ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ («18-33. արդի հայ արձակ» անթոլոգիան) / ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

18-33

Տպագրվել է «Գրական թերթ», 2009 թ.

Տարիքային որոշակի սահմաններ ներկայացնող թվերի միջև ընկած տարածություն-ժամանակը, որը սովորաբար գծիկով է արտահայտվում, ոչինչ չի ասում ոչ տարեթվերի և ոչ էլ դրանց միջև ընկած մարդկային կյանքի մասին: Եվ ընդհանրապես, տարեթվերը միայն կոնկրետ կեցությունների կամ պատմական շրջանների հետ հարաբերության դեպքում են իմաստավորվում: Նույն կերպ «18-33» վերտառությունը հայ արդի արձակի մասին ոչինչ կամ գրեթե ոչինչ չի ասում: Մյուս կողմից` որոշակի պարզ թվաբանության արդյունքում հնարավոր է երկու թվերին համարժեք իմաստավորումներ գտնել: Մասնավորապես` 18-ը մեր պետության տարիքն է, այսինքն` ժողովածուում ընդգրկված երիտասարդների մի մասը տարեկից է մեր նոր իրականությանը: 19-ից մինչ 33 ընկած տարիքավորներն էլ միաժամանակ երկու իրականությունների ու հասարակարգերի ծնունդն են, այդտեղից բխող բոլոր վատ ու լավ հետևանքներով:
Իհարկե, միամտություն կլիներ հայ արդի արձակի անթոլոգիայում տեղ գտած ստեղծագործությունների ծնունդը միայն որոշակի պատմական ժամանակի և նույնիսկ տարածության հետ կապելը: Անթոլոգիան իմաստավորելու կամ գնահատելու համար քիչ կլինի նաև տարիքային սահմանների և նրանց միջև ընկած առանձին կյանքերի ճանաչումը: Քանի որ կենդանի գրականությունը միշտ ավելին է, քան որևէ երկու թվերի միջև ընկած աներևույթ ժամանակահատվածի պարզ տարեգրությունը: Սակայն քրոնոտոպի ընկալումների համակարգն այն բանալին է, որով հնարավոր է մոտենալ երիտասարդ արձակագիրների ստեղծագործությանը առանձին-առանձին և ընդհանրության մեջ: Այս տեսանկյունից հիմնավոր է նաև անթոլոգիայի ժամանակային-տարիքային միավորներով ստեղծված վերնագիրը, քանի որ հեղինակի տարիքը համեմատական է կենսափորձի հետ, որն էլ արձակի դեպքում ուղիղ համեմատական է գեղարվեստական առանձնահատկություններին` գրի որակին, գաղափարի կայացածությանը, ասելիքի հստակությանը, կառուցվածքային ավարտունությանը և այլն:
Ժամանակն է, որ մոտեցնում է անթոլոգիայում ընդգրկված բոլոր հեղինակներին և միևնույն ժամանակ տարբերում ըստ այդ նույն ժամանակի ընկալումների: Գրեթե տարեկից ու գրեթե միևնույն ժամանակ ստեղծագործած հեղինակներից յուրաքանչյուրի դեպքում սահմանափակ ժամանակն ու տարածությունը, որոնք արձակի դեպքում որոշիչ դեր ունեն, շատ տարբեր են, լցված տարբեր կենսանյութով ու ընկալմամբ: Ժամանակի ու ժամանակային տարբեր ընկալումների պատճառով տարբեր են պատմվածքների գեղարվեստական ռիթմներն ու պատումների առանձնահատկությունները: Յուրաքանչյուր հեղինակ իր կենսական ժամանակի մեջ ու դրա հարաբերությամբ է փորձում ստեղծել իր գեղարվեստական ժամանակը: 13 առանձին հեղինակների ժամանակներն ամբողջացնող անթոլոգիան ամփոփում է հայ արձակի վերջին տասնամյակը: Անթոլոգիայում իրենց լավագույն գործերով երևում են արդի արձակի նոր սերնդի գրեթե բոլոր հեղինակները:
Արդի հայ արձակում դեռևս առաջին երևումով իր խոսքն ասած Համբարձում Համբարձումյանի պատմվածքներում ժամանակը որպես կանոն շատ հստակ է ու կարճ` մեկ գիշեր, մեկ օր և այլն: Ժամանակային նեղ սահմաններն էլ հեղինակին թույլ չեն տալիս լճանալ ու պատմվածքի համար կործանարար փիլիսոփայումների տրվել, ինչն էլ պատումի մակարդակում ապահովում է դիպաշարի արագ զարգացում, իրավիճակային կտրուկ փոփոխություններ ու նովելային անակնկալ ավարտներ: Ու, որպես կանոն, որքան սեղմվում է ժամանակը, այնքան արագ են դառնում անցումները, և ավելի դրամատիկ է դառնում պատումը: Նոր ու զարմանալիորեն կենդանի են Համբարձումի շենգավիթյան տրագիֆարսերը, անչափահաս հերոսների հասունացման ճանապարհի թախիծն ու փոքրիկ ողբերգությունները, թոքերում այդպես էլ չհավաքվող օդը և այրման սպասող տունը, կորած սերունդ լինելու ողբերգական գիտակցումն ու ի վերջո` անելանելիությունը. «Էդ գիշեր ես ու մայրս նստել էինք մեր դռան մոտ ու տուն չէինք մտնում: Մայրս լաց էր լինում, իսկ ես չգիտեի, թե ինչ անեմ» («Էդ գիշեր»): Համբարձում Համբարձումյանի` շենգավիթյան փակ տարածության ու ժամանակի մեջ ապրող հերոսները թեև հիմնականում համակերպվել են իրենց իրականության հետ, սակայն կրում են արձակագիր Մհեր Բեյլերյանի կողմից ճշգրտորեն սահմանված «Չիրագործված մի ամբողջ կենսագրության թախիծ» («Գիշեր, ձյուն, ցեխ…»):
Ի տարբերություն Համբարձումի, անթոլոգիան բացող Հրաչյա Սարիբեկյանն ու Մհեր Բեյլերյանն առավել հակված են ժամանակի փիլիսոփայական-հավերժական ընկալումների, ինչն էլ նրանց թույլ չի տալիս հետևել կենդանի ժամանակի ընթացքին: Հեղինակների արտաքուստ տարբեր արձակը նմանվում է ժամանակի միակերպ ընկալմամբ: Երկուսի գործերում էլ ժամանակը կանգնել է կամ շարժվում է մեկ այլ, ոչ իրական ռիթմով, այստեղից էլ երազային պատումն ու փիլիսոփայական ընդհանրացումները. «Ժամանակը հորս ճոճաթոռի ու պատի ժամացույցի ճոճանակի տատանման միջակայքն ընկել, տարուբերվում-դուրս չէր գալիս» (Հ.Սարիբեկյան, «Գուշակություններ հայելիներով»), կամ` «Բայց շուտով երկուսին էլ տիրում է ժամանակի անիմաստության կսկիծը և գնացքում մեկընդմիշտ մնալու սարսափը: Նրանք իրար են նայում, բայց չեն նկատում միմյանց: Մենակ-մենակ, տխուր-տխուր» (Մ. Բեյլերյան, «Շոգեքարշը»): Հրաչյա Սարիբեկյանի էկզիստենցիալ, երբեմն եվրոպական և լատինամերիկյան գրականությամբ միջնորդավորված մտորումները երբեմն մնում են որպես մտորումներ: Անընդհատ փախչող կամ սեփական մահվանն ընդառաջ գնացող հերոսները մեռնում են ձանձրույթից: Գեղարվեստական ժամանակի կանգառը, դանդաղ զարգացող պատումը հերոսներին մղում են շարժում ստեղծել շարժման բացակայությամբ, որը երբեմն ստացվում է, երբեմն` ոչ, և փոխարինվում հեղինակային երկար խորհրդածություններով:
Բարձրաձայն մտորումների առատությունից տուժում է նաև Մհեր Բեյլերյանի արձակը: Մհերի «խելագար» հերոսները նույնպես ձանձրանում են, սակայն համակերպվում են իրենց անշարժում իրականության հետ: Այս դեպքում նրանց հոգում նիրհող մեկ այլ իրականության հուշը, երազը այդպես էլ երազ է մնում, քանի որ հերոսները իրենց տաղտկալի առօրյայում նրա համար տեղ չեն գտնում «…բայց ժամանակ չունեմ, երազի համար արդեն չունեմ ժամանակ» («Հրաժեշտ Մերինեին»): Մհեր Բեյլերյանի ժամանակային ընկալումների ցուցիչը դանդաղ դեպի անդունդ գնացող շոգեքարշն է, իսկ ներկայացվող ժամանակները, եթե իրականության հետ առնչություն ունեն, ապա միայն անուղղակի. «Սրանք ևս կորցրել են ժամանակի զգացողությունը, առավել ևս, որ ապրում են կատարյալ խավարի մեջ: Նրանք շարունակում են սնվել և քնել զուտ սովորության բերումով: Այդքան էլ հեշտ բան չէ ժամանակից հետ սովորելը: Սակայն կովերի համար համեմատաբար հավերժ լինելն ավելի դյուրին է, քան` մարդկանց, կովերը չեն գիտակցում իրենց գոյությունը: Մարդիկ գիտակցում են ու փորձում արդարացնել այդ գոյությունը» («Շոգեքարշը»):
Ժամանակային հավերժական ընկալումներին անթոլոգիայում հակադրվում են նաև մի քանի այլ հեղինակներ: Սևադա Գրիգորյանի պատմվածքների ժամանակը առավելապես կենսագրական անցյալն է, ներկան դեռ չի կայացել: Եթե նույնիսկ ներկան առկա է, ապա այն դեռևս գեղարվեստական ձև չունի: Արտավազդ Եղիազարյանի ժամանակն արդեն միայն ներկան է` առանց պատմության ու ապագայի: Ներկան էլ, սովորաբար, մասնատված է առանձին փոքրիկ տեսարանների, որոնք էլ ավելի են աղքատացնում պատմվածքների ներքին ժամանակը:
Հարութ Կբեյանը թեև փորձում է սինթեզել ժամանակները, միացնել կենսագրական ու օրացուցային ժամանակները, սակայն նրա պասիվ հայեցողական վերաբերմունքի ու բարձրից կատարվող վերլուծությունների պատճառով գեղարվեստական ժամանակը չի ամբողջանում. «Ու կյանքին էլ հանգիստ էր նայում, առանց ավելորդ հույզերի, առանց նախանձի, տրամաբանության, մեղադրանքի: Ու տարվա բոլոր օրերին ինքը երջանիկ է» («Տարվա եղանակները»):
Ուշագրավ է արձակագիր Արեգ Ազատյանի պատմվածքների ժամանակը: Պատմվածքներում, ըստ էության, ժամանակը բացակայում է: Իհարկե, ընդհանուր առմամբ այն կա, վերացական-հովվերգական ժամանակի տեսքով, ի վերջո` որոշակի շարժում ու գործողություններ կան, սակայն սովորաբար այնքան անորոշ են պատկերվող իրադարձությունները, որ ժամանակի կարիք չի էլ առաջանում. «Ես արդեն երկու հարյուր հիսուն տարի է, ինչ դժգոհում եմ: Չնայած իմ էությամբ դժգոհ չեմ, անմոռանալի հիշողությունները բորբոքում են նյարդերս և չեն թողնում, որ հանգիստ ապրեմ» («Փոքրիկ պատմություն դաշնամուրի ներսում»):
Առավել նոր սերնդի արձակագիրները` Արամ Պաչյանը, Սարգիս Հովսեփյանը, Նառա Վարդանյանը, Աննա Դավթյանը, դեռևս իրենց գեղարվեստական ժամանակի փնտրտուքի մեջ են: Պատմվածքից պատմվածք ժամանակային ընկալումները փոխվում են, ինչը խոսում է գրողի հասունացման ու գրի կայացման ընթացքի մասին, որը գնահատելու համար այն պետք է ընդհատել. «Լուռ ակնթարթը ձգվեց, դարձավ հավերժություն, իսկ հավերժությունը գնահատելու համար դեռ պետք է ընդհատել այն» (Ս. Հովսեփյան, «SCHOLA MORTI»), կամ էլ ինչպես Աննա Դավթյանի շատ խոստումնալից պատմվածքում է` պետք է ընդհանուր պլանով նայել. «Ես կանգնում եմ վերջին գերեզմանաքարի վրա` ընդհանուր պլանով նկարելու»: Սակայն մինչ ընդհանրացումը` Աննայի հերոսուհին տանջվում է անցյալի ու ներկայի` լողանալու համար նախատեսված «երկու տաշտերի» միջև, տանջվում է ֆիքսման արժանի կադր, գեղարվեստական դառնալու հարմար ժամանակ գտնելու միջև. «Ես գերեզմանոցի մեջտեղում տանջամահ եմ լինում` ֆոկուսը խխունջի վրա բռնելու ու մի կարգին բան նկարելու, բայց ապարատը համը հանում է, որովհետև ֆոկուս բըռնելը նրա ամենաուժեղ կողմը չէ: Տատս ու մերս արդեն գտել են տատիս մոր գերեզմանը, ու տատս սպասում է լուսանկարվելուն: Ես խխունջներ եմ նկարում, իսկ նա անդադար փոխում է դիրքը, դեմքի արտահայտությունը ողբերգական է, մորս լալու հրահանգներ է տալիս» («Ընդհանուր պլան»):
Իհարկե, միայն քրոնոտոպի քննությամբ հնարավոր չէ պատկերացում տալ հայ արձակի անթոլոգիայում ընդգրկված 13 հեղինակների ստեղծագործությունների մասին: Այդուհանդերձ, քրոնոտոպը այն բացարձակ միավորն է, որով ու որի հարաբերությամբ չափվում է ինչպես կյանքն ընդհանրապես, այնպես էլ արվեստն ու գրականությունը: Իսկ չափման մյուս համակարգերը լոկ ժամանակի հարաբերությամբ են իրացվում: Ժամանակաjին այս ընկալումները լավագույնս բնութագրում են հեղինակների ստեղծագործությունները, որոնք արտաքուստ բազմազանությամբ հանդերձ մեկ ընդհանուր չհաղթահարված անցյալի, չկայացած ներկայի ու անորոշ ապագայի ժամանակային ծնունդ են:
«18-33. արդի հայ արձակ» անթոլոգիան, որ կազմել ու խմբագրել են Լիլիթ Գալստյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը, նույնպես մի գտնված ու ընտրված ընդհանուր պլան է, որով գիրքը հրատարակած Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտնում է իր քաջալերանքը, համերաշխությունն ու գնահատանքը արդի հայ գրականությանն ու միշտ զոհաբերման պատրաստ երիտասարդներին. «Կյանքի բոլոր հրաշքները, այդ թվում և հատկապես` գրականությունը, զոհաբերությամբ է չափվում, բայց նրանք համառություն ունեն արարելու ցավին դիմանալու, բառի խորհուրդը, կախարդանքն ու դառնությունը սանձելու և հաղթելու կամք: Նրանք փորձում են գտնել այն, ինչը բոլորը տեսնում են, բայց չեն նկատում, ունեն աղմուկը լսելու, նրանից բաժանվելու կամ այն զատելու` ընտրյալներին տրված կիրքը», – ասվում է ժողովածուն բացող խմբագրական պատմվածք-առաջաբանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.