Հոկտեմբերի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում Սարգիս Վահագնի (ԱՄՆ) հետ:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով բազմաթիվ գործերի, պատմվածքների ժողովածուների, թատերգությունների, թարգմանությունների հեղինակ Սարգիս Վահագնին, հատկապես արժևորեց նրա` ֆրանսերենից հայերեն Շահան Շահնուրի (Արմեն Լյուբենի) բանաստեղծությունների ժողովածուի թարգմանությունը: Անդրադառնալով Ս. Վահագնի ստեղծագործությանը` նա նշեց, որ դրանցում առկա է և հասարակական կյանքը` իր բազմազան դրսևորումներով` լույսով ու ստվերով, չարի ու բարու պայքարով, և ազգային խնդիրների թնջուկը, որ ամեն մի հայի փորձության քարն է հատկապես Սփյուռքում: «Գտնված պատկերներով, սյուժեներով ու կերպարներով հեղինակը ցույց է տալիս այն բոլոր դժվարությունները, որ ապրում է այսօրվա հայը Սփյուռքում»,- ասաց բանախոսը: Պ. Դեմիրճյանի հավաստմամբ` նա չի վախենում սուր հարցադրումներից, ուզում է, որ իր ցավը, որ նաև ազգի ցավն է, լինի յուրաքանչյուրի ցավը: Նրա բնորոշմամբ` գրողի ստեղծագործությունը սեփական արմատներին վերադառնալու, ավանդական ազգային հիմքը գտնելու և վերապրելու` իր մեջ վերստեղծելու ճիգ է, ինչպես նաև ցույց է տալիս, թե ինչ կա կյանքի կեղևի տակ:
Բանաստեղծ Արևշատ Ավագյանը, անդրադառնալով Ս. Վահագնի պատումի լեզվաոճական առանձնահատկություններին, փաստեց, որ արևմտահայերենի հարուստ, լեզվական ճոխ, տաղանդավոր գրողների կողմից հղկված լեզվամտածողությունը մեկ այլ որակով արտահայտվում է Սիրիայի, Լիբանանի մեր լավագույն գրողների, այդ թվում նաև Սարգիս Վահագնի ստեղծագործություններում: Ապա գնահատեց հեղինակի վերջին գիրքը` նվիրված Արշիլ Գորկուն, որտեղ գրողը կարողացել է գեղանկարչի, արվեստագետի խորաթափանցությամբ ներկայացնել ոչ միայն տաղանդավոր գեղանկարչին, այլև նրա դժվարին կյանքը:
Հրատարակիչ, գրականագետ Արամ Սեփեթճյանը նշեց, որ կես դար տևող իրենց բարեկամության ընթացքում ինքը և Սարգիս Վահագնը եղել են գրչեղբայրներ, գաղափարակիցներ, նույն հավատքի մարդիկ: Ապա ներկայացրեց գրչեղբոր գրական գործունեությունը` սկսած բեյրության «Լիբանանի գրական շրջանակ» խմբի գրական հանդիպումներից, «Շիրակ» ամսագրից:
Ելույթ ունեցան նաև Ալիս Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանը:
Հանդիպման վերջում Սարգիս Վահագնը ցանկություն հայտնեց, որ Սփյուռք-Հայաստան կապերը չլինեն պարզապես նախադասություններ, այլ մշակութային կապեր հաստատելով գործնական բնույթ կրեն: «Մեկ ժողովուրդ մեկ մշակույթ» սքանչելի լոզունգ է, բայց չենք իրագործում երկուստեք: Կարևորությունը չենք զգում գրականության միասնականության»,- ընդգծեց նա: