ԳՐՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Գրամոլությունը տաղանդից տար­բե­րա­կելու չափորոշիչների փնտր­տուքը միշտ էլ եղել է և այսօր էլ շա­­րու­նակվում է: Թվում է, դրանք ակնհայտ են, մասնագետների կողմից գրված ու ձևակերպված են վաղուց, և ցանկության դեպքում կարելի է գտնել գրականագիտական-տեսական քիչ թե շատ հայտնի աշխատություններում: Բայց խնդրի բարդությունն էլ հենց այն է, որ այդ չափանիշները կիրառելու համար ևս անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների պաշար է հարկավոր: Հենց այնպես չի ասված, թե գրականությունը գիտություն է, սերտ աղերսներ ունի իմաստասիրության, խորքային ու մասշտաբային մտածողության, անհատի ներաշխարհի համընդգրկուն որակների հետ: Ահա թե ինչու, չնայած նույնիսկ անթերի գրագիտությանը, կրթվածությանը, որոշակի գիտելիքներին (իսկ 21-րդ դարում դժվար է այլ բան պատկերացնել), ամեն գրիչ վերցնող կամ համակարգչի առջև նստող դեռ լիարժեք գրող չէ և բարձր գրականություն չի ստեղծում: Ես սա ասում եմ միանգամայն հարգելով նման անհատի ամենաազնիվ նպատակն ու ձգտումը` արտահայտելու իր կյանքի ընթացքում կարևոր թվացող զգացումները, ապրումները, մտածումներն ու նույնիսկ գաղափարները (անհատական սեր, կարոտ, հայրենասիրություն, քաղաքացիական դիրքորոշում և այլն), այսինքն` կիսվելու ընթերցողի հետ, և գիտեմ դեպքեր (հատկապես տարիքով անհատների մոտ), երբ ասում են, թե գրելիքը բառացիորեն ծնվում է ինքն իրեն, առանց ճիգ ու ջանքի: Ենթադրում եմ, որ նրանք հոգու խորքում մինչև իսկ չեն կարողանում ըմբռնել, օրինակ, Հրանտ Մաթևոսյանի նման գրողների խոստովանությունը դժվար գրելու վերաբերյալ, քանզի իրենց մոտ մտքերն ու տողերը հորդում են ասես առատության եղջյուրից, այնպես, որ նույնիսկ չեն կարողանում հասցնել գրի առնել: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հենց գրամոլություն, քանի որ գրողի արտահայտած միանգամայն հասկանալի ասելիքը սահմանափակվում է միայն իր անհատական կյանքի շրջանակներում և զուրկ է որոշակի ընդհանրացումից, նաև ամենքինը լինելուց, չի հուզում յուրաքանչյուր ընթերցողի, չի դառնում նրա սեփականությունը: Այսինքն` գրվածքի նյութը արտահայտվում-ծավալվում է մակերեսով, հորիզոնական տարածքով` առանց խորացումների, զանց առնելով ճշմարիտ գրականության նաև բազմաշերտության պայմանը: Պատահական չէ, որ Հովհ. Թումանյանի ստեղծագործությունը` լինելով բազմաշերտ, սնունդ է տալիս բոլոր տարիքների, հոգեմտավոր ամենատարբեր մակարդակի ընթերցողներին` տանելով նրանց ամենապարզ ընկալումներից մինչև մարդ-տիեզերք կապերի ոլորտները: Վերջապես, ընդհանրական, խորքային ու բազմաշերտ գրականությունը բնորոշվում է նաև մի հատկությամբ, որը Վիկտոր Շկլովսկին անվանում էր «անհամատեղելիի համատեղելիություն»: Այսինքն` պետք է պարունակի պարադոքս, առեղծված, կարողանա թափանցել, դիտարկել ու արտահայտել կյանքի հակադրությունների ներքին միասնությունը, տեսանելիի ետևում թաքնված անտեսանելին, որ, սակայն, կարելի է տեսնել միայն հոգու աչքով: Կոստան Զարյանը այս վերջիններին անվանում էր «կրկնակի և եռակի տեսիլքի մարդիկ» (ի տարբերություն «պարզուկ տեսիլքի» մարդկանց), որոնց «ոգին իրերի երևույթներից ավելի հեռուն է սահում»:
Բնականաբար, բոլոր գրողները չէ, որ ի զորու են բավարարելու բարձր գրականության վերը նշված պայմաններն ու պահանջները: Հենց այդ պատճառով էլ գրողները տարբերակվում են ըստ միջակության, տաղանդավորության ու հանճարի: Խնդիրն այն է միայն, որ, դարձյալ ու մշտապես հիշատակելով մեծն Թումանյանին, «Գրականություն ունենալու համար ժողովուրդները պետք է ոչինչ չխնայեն, և նույնիսկ պաշտպանելու դեպքում էլ լավ իմանան, որ իրենց պահածներից ու պաշտպանածներից տասնից ինն է միայն միջակ գրող դուրս գալու, հարյուրից մինը տաղանդավոր և հազարից մինը հանճարեղ»:
Ինչ վերաբերում է «գրամոլության և տաղանդի համահարթեցման համաճարակի» կանխարգելմանը, ապա, կարծում եմ, պատասխանն արդեն իսկ բխում է վերն ասվածից: Պարզապես անհրաժեշտ է` լրջորեն հաշվի նստելով ճշմարիտ գրականության չափանիշների հետ, ջանալ իրագործել այն, ինչ ձգտում էր անել Արթյուր Ռեմբոն` ինքն իրեն «ՏԵՍԱՆՈՂ դարձնել»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։