աղավնաչք,/Ու իմ երեկոն այս մոխրաթև:/Մինչդեռ դու ահա լռում ես, կաս,/Թափվում ես կյանքիս լուսանցքներից,/Անհասանելին՝ շուռ եկած թաս/Պահում է իր տակ քո սերն ու ինձ: (Անդրանիկ Կարապետյան):
Ժամանակակից հայ պոեզիայի ներկան (Հատվածներ լիանիստի ելույթներից) / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
