Ապրիլի 15-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում աննախադեպ երեկո էր։ Այն իր շուրջն էր համախմբել Հայաստանի հոգևոր, գրական, մշակութային, քաղաքական էլիտայի ճանաչված ներկայացուցիչների, գրականության, արվեստի, կինոյի, թատրոնի, կրթության, գիտության նվիրյալների։ Առիթը բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի «Ձայն Հայրենյաց» պոեմի բեմադրությունն էր. սցենարի հեղինակ՝ Կորյուն Առաքելյան, ռեժիսոր՝ արվեստի ճանաչված գործիչ Ժիրայր Դադասյան։ Միջոցառմանը առանձնահատուկ շուք հաղորդեց Հայաստանի Ազգային Ակադեմիական երգչախումբը` հանրահռչակ խմբավար Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ։ «Ձոն ԱՐԱՐՈՒՄԻ» պոեմ-բեմադրությունը` նվիրված ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին, ներկայացրին թատրոնի ճանաչված արտիստներ Իշխան Ղարիբյանը, Արև Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը և ասմունքող Հռիփսիմե Ավետիսյանը։ Այդ փառահեղ միջոցառմանը ներկան և մասնակիցը լինելու պատիվն ունեցանք նաև մենք` Վանաձորի «ՎԵՐՆԱՏՈՒՆ» մշակութային կենտրոնը` Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ։ Օրը տոնի վերածվեց թատրոնի բակից` արվեստի գործիչները գրկախառնվում էին, լուսանկարվում, զրուցում, պատմում հիշողություններ… Այս ամենին մեծ խորհրդավորություն էին հաղորդում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանած հոգևորականների ներկայությունը` Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի առաջնորդությամբ։ Ներկայացումն սկսվեց մեր ժողովրդի փառահեղ անցյալի ներկայացմամբ՝ Մաշտոցով, Նարեկացիով, միջնադարով, ապա 1915 թվականը հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանությամբ, շարունակվեց այդ հատված ծառից վերածիլված Կոմիտաս Վարդապետով` որպես հայ ժողովրդի հոգևոր և մշակութային վերածննդի խորհրդանիշ։ Եվ Հայաստան աշխարհի «վերածնունդը», որում հսկայական դերակատարում ունեցան նաև աշխարհասփյուռ մշակութային հայ գործիչներ, որոնք վերադառնալով հայրենիք՝ արարեցին, ստեղծագործեցին, կառուցեցին, շենացրին մեր հայրենիքը։ Եվ նրանցով Հայաստան աշխարհն ու հայի արարող տեսակը իր մշակույթով ճանաչելի դարձան աշխարհին։ Դրանում իր անգնահատելի ավանդն ունի նաև Հովհաննես Չեքիջյանը։ Բեմականացված պատումում Կորյուն Առաքելյանը հայրենիքը բնորոշում է հուզական, բայց նաև խրոխտ, մարտնչող, ոգեղեն պատկերներով։ Հայրենիքը մի դեպքում ներկայանում է որպես երկփեղկված թթենի, մի դեպքում` ժայռի վրա կանգնած, հալածված, մոլորված քարայծ, վանքի պատի տակ դեմքը արևին աղոթող խաչքար կամ լույս մտքի օջախ և, վերջապես, «…Լեռներ երկնաքեր, լեռներ անսասան, Արծիվներ` թառած սեգ գագաթներին,- Սա է մարտնչող, Աստծո հետ խոսող Իմ Հայրենիքը»։
Մոտ երկու ժամ տևած բեմադրությունը հանդիսատեսի համար դարձավ ոչ միայն վայելքի, այլև տուրքի և խոնահումի, արժևորման և մեծարման, համախմբման, գոտեպնդման և հուսադրման ժամանակամիջոց։ Եվ տեղին էր Կորյուն Առաքելյանի ավարտական խոսքը, որի մեջ ոչ միայն հպարտություն, արժանապատվություն, կամք ու կորով կար, այլև` մեծ ցավ ու խորին ափսոսանք. «Նայում եմ դահլիճին, և սիրտս փառավորվում է, սակայն զարմանում եմ, թե այսպիսի սերուցք ունեցող ժողովուրդը ինչու և ինչպես կարող էր հասնել այս օրհասական վիճակին…»: Այս անթաքույց տագնապների մասին նա խոսել է նաև պոեմում:
Մեր ազգային ոգեկոչմանն ու ոգևորությանը մի առանձնահատուկ շուք հաղորդեց երգչախմբի` չեքիջյանական մեկնաբանություններով մատուցված ճոխ համերգը` ազգային երգեցողությամբ՝ համեմված ռուսական, ֆրանսիական երգերով։ Մաեստրո Չեքիջյանն իր ելույթն ավարտեց իրեն հատուկ նրբին հումորով. «…Իսկ դուք ինչո՞ւ եք ինձ սահմանափակում 100 տարիների մեջ… Ես ապրել եմ ուզում…»: Դահլիճը հոտնկայս ծփում էր հիացական բացականչություններից և չդադարող ծափերից։ Ներկայացումն ավարտվեց: Վարագույրը փակվեց: Սակայն ներկաները չէին շտապում հեռանալ…
Գայանե ԱՆՏԻՆՅԱՆ
Վանաձորի «ՎԵՐՆԱՏՈՒՆ»
մշակութային կենտրոնի նախագահ