Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հաստատելու է կամ չի հաստատելու անցումը երկրի կառավարման նախագահական համակարգին: Քարոզարշավի ողջ ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները բոլոր միջոցներով փորձում են հասարակությանը նախապատրաստել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման հզոր առաջնորդներ հաճախ չեն հանդիպում, իսկ սահմանադրական փոփոխություններն ընդմիշտ վերջ կտան Թուրքիայում թույլ առաջնորդների և թույլ իշխանությունների ժամանակաշրջանին: Ուշագրավ է իշխող կուսակցության պատգամավոր Մեհմեթ Էրդողանի մեկնաբանությունը, որով նա կարևորել է անցյալ տարվա հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կանխարգելման գործում Էրդողանի ազդեցիկությունը, «ով իր մեկ խոսքով 80 միլիոն մարդ կարողացավ հրապարակ դուրս բերել»: Ամբողջ թափով գործում է ընդդիմադիրներին ահաբեկելու, մեկուսացնելու վարչարարական մեխանիզմը: Հազարներով են հաշվվում Էրդողանին «վիրավորողների» դատավարությունները: Ինչպես ահազանգում են այդ երկրում գործող օտարերկրյա լրագրողները, Էրդողանին քննադատել համարձակված որևէ մեկը ապահով համարվել չի կարող: Լրագրողները հայտնում են, որ հատկապես հեղաշրջման փորձից հետո իրենց աշխատանքը զգալիորեն վտանգավոր է դարձել և խոչընդոտվում է իշխանությունների կողմից: Էրդողանականներն ամեն ինչ անում են իրենց առաջնորդին «վտանգներից» ապահովագրելու և «ամենակարողի» թիկնոցով ներկայացնելու համար: Ինքը՝ Էրդողանը, զբաղված է Արևմուտքի քննադատությունների դեմ հոխորտանքներով, ինչը, ոմանց կարծիքով, նրա մարտավարական քայլերից է՝ ձգտելով «Հայրենիքը վտանգի մեջ է» կարգախոսի և «քրդական գործոնի» օգնությամբ ժողովրդին իր շուրջը համախմբել ու հանրաքվեում հաղթանակ տոնել: Պատահական չէ լայնորեն շրջանառվող կարծիքը, որ արտաքին ուժերը փորձում են Թուրքիան վերածել Իրաքի կամ Սիրիայի: Եվ միայն շատ հզոր առաջնորդը կարող է Թուրքիան փրկել նման իրավիճակից: Սակայն հասարակական կարծիքը միանշանակ չէ, ինչով էլ պայմանավորված է էրդողանականների չափից ավելի ակտիվությունն ու անհանգստությունը: Թուրքիայի Մեջլիսի 4 նախկին նախագահները՝ Հուսամեթթին Չինդորուքը, Հիքմեթ Չեթինը, Քայա Էրդեմն ու Օմեր Իզգին, կոչ են արել ժողովրդին դեմ քվեարկել նախագահ Էրդողանի լիազորություններն ընդլայնող սահմանադրության փոփոխության նախագծին: Ինչպես հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլին սկսել են հաճախակի հանդիպել: Ըստ լրատվամիջոցի՝ նրանց մտերմանալու պատճառը նախագահ Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը դեմ լինելն է: Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահներից Յասեմին Օնեյ Ջանքուրթարանը նշել է, որ եթե Թուրքիայի քաղաքացիներն այժմ դեմ չքվեարկեն կառավարման նախագահական համակարգին ու չկանխեն նախագահի լիազորությունների ընդլայնումը՝ մոտ ապագայում օտարազգիները Թուրքիային կսկսեն բնորոշել որպես երկրորդ Հյուսիսային Կորեա: Հաշվի առնելով Էրդողանի բնավորության անկանխատեսելիությունը, ժամերի ընթացքում ընդունած որոշումների փոփոխությունները, սեփական անձի գերագնահատումը, միջազգային իրավական նորմերի անտեսումն ու հոգեկան անհավասարակշռությունը, փաստն իսկապես մտահոգվելու պատճառ է: Անառարկելի է, որ անսահմանափակ իշխանությունը առավել ռիսկային կդարձնի նրա գործողությունները, որոնց բացասական հետևանքները նույնքան անկանխատեսելի են: Էրդողանը երկրի պատմությունը փորձում է իր չափերով վերաձևել և նպատակին հասնելու ճանապարհին պատրաստ է տրամաբանականը խառնել անտրամաբանականին՝ իր սուլթանական հավակնությունները ներկայացնելով որպես Թուրքիայի առաջընթացի միակ դեղամիջոց: Այն տպավորությունն է, որ Էրդողանն այլ աշխարհում է ապրում: Իրականում, ինչպես նշում է գերմանական Der Spigel-ը, Թուրքիայի տնտեսության ճգնաժամը շարունակվում է: Երկրում արտաքին ներդրումները, որ միջինը մոտ 400 մլրդ էին, 40 տոկոս անկում են գրանցել: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Թուրքիան, բացառությամբ Ադրբեջանի, տարաձայնությունների մեջ է համարյա բոլոր դաշնակիցների հետ, իսկ Սիրիայի հարցով, ըստ թուրք սյունակագիր Իբրահիմ Վարլնի՝ «Թուրքիան, ըստ էության, չի կատարել ի սկզբանե իր առաջ դրված սկզբունքային նպատակներից ոչ մեկը: Այն է՝ հեռացնել ԻՊ զինյալներին Թուրքիայի սահմաններից, ջախջախել քուրդ գրոհայիններին Սիրիայի հյուսիսում և բուֆերային գոտի ստեղծել այդ տարածքում»: Սյունակագիր Գյուլթեկինն էլ, դիմելով իշխող կուսակցությանը, գրում է. «Կարծես թե դուք հանրաքվեի «այո»-ի հաղթանակի համար մոռացել եք մեր ու երկրի մասին: Լավ, իսկ եթե «այո»-ի համար մեզ ու երկիրը մոռացել եք, այդ «այո»-ն ո՞ւմ կամ ինչի՞ն է ծառայելու»: Սակայն Էրդողանը վաղուց է իրեն վեր դասել և՛ երկրից, և՛ ժողովրդից, և այս իրողությունը, հավանաբար, երկու օրից նաև իրավական ուժ կստանա:
Կարդալ նաեւ․․․
ԱՐՁԱԳԱՆՔ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ
«Գրական թերթը» (2022 թ., մարտի 25) սրտանց շնորհավորել է…
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Այսօրվա նման հիշում եմ 25 տարի առաջ սեպտեմբերին տեղի ունեցածը.…
ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Գերմանիան, Եվրամիությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը միանգամից արձագանքեցին ադրբեջանական իշխանությունների կողմից իրավապաշտպան…