2016 թ. հուլիսի ճշգրիտ բնութագրումը պայմանավորված է ոչ միայն ջերմային սանդղակի բարձր ցուցանիշներով, այլև բնության աննախադեպ անոմալիաներով և որ էական է, մի շարք երկրներում տեղի ունեցած և ունեցող ոչ շարքային իրադարձություններով: Եթե Իրաքում ու Աֆղանստանում պայթյուններն ու ահաբեկչությունները այդ երկրների իրականության այցետոմսն են, ապա ֆրանսիական Նիս քաղաքի Անգլիական լողափում թունիսական ծագմամբ ֆրանսիացի Մուհամեդ Բուլելի իրականացրած ահաբեկչությունը կրկին ցնցեց քաղքակիրթ աշխարհը: Ահաբեկիչը բեռնատարով մխրճվել էր Բաստիլի գրավման օրվան նվիրված տոնական հրավառությունը դիտելու եկած մարդկանց մեջ, միաժամանակ հրազենային կրակ բացելով նրանց ուղղությամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին, 84-ը՝ զոհվել: Սակայն սա դեռ վերջը չէ: Իսլամիստական պետությունը հայտարարել է Ֆրանսիայում նոր ահաբեկչությունների մասին: Որքան էլ ֆրանսիական անվտանգության ծառայությունները փորձում են մոբիլիզացնել իրենց ուժերը ահաբեկչության դեմ, դա նրանց այնքան էլ չի հաջողվում: Փորձագետները գտնում են, որ անհաջողության հիմնական պատճառը Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականությունն է: Պարզվում է, ինչպես ամեն ինչի, այնպես էլ ժողովրդավարության չափից ավելին վնասակար է: Ֆրանսիան, իր մարդասիրական սկզբունքներին հավատարիմ, միլիոնավոր մուսուլմանների է ընդունել, որոնք ոչ միայն մերժում են ֆրանսիացիների ժողովրդավարական արժեքները, այլև փորձում են իրենց պայմանները թելադրել: Բացառված չէ, որ եթե ոչ հիմա, ապա ապագայում, ֆրանսիացիները սեփական երկրում պատանդի կարգավիճակում հայտնվեն, և ոչ միայն ֆրանսիացիները… Մուսուլմանական գործոնը հընթացս ագրեսիայի նորանոր դրսևորումներ է ընդունում: Թուրքիայում ընթացող իրադարձությունների ենթատեքստում նույնպես իսլամիզմի դրոշմը կա: Էրդողանն իր գործողություններով փաստացի քամուն է տալիս Աթաթուրքի աշխարհիկ կարգը: Թերևս այս հանգամանքով պիտի բացատրել, որ ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո էլ երկրում իրադրությունը չի կարգավորվում: Այստեղ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Մասնավորապես, շրջանառվում է այն վարկածը, որ հեղաշրջում կոչվածը հենց Էրդողանի սցենարով է: Al-Monitor-ում վերլուծաբան Ջենգիզ Չանդարը գրում է. «Գործադիր իշխանությունների գործողությունների արագությունն ու մասշտաբները ցնցող են: Այն տպավորությունն է, որ Էրդողանը և կառավարությունը պատրաստ են եղել հեղաշրջմանը և բավական տեղեկություններ ունեին, թե որ ուժային կառույցները կարող էին դրան ներգրավված լինել: Այդ կերպ ինձ առավել հավանական է թվում, որ Էրդողանը ռազմական կառռւյցների իր մարդկանց հետ աշխատել է կեղծ հեղաշրջման կազմակերպման վրա»: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանն էլ հավելում է, որ ներկայիս ձերբակալվողների ցուցակները նախապես պատրաստված են եղել: Թուրքիայում արդեն մոտ 60 հազար ձերբակալված կա, և անհայտ է, թե վհուկների որսը երբ կավարտվի: Էրդողանն իր տարերքի մեջ է ու թվացյալ հակառակորդներից առավել անկաշկանդ ազատվելու համար եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել: Ինքնահռչակ սուլթանը մոռացել կամ տեղյակ չէ, որ մեծամտության և փառամոլության չափից ավելին, թերևս, կրկնակի կործանարար է: Սակայն, ինչպես ասում են, խևին խրատը չի օգնի: Մինչդեռ հուլիսյան անոմալիաները շարունակվում են: Կայուն թվացող Ղազախստանը ցնցվում է ահաբեկչություններից: Այստեղ հազիվ էին չեզոքացրել հեղաշրջման փորձը, և ահա հուլիսի 18-ին Ալմաթիում անհայտ զինվորները, հարձակվելով ոստիկանատներից մեկի վրա, սպանել են երեք ոստիկանի և մի քաղաքացիական անձի, կան վիրավորներ: Քաղաքում տագնապի «կարմիր» աստիճան է հայտարարվել, իշխանությունները հորդորում են մարդկանց մնալ բնակարաններում, թեև դժվար է գուշակել, թե ահաբեկչության նոր ալիքը երբ և որտեղից է հարվածելու: Նույնքան անսպասելի էին երևանյան իրադարձությունները, երբ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը զենքի գործադրմամբ գրավեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդերից մեկը՝ պատանդ վերցնելով մի քանի ոստիկանի: Կա զոհ և վիրավորներ: Առայժմ իրավիճակի գնահատականը հետևանքների դաշտում է, թեև գլխավոր տոնայնությունը նոր զոհերից խուսափելն է: Եվ վերջինը. հուլիսի 22-ին Մյունխենի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 10, վիրավորվել 16 մարդ: Զոհվածների թվում կան դեռահասներ, վիրավորների թվում` երեխաներ: Կասկածյալ հրաձիգը եղել է իրանական ծագմամբ 18-ամյա գերմանացի, ով հարձակումից հետո ինքնասպան է եղել: Ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն հայտնել է, որ դա իր կյանքի վատագույն օրն էր: Եվ ոչ միայն նրա: Մեկնաբանություններն ավելորդ են: Իսկ հուլիսը դեռ չի վերջացել, և կյանքն էլ շարունակվում է:
Կարդալ նաեւ․․․
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ
ՄԻ՛ ՊՈԿԵՔ ԾԱՌՆ ԱՐՄԱՏԻՑ Երկրիս փակ սահմաններից ներս անսահման ազատություն…
ՍՅՈՒՆԻՔ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՐՊԱ՞Ս, ԹԵ՞ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԱՐԶ
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ Մեղրիի միջանցքի բացումը՝ Թուրքիայի ծավալապաշտական ծրագրի սկիզբ Մենք…
Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ
Աստված իմ, Տեր իմ, Դու եղիր պահապան Հայոց Քաջերին… Խոնարհումս…
