ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵԼ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ / Սամվել Կոսյան

Ահաբեկչության ուրվականը շարունակում է տեղաշարժը Եվրոպայով, իր ետևից թողնելով ավերածություններ, տասնյակ անմեղ զոհեր և ամենազարհուրելին՝ անպաշտպանության հյուծող զգացողություններ: Վերջինը Լոնդոնի ահաբեկչությունն էր: Սկզբում լոնդոնյան կամրջի վրա սպիտակ ֆուրգոնը վրաերթի էր ենթարկել անցորդներին, այնուհետև Բորո շուկայում ահաբեկիչները հարձակվել էին մարդկանց վրա: Փաստացի ոչ թե մեկ, այլ ահաբեկչությունների շարք էր, որը մի քանի ժամում արյունոտ մղձավանջի վերածեց լոնդոնցիների կյանքը: Վիճակն առավել տագնապալի էր, հաշվի առնելով, որ մի քանի ամիսների ընթացքում Բրիտանիայի մայրաքաղաքում կատարվածը երրորդ ահաբեկչությունն էր, ինչը ահաբեկչական իրադարձությունների երկար շղթայի մի օղակն էր ընդամենը: Դրան նախորդել էին փարիզյան հինգ ահաբեկչությունները, որոնցից՝ զոհերի քանակով՝ 153 մարդ, ամենասարսափելին նախորդ 1916-ի նոյեմբերին իրականացվածն էր, երբ հրաձգության թիրախում էին հայտնվել ռեստորաններում հանգստացողներն ու «Բատակլան» համերգասրահի այցելուները: Մինչ եվրոպական առաջատար երկրների առաջնորդները հայտարարում են, որ ահաբեկիչներին չի հաջողվի ստիպել արևմտյան աշխարհին ետ կանգնել հանդուրժողականության, հավասարության և մուլտիկուլտուրիզմի ուղուց, իրականության տրամաբանությունն այլ զարգացումներ է գուժում: Եվրոպայում արդեն իսկ իրավապաշտպան միավորումների անվան տակ ոչ կառավարական 180 իսլամիստական լեգալ կազմակերպություն է գործում, որոնց հիմնական գործունեությունը համաշխարհային «խալիֆայության» գաղափարների տարածումն է և պայքարը Եվրոպայի իսլամականացման հակառակորդների դեմ: Սրանց և ահաբեկչական այլ խմբավորումների («Մուսուլման եղբայրներ», «Ալ-Քաիդա» «Իսլամական պետություն» և այլն) նպատակը նույնն է՝ համաշխարհային «խալիֆայությունը», միայն մեթոդներն ու մոտեցումներն են տարբեր: Վերջիններս գործում են` բացառելով բռնությունը, հիմնական առաքելություն համարելով մուսուլմանական արժեքների քարոզչությունը: Օրինակ, «Մուսուլման եղբարները» իրենց հետախուզական ցանցն ունեն Եվրոպայի հիշյալ կազմակերպություններում` զուգահեռաբար պահպանելով սերտ կապերը սալաֆիտների և ջիհադիստների հետ: Համախմբել եվրոպացի մուսուլմաններին, նրանց փոխարեն հայտարարություններ անել, ոչ մեկի կամքը հաշվի չառնելով ծրագրեր պարտադրել. ահա նրանց գործունեության ոչ լրիվ ցանկը: Միլիոնավոր մուսուլման գաղթականների հոսքը Եվրոպա՝ այդ ծրագրերի բաղկացուցիչներից է: Գաղթողների մեծամասնությունը երիտասարդ տղամարդիկ են, ավելի հաճախ՝ առանց փաստաթղթերի կամ բոլորովին նոր կեղծ անձնագրերով, ինչը մտածելու տեղիք է տալիս: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են Քյոլն և եվրոպական այլ քաղաքներում փախստականների սեռական ոտնձգությունները տեղացի կանանց նկատմամբ: Ակամայից եվրոպացիներն իրենց քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատվությունը պատանդ են դարձրել տվյալ իրավիճակում իր արդիականությունը կորցրած հանդուրժողականության, հավասարության, մուլտիկուլտուրիզմի գաղափարախոսությանը, մտածելով, թե խնդիրը կարելի է լուծել փախստականներին եվրոպական արժեքներին ինտեգրելով: Այդպես չեղավ և չէր էլ կարող լինել: Գերմանիան նոր է միայն փորձում պարտադրել, որպեսզի միգրանտներն ապրեն գերմանական օրենքներով: Առավել աղետալի է Ֆրանսիայի օրինակը, որտեղ բնակչությունն այն աստիճանի է միախառնված, որ բավականին դժվար է ահաբեկչություն իրականացնողներին տարանջատել, ինչը պատճառ է դարձել, որ ահաբեկիչներն այդ երկիրը նախընտրեն: Հաշվի առնելով եվրոպական երկրների՝ տարբեր սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ հովանավորչությունը, ինչի արդյունքում ծնելիությունը գնալով հետաճ է գրանցում, և դրան հակառակ, մուսուլմանների՝ երկրաչափական պրոգրեսիայով աճը, դժվար չէ Եվրոպայի ժողովրդագրական ապագան գուշակել: Լոնդոնյան ահաբեկչություններից հետո Դոնալդ Թրամփը նշել է, որ եկել է քաղկոռեկտությունից հրաժարվելու ժամանակը: Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է արմատականների դեմ քաղաքականության կոշտացման, այդ թվում՝ ինտերնետի վերահսկողության մասին: Ընտրելով ժողովրդավարությունը` ի վնաս անվտանգությանն ու քաղաքակրթությանը, Արևմուտքը, թեև դժվարությամբ, փորձում է հրաժարվել այդօրինակ լոյալությունից և փոխել մարտավարությունը: Դեռ վաղ է գուշակել, թե փոփուխություններն ինչի կհանգեցնեն: Ըստ երևույթին, դանակը ոսկորին է հասել, և Արևմուտքը հասկացել է, որ այդպես ապրել այլևս չի կարելի, երբ վտանգն արդեն ոչ թե դրսից, այլ ներսում է հասունանում: Անշուշտ, Եվրոպայից մուսուլմանների զանգվածային հեռացումն իրատեսական չէ, սակայն կարգավորման մեխանիզմներ միշտ էլ կարելի է գտնել, ինչը չափազանց կարևոր է, նկատի ունենալով, որ շատ բաներ աշխարհում նաև Եվրոպայի կարգավիճակով են պայմանավորված:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։