«ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԴԱՌՆԱՄ» / Սամվել ԿՈՍՅԱՆ

«Գերմանիայի Բունդեսթագը պատմական քվեարկությամբ ցեղասպանություն է ճանաչել 1915 թ. օսմանյան օկուպանտների կողմից հայերի կոտորածները»,- գրում է Evronevs-ը: «Գերմանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է խորհրդանշական, բայց և բացառիկ բանաձև` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածները որակելով Ցեղասպանություն»,- ներկայացնում է The New York-ը: Բունդեսթագի քվեարկությանն անդրադարձել են բազմաթիվ այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, մասնավորապես շեշտելով, որ Բունդեսթագի կողմից բանաձևն ընդունվել է այն պահին, երբ Թուրքիայի աջակցությունն անհրաժեշտ է ներգաղթյալների հոսքը կառավարելու համար: Բանն այն է, որ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, Թուրքիան հենց Գերմանիայից նման հարված չէր սպասում: Եվ խնդիրը միայն փախստականների վերաբերյալ երկուստեք կնքված համաձայնագրի վտանգված լինելը չէ: Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր: Ինչպես նշված է բանաձևում, «Օսմանյան կայսրության հիմնական դաշնակից Գերմանիան թուրքերի կողմից հայերի դեմ կազմակերպված տեղահանության ու բնաջնջման առնչությամբ գերմանացի դիվանագետների ու միսիոներների միջոցով հստակ տեղեկություն ուներ, սակայն մարդկության դեմ այդ հանցագործությունը կանխելու փորձ չարեց` դրանով իսկ ամոթալի դերակատարություն ունենալով»: Բացի այդ, թուրքական բանակում և նավատորմում զգալի թվով գերմանացի ռազմական խորհրդատուներ են եղել: Գերմանիան կարող էր ազդեցություն գործել թուրքական քաղաքականության վրա, սակայն փորձ իսկ չի արել, և դրանով, թեկուզև անուղղակի, ինքն էլ է պատասխանատվություն կրում: Այս ամենը հիմք էին տալիս թուրքերին բարենպաստ դիրքորոշում ակնկալել, սակայն չնայած սպառնալիքներին ու բազմաթիվ խանգարող հանգամանքների, գերմանացիները կարողացան ուժ գտնել առաջին հերթին հաղթահարելու իրենց ներսում արմատավորված կարծրատիպերը: Բունդեսթագի ընդունած բանաձևը ոչ միայն տուրք էր արդարությանը, այլև ինքնամաքրվելու հիանալի հնարավորություն, սեփական պատմությանն առերեսվելու պատասխանատվության կամային դրսևորում: Սա ոչ այնքան հայերի, որքան գերմանացիների հաղթանակն էր: Deutshe Welle գերմանական պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Կուդաշևի կարծիքով, «որևէ սխալ բան չկա, որ խորհրդարանականները խորհրդանշական բանաձևով հայ ժողովրդի ցեղասպանությունը «Ցեղասպանություն» են անվանել: Ըմբռնել, որ այդ ցեղասպանությունն իրենց պատմության մի մասն է, սրա հետ թուրքերը պետք է հաշտվեն: Գերմանիան իր անցյալին առերեսվելու առումով կարող է օրինակ ծառայել, սակայն յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է գա այդ ըմբռնմանը»: Յուրաքանչյուրը, միայն ոչ Թուրքիան: Նորանշանակ վարչապետ Բիհալի Յըլդըրըմը, մեկնաբանելով ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևը, հայտարարել է, որ «1915 թվականին Առաջին աշխարհամարտի պայմաններում տեղի ունեցածը շարքային իրադարձություն է, որը կարող էր պատահել բոլոր ազգերի հետ, բոլոր երկրներում», բայց, չգիտես ինչու, ոչ երբեք թուրքերի հետ և, չգիտես ինչու, անպայմանորեն իրականացված թուրքերի կողմից:
Ըստ թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանի՝ «քանի դեռ թուրքական պետությունը շարունակում է ջայլամի քաղաքականությունը, միջազգային հանրության կողմից ծեծն ավելանալու և խստանալու է», ապա շարունակում է. «Սկզբում ասում էին մենք հայերին չենք սպանել, այդ նրանք են մեզ սպանել, այժմ ասում են` կռիվ է եղել: Այդ ժխտումները մեր երկիրը խայտառակում են: Ես ինչո՞ւ պիտի երիտթուրքերի սպանությունների պաշտպանը դառնամ»: Դժվար է թուրք պրոֆեսորի հարցի պատասխանը գտնել, ինչ վերաբերում է թուրք-գերմանական ապագա հարաբերություններին, ապա Բունդեսթագի որոշումից հետո տեսանելին թուրքական արդեն ծանոթ ջղաձգումներն են, որոնք ավելի ուղղված են ներքին լսարանին, քանի որ Գերմանիայի դեմ Թուրքիան անզոր է առավել կտրուկ քայլերի դիմելու: Միայն այն, որ նախորդ տարվա առևտրաշրջանառությունն այս երկրների միջև հասել է 36.8 մլրդ եվրոյի, արդեն իսկ խոսուն է: Թուրքիայում 6500 գերմանական կամ գերմանական կապիտալով ընկերություն է գործում: Պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետը շտապել է հայտարարել, թե «ոչ ոք թող չսպասի, որ այս և նման որոշումներով Գերմանիայի հետ մեր հարաբերություններն ամբողջապես վատանալու են: Բայց դա չի նշանակում, որ մենք հետևողական չենք լինելու»: Հետևողականությունն ավելի կսազեր միջազգային հանրությանը: Փիլիսոփայության պրոֆեսոր Ջեյսոն Թուոերը կարծում է, որ Ցեղասպանության ճանաչմանը պետք է հաջորդեն պատժամիջոցները. «Որովհետև կարևոր էր ոչ այնքան Բունդեսթագի որոշումը, որքան պատժամիջոցների կիրառումը: Եթե այս ամենը չլինի, չեմ կարծում, թե երբևէ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, որովհետև թուրքական պետությունը կառուցվել է Ցեղասպանության վրա»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։