Ավարտվեց երիտասարդ գրողների հերթական, արդեն երրորդ փառատոնը Հայաստանում, որին մասնակցում էին գրողներ Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից: Փառատոնը, մամուլի և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալության աջակցությամբ, կազմակերպվել է Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի հիմնադրամի կողմից Ռուսաստանի գրական ամսագրերի հետ համատեղ, Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության, Հայաստանի գրողների միության և «Литературная Армения» հանդեսի մասնակցությամբ: Փառատոնը տեղի ունեցավ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը: Այն համակարգում էր գրող-լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը: Միջոցառման տեղեկատվական հովանավորներն էին «Армения туристическая» ամսագիրն ու «Литературный улей» պորտալը:
Փառատոնին մասնակից 18 երիտասարդ հեղինակները հրավեր էին ստացել մրցույթի արդյունքների հիման վրա, ներկա էին նաև երիտասարդ քննադատներ, արձակագիրներ, թարգմանիչներ Ռուսաստանից` Լիպկաներում երիտասարդ գրողների համաժողովի մասնակիցներ` Ալիսա Գանիևա, Եվգենյա Կորոբկովա, Իգոր Դուարդովիչ, Ռոման Ռուբանով: Վարպետության դասերն անցկացրին բանաստեղծ և դրամատուրգ Ելենա Իսաևան, «Дружба народов» ամսագրի գլխավոր խմբագիր, գրող Ալեքսանդր Էբանոիձեն, բանաստեղծուհի Մարիա Ֆարգին, «Иностранная литература» ամսագրի գլխավոր խմբագիր, թարգմանիչ Ալեքսանդր Լիվերգանտը:
Փառատոնի մասնակիցները, վարպետության դասերից բացի, այցելեցին Հայաստանի մշակութային ու պատմական տարբեր վայրեր, ելույթ ունեցան Գյումրու Ռուսական գրքի տանը՝ «Виктория» ակումբի աջակցությամբ, Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում, հյուրընկալվեցին մի շարք խմբագրություններում: Վարպետության դաս անցկացրեց գրող Վրեժ Կիրակոսյանը: Կազմակերպվեց Կլոր սեղան` նվիրված ռուսաց լեզվին ու թարգմանական խնդիրներին, Ալեքսանդր Լիվերգանտը հանդես եկավ «Ռուսերենը որպես մշակութային միջնորդ» բանախոսությամբ: СЭИП հիմնադրամի կողմից հրատարակչական ծրագրերի շրջանակներում, տպագրված գրքեր փոխանցվեցին ՀԳՄ-ի, Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան, МКЦД «Մոսկվայի տան» գրադարաններին:
Փառատոնի հիմնական խնդիրներն են` Հայաստանում ռուսաց լեզվի թարգմանական դպրոցի զարգացում և գրական գործընթացին աջակցություն, գրականության մեջ նոր անունների հայտնաբերում, ժամանակակից ռուս և հայ գրականությունների առաջընթացի ու գրական կապերի ամրապնդում:
Փառատոնի փակման արարողությանը վարպետության դասերի ղեկավարները նշեցին լավագույն ստեղծագործությունների հեղինակներին և երաշխավորագիր հանձնեցին հիմնադրամի հրատարակչություններում տպագրվելու համար: Նախորդ փառատոնի արդյունքների հիման վրա «Նոր գրողներ» ժողովածուում ընդգրկվել է յոթ գրող Հայաստանից, այդ թվում` նաև Արցախից: