Արևշատ ԱՎԱԳՅԱՆ
Սահմանադրական օրինականության ճանապարհով
Ճգնաժամային պահի վիճակից ելնելով` ԱՅՈ եմ ասում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացմանը: Իր հիմնա- դրման օրվանից մինչև օրս մեր Սահմանադրական դատարանը եղել է ձևական կառույց, որը, կարծում եմ, շատ թանկ է նստել մեր պետության վրա: Քաղաքի կենտրոնում ունենալով նման կառույց, հրաշալի մի շենք մարշալ Բաղրամյան պողոտայում` մենք ունեցել ենք օրինականությունների չարաշահումների հանդեպ անտարբեր, իշխանությունների համար հաճոյակատար մի մարմին, որի գործունեությունը չի բխել մեր արդարամիտ ու ազատասեր ժողովրդին ծառայելու՝ իրեն տրված սահմանադրական իրավունքից: Ես չեմ հիշում որևէ դեպք, որ Սահմանադրական դատարանը վճռական պահին կանգնած լինի արդարամիտ հայ ժողովրդի կողքին, օգնի նրան ազատվելու կաշառակեր դատավորներից, իրավաբաններից, փաստաբաններից և իշխանական լծակների մոտ կանգնած այն մարդկանցից, ովքեր համակարգային սխալ ճանապարհով են տարել ամբողջ դատաիրավական համակարգը: Այսինքն՝ Սահմանադրական դատարանը չի եղել մեր ժողովրդի շահերը պաշտպանող, ազգային կառույցների գործունեությանը օգտակար լինող արդարամիտների կողքին, որոնք կարող էին ապահովել մեր երկրի առաջընթացը՝ մեր հոգևոր-մշակութային կյանքը տանելով օրինականության և բարեշրջման ճանապարհով: Տարիներ առաջ, երբ Ծաղկաձորում մտավորականներին հավաքեցին սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկելու, ես այնտեղ ելույթ ունեցա և արեցի իմ առաջարկությունները՝ դեմ կանգնելով այդ փոփոխություններին: Թե ինչ եղավ հետո, այսօր արդեն հայտնի է: Մտավորականներս բողոքում ենք, խոսում ենք արդարամտության և օրինականության մասին, բայց օրենսդիրները, իրավաբանները, մեզ հայտնի չարաշահումների պատճառով, երկիրը ներքաշել էին կաշառակերության, կոռուպցիայի ճահճուտը: Սահմանադրական դատարանի կարևորությունը ոչ ոք չի ժխտել, բայց մինչև հիմա ոչ ոք չի զգացել նրա կարևոր դերակատարումը ընտրակեղծիքների, չարաշահումների, հանցագործությունների դեմ պայքարում: Սահմանադրական դատարանի` բարձր չափանիշներով վճռականությունը ոչ ոք չի զգացել: Ավելորդ ծախսեր, ավելորդ վերաբերմունք, ավելորդ իրավունքներ: Նույնիսկ նրա իրավունքներն ավելի բարձր են դասվել Ազգային ժողովի որոշումներից՝ նրան տալով գերակա իրավունքներ, որոնք երբեք չեն բխել ժողովրդի շահերից: Դրա համար ես առաջարկում եմ առհասարակ փոխել այդ Սահմանադրական դատարանի ամբողջ կազմը և ընտրել նոր Սահմանադրական դատարան: Այս հարցը կարելի էր լուծել նաև Թավշյա հեղափոխության հանրահավաքների ձևաչափով՝ խուսափելով ավելորդ ծախսերից և հնարավոր կաշառքանման առաջարկներից ու խոստումներից: Հանրաքվեից հետո ամեն ինչ պետք է փոխել, բարեշրջել, ժողովրդական, արդար զարթոնքը պետք է գնա իսկապե՛ս սահմանադրական ճշմարտության եղանակով, մեր ազգի, ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքի արդարության և արդարամտության ճանապարհով: Եվ հավատանք, որ հանրաքվեից հետո ընտրվող մեր նոր Սահմանադրական դատարանը պետք է լինի արդարության, ճշմարտության և օրինականության գլխավոր օջախը:
Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այո՞, թե՞ ոչ
Մենք մեր բաժին «ոչ»-ը արդեն ասել ենք: «Այո»-ն փոփոխությունների այն ակնկալիքն է, որի համար բոլորս ոտքի ելանք: Եթե փոփոխության չէինք ձգտելու, ուրեմն մինչ այս եղածն էլ ավելորդ էր. ո՞ւմ է պետք հեղափոխությունը, եթե ամեն ինչ պիտի մնա նույնությամբ: «Այո»-ն այսօր մեր շանսն է նորմալ երկիր ու կյանք կառուցելու, և մենք պետք է բաց չթողնենք այն:
ԲԱԿՈՒՐ
ԱՅՈ՛, թե… Ո՛Չ
Անհրաժեշտ եմ համարում ցանկացած կարևոր հարց հանրաքվեով լուծելու մշակույթի մուտքը Հայաստանի Հանրապետություն: Դա է դեպի ժողովրդավար երկիր, դեպի առաջընթաց տանող ճանապարհը: Հանրաքվեի միջոցով հանրությունը մասնակից է դառնում երկրի կառավարմանը: Անհրաժեշտ է այնպիսի համակարգ ստեղծել, որ նման քվեարկությունը սովորական երևույթ դառնա, մանավանդ, որ ժամանակակից տեխնոլոգիաները նման հնարավորություն են ընձեռում: Հանրաքվեի միջոցով ամենատարբեր հարցեր կարող են արագորեն լուծել համայնքները, բնակավայրերը, մարզերը:
Անսպասելի էր, որ ԱՅՈ-ի կողքին թափ կհավաքի և ՈՉ-ը: Սակայն դա բնական է: Մարդկությունը բազում անգամ է անցել լույս ու ստվերի, սև ու սպիտակի ընտրության միջով: Այժմ խնդրի լուծման երկու հակադիր կուսակցություններ ԱՅՈ-ի և ՈՉ-ի տեսքով ծառացել են հանրության առջև: Ես չեմ ուզում քննարկել խնդրի իրավական կողմը: Այն թողնում եմ օրենսդիրներին ու իրավագետներին: Երկու կողմերի փաստարկումները համոզիչ են թվում: Սակայն ԱՅՈ-ի թիկունքում երկու տարի առաջ սկիզբ առած ու ամենևին չավարտված Թավշյա հեղափոխությունն է` համատարած կոռուպցիայի, անարդարությունների դեմ անհաշտ պայքարով, ՈՉ-ի թիկունքում` իշխանությունից զրկված նախկին քաղաքա-տնտեսական վերնախավը, որը հույս է փայփայում, որ նույն թավիշով էլ կվերականգնի իր դիրքերը: Դիտարկումները ցույց են տալիս, որ հանրությունը ԱՅՈ՛ ասելով այս անգամ էլ նոր իշխանություններին շանս է տալիս, սպասելով ոչ միայն հանրային մտածելակերպի, այլև համապարփակ և իրական փոփոխությունների:
Այս ամենը ի նկատի ունենալով` ես ևս ասելու եմ ԱՅՈ՛:
Սամվել
ԿՈՍՅԱՆ
Ֆինլանդիան Սահմանադրական դատարան չունի: Սահմանա- դրական գործառույթներն իրականացնում է Ազգային ժողովի իրավական հանձնաժողովը: Եվ հազիվ թե որևէ մեկն այդ երկիրը պակաս ժողովրդավար համարի, կամ այնտեղ օրենքի գերակայությունը բացակայում է: Սա` իմիջիայլոց: Ամեն երկիր առաջնորդվում է կառավարման իր համակարգով, որի բաղկացուցիչներից մեկն էլ մեզանում Սահմանադրական դատարանն է: Թե որքանով է արդյունավետ այդ դատարանի գործունեությունը, իմ գնահատելու բանը չէ: Սակայն այսօր խնդիրներ են առաջացել, ինչի համար ստիպված ենք սահմանադրական փոփոխությունների գնալ և այդ նպատակով հանրաքվե անցկացնել: Ընդդիմադիր իրավապաշտպանները հանրաքվեն համարում են ապօրինի ու հակաիրավական` պատճառաբանելով, որ հանրաքվեի հարցերի սահմանադրականությունը նախ և առաջ Սահմանադրական դատարանը պիտի հաստատի: Թող ինձ ներեն այդ իրավաբանները, բայց նրանց հակադարձումն այլ բան է հուշում: Նույնն է, թե հանցագործի դատավճիռը ուղարկես հանցագործին, որպեսզի ինքը որոշի` պատիժն արդարացի՞ է, թե՞ ոչ: Մեր սահմանադրությամբ փաստված է, որ իշխանությունը ժողովրդինն է: Ասել կուզի, ժողովրդի կամքը գերակա է: Հանրաքվեն էլ ժողովրդի կամքի արտահայտման միջոցներից է: Նման դեպքում հակաօրինականությունից խոսելն առնվազն անտեղի է: Մյուս կողմից էլ, Թավշյա հեղափոխությունից հետո երկրում իրավիճակ է փոխվել, ինչը, բնականաբար, կառավարման բոլոր օղակների փոփոխություն ու թարմացում է ենթադրում: Հակառակ պարագայում նույնն է, թե տեխնոլոգիապես գերմշակված այսօրվա ավտոմեքենաները փորձես «Ժիգուլիի» ավտոմասերով աշխատեցնել: «ՈՉ»-ի կողմնակիցները հենց դա են փորձում անել և այդ գործողությունը պաշտպանել, մի խոսքով, երեք լիտրանոցը երկուսի մեջ տեղավորել: Ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքները ցույց կտան, թե նրանց համառությունը որքանով է իրատեսական: Ու թեև արտաքնապես քարոզարշավ չեն անցկացնում, սակայն այլևայլ միջոցներով փորձում են ժողովրդի կամարտահայտման իրավունքը սահմանափակել ու ձախողել, և բացառված չէ, որ սադրանքների էլ գնան: Սադրանքներից մեկն էլ կարող է այն լինել, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու վեց դատավորները որոշեն հանրաքվեից մեկ կամ երկու օր առաջ հրաժարական տալ: «ԱՅՈ»-ի կողմնակիցները նաև այս մասին պետք է մտածեն: