ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ ԵՎ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ / Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ծննդյան երկու 110-ամյակ

Խորապես անհատական գրական դեմք ու դիմագիծ ունեցող այս երկու զտարյուն մեծ քնարերգուներին միավորում է նրանց ծննդյան թիվն ու ամիսը, որ այլ բան չէ, քան ճակատագիր: Հովհաննես Շիրազի ծնունդը պաշտոնապես գրանցված է 1914 թ. ապրիլի 26 (հայտնի են նաև ոչ պաշտոնական այլ տարեթվեր), իսկ Համո Սահյանինը՝ 1914 թ. ապրիլի 14: Մեկը ծնվել և մեծացել է Գյումրի քաղաքում, մյուսը՝ Սիսիանի Լոր գյուղում՝ խոսվածքով, ավանդույթով ու բնաշխարհով միանգամայն տարբեր գոտիներ:
Դժվար կյանքի բերումով Շիրազի մանկությունն անցավ մանկատանը, որտեղից փախավ և համալրեց շուկաների շուրջը թափառող անապաստանների շարքերը: Համո Սահյանը մեծացավ գյուղում. դժվար տարիներ էին, նոր երեխայի ծնունդը նաև հոգս էր. մի ուտող բերան էլ ավելացավ: Նա էլ ինքնուրույն կյանքով ապրեց, գյուղից հեռացավ, սովորեց ու աշխատեց Բաքվում, որտեղից էլ՝ որպես ծովային, կամավոր մեկնեց գործող բանակ՝ ծառայությունն անցկացնելով Սև ծովի նավատորմում: Շիրազը ուշ տարիքում դարձավ դպրոցական, դպրոցից մուտք գործեց Գյումրիի մանածագործարան և տեղի թերթում էլ տպագրեց իր առաջին բանաստեղծությունը: Հետո արդեն տեղափոխվեց Երևան, որտեղ 1935-ին լույս տեսավ «Գարնանամուտ» ժողովածուն, իսկ նա՝ արդեն անվանի բանաստեղծ, դարձավ համալսարանի ուսանող: 1940-ին լույս տեսավ նրա «Երգ Հայաստանի» մեծադիր ժողովածուն, որին հաջորդեցին նրա երեք բացառիկ գրքերը՝ «Բանաստեղծի ձայնը» (1942), «Երգերի գիրք» (1942), «Լիրիկա» (1946): Հաջորդեցին «Քնար Հայաստանի» ժողովածուի երեք գրքերը (1958, 1964, 1974), և համաժողովրդական բանաստեղծի փառքն այլևս չլքեց նրան:
Սահյանը թեև ստեղծագործում էր 1930-ականներից, բայց այդ տարիների թվագրությամբ հայտնի է մի քանի գործ, և նա գրականություն մտավ Շիրազից ավելի քան տասը տարի ուշ՝ 1946-ին, «Որոտանի եզերքին» վերնագրված բանաստեղծությունների գրքույկով: Հետո Սահյանի ճանապարհը փակեց հետպատերազմյան տարիներին մինչև Ստալինի մահը մոլեգնող սոցիալիստական ռեալիզմից սերված կյանքի գունազարդման և անկոնֆլիկտայնության հակագրական տեսությունը, նա հրատարակեց երեք գիրք՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), որոնց կապակցությամբ հետո գրեց, որ դրանց համար ամաչում է: Ինքը խոստովանեց, մյուսներն այդ սխալն արեցին, բայց հրապարակավ չզղջացին: Այդ հարվածից հետո՝ 1950-ական թթ. կեսերից, գեղարվեստական գրականությունը զարգացավ իր ներքին հնարավորությունների վերականգնման ճանապարհով, և արդյունքը տեսանելի էր: Սահյանը նոր հունի մեջ ընկավ «Բարձունքի վրա» (1955) և «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներով, որից հետո նրա ճանապարհը բաց էր դեպի իր աշխարհ՝ դեպի հայրենի տուն ու հայրենի բնաշխարհ: Դրանից հետո՝ սկսած «Մայրամուտից առաջ» (1963) ժողովածուից մինչև հետմահու տպագրված «Ինձ բացակա չդնեք» (1998) վերջին գիրքը, նրա պոեզիան հորդեց վարար աղբյուրի պես: Այս ընթացքում Սահյանը հրատարակեց մեկը մյուսին շարունակող ու լրացնող բազմաթիվ ժողովածուներ, հատընտիրներ, հատորյակներ ու երկհատորյակներ և իր հաստատուն տեղն ապահովեց հայ պոեզիայի ընթացքի ու պատմության մեջ: Սահյանը՝ որպես բանաստեղծ, սիրվեց և ընդունվեց ընթերցողի կողմից, իսկ ընթերցողի սերը հենց բանաստեղծի փառքի իսկական պատվանդանն է:
Այսպես, կողք կողքի Երևանը զարդարում էին երկու տարեկից բանաստեղծներ: Միայն մուսաներին հայտնի զարմանալի մի օրինաչափությամբ Շիրազի պոեզիան շողարձակեց նրա կյանքի առաջին 50, իսկ Սահյանինը՝ 50 տարեկանից հետո: Սա որպես ընդհանուր դիտարկում, թեև Շիրազը դեռևս պետք է փայլատակեր «Հուշարձան մայրիկիս» ժողովածուի նոր հրատարակություններով, իսկ հետմահու պետք է լույս տեսներ «Հայոց դանթեականը» (1990) կոթողային պոեմը, որ գրել էր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում: Դեռ ավելին, հետմահու պետք է լույս տեսներ նաև նրա անտիպ հատորաշարը, որից այս պահին ընթացքի մեջ է հինգերորդ հատորը, որն ամենևին էլ ո՛չ վերջինն է, ո՛չ՝ նախավերջինը: Շիրազի պոեզիան դեռևս լրացվում ու ամբողջանում է:
Իսկ Սահյանը որքան էլ հասուն տարիքի բանաստեղծ էր, այնուամենայնիվ նրա գրական հիմքերն առաջին իսկ գրքում էին՝ այնտեղ՝ Որոտանի եզերքին: Բնաշխարհի իր այդ ինքնատիպ եզերքով Սահյանն ստեղծեց մի ամբողջ աշխարհ, որ Զանգեզուրն է՝ Սյունյաց երկիրը: Սահյանի բնաշխարհը շատ տեղային է ամեն ինչով, և այն հնարավոր չէ շփոթել Հայաստանի մեկ այլ վայրի հետ:
Զարմանալի էր նրանց գրական հարաբերությունը: Գրական միջավայրում, կենցաղում իրարից հեռու էին, բայց մեկի կողմից ասվող, մյուսի կողմից չասվող ներքին գնահատությունը կար: Մի բանաստեղծության մեջ Սահյանը դիմում է նրան և փոխաբերաբար ասում՝ Շիրա՛զ, դու անտառ ես, թո՛ւյլ տուր քո անտառի եզերքին խշշա նաև իմ դալար բարդին: Շիրազը, իբր, թույլ չի տալիս, ասում է՝ չէ՛, կկտրեմ… Սա, իհարկե, պետք է ընդունել որպես գրական շարժ՝ ասված ոչ թե Շիրազի կողմից, այլ՝ հենց իր՝ Սահյանի:
Այն, որ Շիրազը երգիծում էր իր ժամանակակից գրողներից շատերին, նրանց կպցնում սրամիտ ծաղրական անուններ, հայտնի է, իսկ Սահյանի կապակցությամբ ոչ մի բացասական խոսք չասաց: Իր հերթին Սահյանը Շիրազի պաշտամունք ուներ, մահախոսականի մեջ նրան համարեց առանձնահատուկ գրական ու մարդկային երևույթ, առասպել ու լեգենդ: Ասենք նաև, որ շատ սրամիտ էր նաև Սահյանը, որ պահպանվել է նրա թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում:
Եվ, իրոք, Շիրազն առասպել էր. Մաշտոց – Ամիրյան փողոցների անկյունում կանգնում էր իր տան առաջ, մարդիկ տեսնում, թեքվում էին դեպի նա և հարգանքով խոնարհաբար ողջունում նրան: Իսկ կանգառում ժամանակավորապես անշարժանում էին բոլոր տեսակի փոխադրականները, և մարդիկ, մեքենաների դռներից ու պատուհաններից իրար ցույց տալով՝ նույն հպարտությամբ ասում էին. այ, տե՛ս, իսկական Շիրազն է:
Սահյանը զուսպ էր, գիտեր՝ փառքի ետևից պետք չէ գնալ, ինքը կգա: Ինչպես Շիրազի, այնպես և իր դեպքում այդպես էլ եղավ: Սահյանն իր մեծարումը՝ գրախոսություններ, հանդեսներ, քննարկումներ, հանդիպումներ, պարբերական հոբելյաններ հատուկ չկազմակերպեց, բայց Սահյան կարդացողների, հասկացողների և գնահատողների թիվը գրքից գիրք ավելանում էր:
1950-1960-ականներին եղավ մի շրջան, երբ պաշտոնական քննադատության սլաքները գրողների միությունից ուղղվեցին Շիրազի դեմ՝ է՛լ կրոնախև, է՛լ ազգայնամոլ, է՛լ կյանքից կտրված… Շիրազը տոկաց և դիմացավ… առանց գրողների միություն մտնելու: Իրեն քննադատողներն այսօր հիշվում են միմիայն այդ սև հետագծով, իսկ ինքը իր ժողովրդի հավերժական անուններից է:
Սահյանն արտաքուստ հանդուրժող և համբերատար կեցվածքով, որ նույնն է, թե հավասարակշռված նիստուկացով շփվեց օրվա տերերի հետ, բայց ներքուստ իր բայն ասաց նախ՝ «Չէ՛, քո առջևն առնել շատ է անհնարին…» («Քարափների երգը», 1968, էջ 142), այնուհետև՝ «Ու եղավ ստի հրավառություն…», «Աղոթեմ» («Ինձ բացակա չդնեք», 1998, էջ 27, 151) բանաստեղծություններով: Շիրազն անկախությունը չտեսավ, Սահյանը տեսավ և իմաստուն պահվածքով հեռու մնաց քաղաքական գայթակղություններից:
Գրողի հարատևության գաղտնիքներից մեկն էլ այն է, թե որքանով են հանրակրթական և բարձրագույն դպրոցներում դառնում ծրագրային հեղինակ: Սա բարձրագույն գնահատություն է, որովհետև գրողը դառնում է իր ժողովրդի հոգևոր պատմության մասն ու մասնակիցը: Հիմա երկուսն էլ պատմության մեջ են և իրենց գրքերի էջերից հին ծանոթի պես ձեռքով են անում ընթերցողներին, իսկ դասագրքերից ողջունում աշակերտներին, որոնք պատմում են իրենց կենսագրությունը և անգիր արտասանում իրենց բանաստեղծությունները: Ակնհայտ է այն հոգևոր մեծ ժառանգությունը, որ նրանք թողեցին իրենցից հետո:
Հովհաննես Շիրազի գեղարվեստական ճանաչողության հիմքերը հայոց տոհմիկ բառ ու բանի խորքում են՝ այնտեղ, որտեղ «Վահագնի ծնունդի» քրմական ասքն է, հեթանոսական և քրիստոնեական ամբողջ բանահյուսությունը, միջնադարյան հոգևոր և աշխարհիկ տաղերգությունը, հետո նաև Գյումրվա կենդանի խոսքն ու զրույցը, սրամտությունն ու լեզվից թռչունի պես միանգամից թռչող իմաստուն խոսքը: Նրա ստեղծագործական աշխարհը հայն է ու Հայաստանը: Այստեղ նախ հայ մարդն է իր «Բիբլիական» ծնունդով ու առաքելությամբ, իր «Դանթեական» ճակատագրով, իր սիրո հեթանոս գիշերներով: Այստեղ ամբողջ Հայոց աշխարհն է իր հին ու նոր պատմությամբ, իր պատմությանը դեմք ու դիմագիծ տված դեմքերով, իր Արարատով ու Անիով, հայոց անլուր ցեղասպանությամբ և երկրի տարածքների կորստի հիշողությամբ, իր կառուցումով ու Սփյուռքով, իր լեզվով ու մշակույթով, իր բնաշխարհով ու տեղանուններով, իր գոյաբանությամբ ու վաղվա հույսերով: Այս բացվող, ծավալվող հսկայական նյութը Շիրազը բանաստեղծության ու պոեմի էր վերածում գեղարվեստական ինքնատիպ պատկերներով, բազմաքանակ նորաբանություններով, ներշնչանքի մեջ ասես տիեզերական միգամածությունը խտացնում և կերտում էր հոգու մի նոր եզերք: Տեղ-տեղ նրա պատկերներն ասես կրում են աշխարհաստեղծման արարչությունը: Համոզվելու համար պետք է ընդամենը կարդալ նրան:
Համո Սահյանն առաջին հերթին եկավ իր բնաշխարհից, այդտեղից վերցրեց թե՛ իր նյութը, թե՛ այդ նյութը ներկայացնելու ձևը: Նա լսեց բնության ձայնը, սովորեց բնության լեզուն և իր ժամանակն ու իր ժամանակի մարդուն տեսավ բնության այդ հավերժական ժամանակի մեջ: Դեպի բնաշխարհ տանող ճանապարհին նա հանդիպեց Հովհաննես Թումանյանին, հոգեպես հաղորդակցվեց նրա հետ և դարձավ նրա դժվար շարունակվող ավանդույթների կրողն ու շարունակողը: Բնաշխարհը նրան տվեց ոչ միայն իր քար ու քարափի ամրությունը, այլև շողի ու ցողի նրբությունը: Այստեղ էլ նա հայտնաբերեց ի՛ր Հայաստանը՝ իր պատկերներն ու գույները, իր բառ ու բանը: Մի ամբողջ գունավոր շարժանկար է՝ հայ մարդը իր բնաշխարհում, իր ամենօրյա աշխատանքի մեջ, իր գերդաստանում, իրիկնահացի սեղանի շուրջը, մեծի ու փոքրի իր հարաբերություններում: Անպակաս են քարաքոսի ու մամուռի, դաղձի ու սամիթի, նոր թխած լավաշ հացի և արևի տակ փռած չորացող մրգերի հոտերը, համերն ու բույրերը: Սա ոչ թե նահապետական աշխարհ է, այլ՝ ապրած կյանքի մի ժամանակը, որ հիմա հեռացող հայրական տան պես ճեղք է տալիս ու քանդվում: Բայց ամեն ինչ ոչ միայն կորչող ժամանակ չէ, այլև ամեն գարնան հետ նորոգվող խնկահոտ, որտեղ շնչում են ոչ միայն ծառն ու ծաղիկը, այլև քարն ու քարափը և վերածվում քարե պատարագի:
Շիրազի ժառանգությունը՝ տպագիր և անտիպ ամբողջ ստեղծագործությունը, մեծ ու փոքր պոեմները, տարաբնույթ բանաստեղծությունները, առակներն ու քառյակները մի մեծ հոգևոր ամբողջություն են, որ սպասում են իրենց ներհուն ուսումնասիրողին:
Սահյանի ամբողջ վաստակն իր գրքերում է: Անտիպ էջեր չի թողել: Նրա ժառանգությունը ևս կարիք ունի նոր ու խորքային ուսումնասիրության: Նրա հիմքերը խորանում են ոչ միայն դեպի Թումանյան, Տերյան ու հայ միջնադարյան և՛ տաղերգություն, և՛ մանրանկարչություն, այլև դեպի չինական պեյզաժային պոեզիա, որտեղ լեռն է, ճանապարհն է, անցորդն է ու իր բախտը…
Մեր առջև են իրենց 110-ամյակը բոլորած երկու մեծ բանաստեղծներ, որոնցից յուրաքանչյուրի հայելային անդրադարձը, այս արագ փոխվող ժամանակների բոլոր բեկումներով հանդերձ, պահպանում է նրանց նույնականությունն ու պատմական նշանակությունը:

 

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։