ԱՐՑԱԽՅԱՆ ՈԳՈՎ ՈՒ ՀԱՎԱՏՈՎ

Ապրիլի 11-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, աձակագիր, գրականագետ Զինաիդայի (Բալայան-Առաքելյան) ծննդյան 70-ամյակին նվիրված ցերեկույթ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց Զինաիդա Բալայանին՝ նրան հանձնելով ՀԳՄ պատվոգիր՝ Արցախի և Հայաստանի գրական-մշակութային կյանքում ունեցած ծառայությունների համար: «Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում Զինաիդան հայտնի է իր բանաստեղծական, գրականագիտական և արձակ ստեղծագործություններով և հատկապես «Արցախը 19-րդ դարի հայ գրականության մեջ» դոկտորական աշխատությամբ»,- նշեց Էդ.Միլիտոնյանը:
Ցերեկույթը վարում էր բանաստեղծ, արձակագիր Կիմ Գաբրիելյանը: Նա հրապարակեց գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանի շնորհավորական խոսքը, այնուհետև ասաց. «Զինաիդայի պոեզիան անսովոր է իր բառապաշարով, մտածելակերպով ու ոճով, բառաստեղծման իր մեխանիկայով: Ինքն իր գրածին նայում է գրականագետի հայացքով: Նրա բանաստեղծությունները ոչ թե էմոցիոնալ են, այլ փիլիսոփայական և լեզվագիտական առումով՝ ուսանելի»: Կիմ Գաբրիելյանը Զինաիդա Բալայանին փոխանցեց արցախցի գրչընկերների բարեմաղթանքները հոբելյանի կապակցությամբ:
Բանաստեղծ Սոկրատ Խանյանը խոսեց Զինաիդայի մասին՝ նախ որպես իր ուսանողի. «Առաջին ստեղծագործություններից սկսած՝ Զինաիդան ներկայացել է իբրև իր սեփական ձեռագիրն ունեցող բանաստեղծուհի: Նա գրականագիտական, գեղարվեստական՝ արձակ ու չափածո ստեղծագործություններով իր անվիճելի տեղն ունի»: Գրականագետ Պետրոս Դեմիրճյանը նշեց. «Զինաիդայի ստեղծագործությունը յուրահատուկ է, նրա արձակը նույնպես պոետական է: Ներաշխարհը շատ լայն է բացված՝ անհատից, ազգից, ժողովրդից, աշխարհից մինչև տիեզերք: Հավերժի և ակնթարթի, արդարության և անարդարի հակադրություն շատ կա նրա ստեղծագործություններում: Անարդարության դեմ հոգեկան ընդվզումը նրան տանում է հույսի ու հավատի ճանապարհով»:
Զինաիդա Բալայանը, շնորհակալություն հայտնելով ելույթների համար, նշեց, որ հոբելյանն ավելի շատ առիթ էր հանդիպելու արցախցիներին: «Արցախ աշխարհը դեպի երկինք հառած հայացքով սպասում է իր զավակների վերադարձին, որ հանկարծ որոշեցին թողնել իրեն: Արցախն արիների երկիր է, այն երբևէ չի հայաթափվել, և այսօր այն սպասում է մեր ոգեղեն, մարտական ու զինավառ դարձին: Ու այդ օրը գալու է, երբ մենք բոլորս պատրաստ լինենք մեր ամենանվիրականն ու ամենաթանկը նվիրել Արցախին»,- ասաց նա:
Ելույթ ունեցան Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի ղեկավար Անահիտ Դանիելյանը, Արցախի պետական համալսարանի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Նոնա Դավթյանը և այլք: Ցերեկույթի ընթացքում Զինաիդա Բալայանի «Քերթվածներ յոթնացոլումի» ժողովածուից բանաստեղծություններ ասմունքեց Գայանե Սամվելյանը:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։