Մանվել ՄԻԿՈՅԱՆ / Չկորցնենք հավատն ապագայի նկատմամբ

 

 

Մի քանի պետությունների աշխարհաքաղաքական խարդավանքների շարքը հանգեց Հայկական երկրորդ պետության՝ Արցախի Հանրապետության աղետալի վիճակին՝ կործանման եզրին հասցնելով մեր երկրի երբեմնի ամուր վահանը։

Հայաստանի բնակչության սթափ մտածող և իրատեսական սկզբունքներով առաջնորդվող հատվածը գիտակցում է կատարվածի պատճառահետևանքային կապը։

Պատմությունը կրկնվում է 100 տարի հետո, դերակատարները նույնն են։ Երիցս համոզվեցինք, որ մեր միասնականությունն է պետության ամուր հիմքի նախապայմանը։

Պետական մակարդակով Հայաստանն ընդունում է բռնի տեղահանված արցախցիներին։ Արդեն մեր հազարավոր եղբայրներ ու քույրեր եկել են Հայաստան՝ հույսով ու հավատով, որ կամոքվեն իրենց վերքերը։ Ներգաղթը շարունակվում է։

Մի կողմ թողնելով մեր քաղաքական նախապատվություններն ու կողմնորոշումները՝ պետք է յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենանք Հայաստան եկածներին աջակցելու, հուսադրելու, ապագայի նկատմամբ կորսված հավատը վերականգնելու գործում։

Այս օրերին մեծ է գրողների, ընդհանրապես, մտավորականության դերը, որ արցախցի մեր հարազատները շրջապատված լինեն ընտանեկան հոգատարությամբ ու ջերմությամբ։

Բոլորս պետք է փայփայենք այն հույսը, որ և՛ արցախցի, և՛ հայաստանաբնակ երեխաների մեջ կան ապագա Անդրանիկներ, Նժդեհներ ու Վազգեն Սարգսյաններ, որպեսզի հուսալքության վիրուսը չքայքայի մեր ոգին, հայրենապաշտության ձգտումը։

Պետք է հույսով և հավատով դիմակայենք այս աղետալի փորձությանը, պահպանենք Հայոց անկախ պետականությունը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։