ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԻ «ԱՐՇԻԼ ԿՈՐՔԻ» ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / Գագիկ ԽԱՉԻԿՅԱՆ

Գագիկ ԽԱՉԻԿՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արդի հայ գրականության մեջ կենսագրական վեպի բնագավառը համալրեց սփյուռքահայ ճանաչված գրող Սարգիս Վահագնի (Փաթափության) 2004 թ. Լոս Անջելեսում տպագրված «Արշիլ Կորքի» վեպը։ Այս վեպի գլխավոր հերոսը 20-րդ դարի ամերիկահայ գեղանկարիչ Ոստանիկ (Մանուկ) Ադոյանն է (1902-1948), որը միջազգային ճանաչման է արժանացել Արշիլ Գորկի ծածկանունով։ Սփյուռքահայ գրողի կենսագրական վեպը ԱՄՆ-ում 1920-ական թթ. հանգրվանած նկարչի կերպարը գեղարվեստորեն կերտված հաջող փորձերից է և նկարչի նաև կյանքի ու ստեղծագործության հիմնական առանձնահատկություններին ծանոթանալու լավագույն հնարավորություններից մեկը։
Ս. Վահագնի պատմվածքների ժողովածուների կապակցությամբ դիպուկ դիտարկումներ են կատարել Պ. Զեյթունցյանը, Գ. Սևանը, Արամ Հայկազը և ուրիշներ։ Գրողի «Հաճը՜նը սիրուն» (2017) վեպի վերաբերյալ «Գրական թերթում» գրախոսություն է տպագրել գրականագետ Պ. Դեմիրճյանը։ Արձակագրի «Արշիլ Կորքի» վեպի մասին 2016 թ. ուշագրավ մագիստրոսական թեզ է պաշտպանել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Լ. Սարգսյանը։ (Այն չի տպագրվել. թեզի էլեկտրոնային տարբերակը ինձ է տրամադրել Սարգիս Վահագնը – Գ. Խ.)։ 2017 թ. Երևանում լույս տեսնող «Ազգ» թերթի համարներից մեկում տպագրվել է այս տողերի հեղինակի «Կենսագրական վեպ ամերիկահայ նշանավոր գեղանկարիչ Արշիլ Գորկու մասին» հոդվածը։ Այն դրվատական արձագանքի է արժանացել Լոս Անջելեսում բնակվող վեպի հեղինակի կողմից։ («Այդպիսի հոդված իմ վեպի մասին Ամերիկայում չի տպագրվել»,- ասել է նա ինձ հետ հեռախոսազրույցի ժամանակ – Գ. Խ.)։ Վեպի մասին ուշագրավ դիտարկումներով առանձնանում է սփյուռքահայ հայտնի մտավորական, գրականագետ Ե. Ազատյանի «Սարգիս Վահագնի «Արշիլ Գորկի» վեպը» վերնագրով հոդվածը, որը զետեղվել է վեպի 2022 թ. տպագրված երևանյան վերահրատարակության մեջ՝ իբրև առաջաբան։ Այս հրատարակությունը վեպի՝ արևմտահայերենից գրական արևելահայերենի փոխադրված տարբերակն է, ինչը վկայում է վեպի՝ արևելահայ ընթերցողների կողմից պահանջված լինելու մասին։
Մեր այս նոր հոդվածում Ա. Գորկու կերպարի մեկնաբանությանն անդրադարձել ենք իբրև պրոտագոնիստ հերոսի, որն իր արվեստագետի անհատականության ու ազգային պատկերացումների տեսանկյունից յուրովի է առանձնանում ԱՄՆ-ի նյույորքյան գեղանկարիչների միջավայրում։ Մեր վերլուծության մեջ միաժամանակ նրա կերպարը ներկայացրել ենք վեպի գեղագիտական-գեղարվեստական հատկանիշների ու ճանաչողական առանձնահատկությունների դիտանկյունից։ Ցանկացել ենք գլխավոր հերոսի կերպարի միջոցով բացահայտել սփյուռքում հայտնված հայ մարդու կյանքի դժվարին ելևէջները, նշանավոր արվեստագետի ներաշխարհում խմորվող ազգային ու համամարդկային աշխարհընկալումների, բարոյական ու գեղագիտական պատկերացումների յուրօրինակ համադրումները։
Նկատենք, որ այս կենսագրական վեպում Ցեղասպանությունն ու դրա հետևանքները, մեր կարծիքով, յուրովի են դրսևորվում իբրև հայ մարդու՝ արմենոիդ մարդաբանական տեսակի փորձության մի նոր փուլ։ Երևույթի արդյունքներից մեկը հայկական Սփյուռքի և սփյուռքահայ գրականության առաջացումն էր, այդ թվում՝ Ս. Վահագնի «Արշիլ Կորքի» կենսագրական վեպի ստեղծումը։ Վերջինս իր հերթին միտված էր գլխավոր հերոսի մեջ բացահայտելու հայ մարդու, մարդաբանական այդ ուրույն տեսակին պատկանող ներկայացուցչի մեջ ստեղծագործական բարձր ընդունակությունների դրսևորումները։ Այս հանգամանքն իր հերթին նպաստում է հայ մարդուն օտարներին այս տեսանկյունից ևս ճանաչելի դարձնելու նպատակին։ Նման գերխնդրի լուծմանը գրողը հասել է նորովի ըմբռնված ռեալիզմի որոշակի սկզբունքներով առաջնորդվելու շնորհիվ։ ԱՄՆ-ի 1920-ից 40-ական թթ. իրականության տիրույթում իր վեպի գլխավոր հերոսին գեղարվեստորեն մարմնավորելու համար հեղինակը հենվում էր աշխարհը իրատեսորեն հետազոտելու և կենսական ճշմարտությունը պատկերելու հանդեպ իր հակումների վրա։ Սփյուռքահայ գրողի այս վեպում կարևորվում է գոյապաշտության (էքզիստենցիալիզմ) փիլիսոփայության և գրական փորձի նշանակությունը, ինչպես նաև վեպի հերոսին վերհուշերի մեջ պատկերելիս «գիտակցության հոսքի» հնարքն օգտագործելը իբրև «գեղարվեստական տարածք ստեղծելու միջոց»։ Այս ամենով հանդերձ՝ ասենք, որ վեպի հեղինակը իր ուշադրությունը սևեռել է հատկապես գեղանկարիչ Արշիլ Գորկու ինքնատիպ գեղանկարչական կտավներում ազգային ու համաշխարհային արվեստի համադրումներով դրսևորված առանձնահատկությունների ու հերոսի ներաշխարհի բացահայտումների վրա։ Իսկ իր կիրառած գեղարվեստական սկզբունքների կապակցությամբ Ս. Վահագնը «Նախաբանում» գրել է. «…Եղելութիւնները, դէպքերը, ժամանակն ու միջավայրը, ինչպէս նաեւ Կորքիին հետ առնչուող եւ անոր շուրջը գործող տիպարները, թէեւ սեւևեռված են, մեծ մասամբ, իրականութեան համապատասխանող հաւատարմութեամբ, նոյնիսկ անփոփոխ պահելով անձնանուններն ու տեղանունները, բայց բնաւ չեն յաւակնիր ըլլալու տառացիորէն ճշգրիտ եւ մանրամասն կենսագրական ուսումնասիրութիւն մը»։
Հայոց ցեղասպանության դրամատիկ ու ողբերգական հետևանքների բեռը կրող, Սփյուռքում հայտնված հայ մարդու մեջ մարդկային ու ազգային բնավորության տարբեր դրսևորումների գեղարվեստական արտահայտությունը սփյուռքահայ գրականության մեջ նպաստում են տեսնելու և ճանաչելու հայ մարդու էության նաև այնպիսի կողմերը, որոնք կրում էին աշխարհի տարբեր երկրների հասարակական, մշակութային, կենցաղային բարքերի ազդեցությունը։ «Սփիւռքահայ գրականութեան շնորհիւ մենք մեզ սկսում ենք աւելի լավ ճանաչել»,- գրել է գրականագետ Ս. Դանիելյանը։ Նյու Յորքի գեղանկարչական արվեստի ներկայացուցիչների միջավայրում հեղինակն իր հերոսին ներկայանում է արվեստագետի իր ներքին էությամբ ու հայ երիտասարդին բնորոշ նախասիրություններով, կորցրած հայրենիքի մասին հուշերով։ Նրա համար թանկ արժեքներ են ազգային ավանդույթները, հայի հոգեկերտվածքի դրսևորումները, բարոյական պատկերացումները, որոնք յուրովի համադրվում են ամերիկյան բարքերի, նկարիչների բոհեմական միջավայրի նիստուկացին: Իրատեսականորեն և հայոց Ցեղասպանության դիպուկ դատապարտությամբ է ներկայացված նաև արվեստագետի ծածկանունը ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու անվան հետ կապելու և իրեն նրա զարմիկ լինելու հորինվածքը, ինչպես նաև Եվրոպայում նկարչության մեջ վերացապաշտության հիմնադիր Վ. Կանդինսկուն աշակերտելու մասին պատմությունը։ Նկարագրվում է նաև Ա. Գորկու և Վ. Սարոյանի հանդիպման մի դրվագը, ուր նշանավոր գրողը նրան ևս հեգնանքով դատապարտում է օտար անուններով ծածկանուն ունենալու համար։ Այդ հորինված պատմությունների հեղինակային ծանրակշիռ հիմնավորումը միահյուսվում է հերոսի մտորումների հետ, ուր ընդգծվում է այն իրողությունը, որ օտար միջավայրում նաև այդ կերպ հարմարվելու և ինքնահաստատվելու համար նա չի երկնչել նման պատմություններ հորինելուց։ Չէ՞ որ այդ վիճակում նա հայտնվել էր իր հայրենիքում թուրք եղեռնագործների իրականացրած արևմտահայության Ցեղասպանության հետևանքով, մինչդեռ աշխարհի մեծ տերությունները նկարչի կենդանության օրոք ըստ արժանվույն չդատապարտեցին հանցագործ երկրի իշխանություններին։ Ինքը մոր շնորհիվ քույրերի հետ մի կերպ կարողացավ փախչել դժոխքից և հայտնվել Արևելյան Հայաստանի տարածքում։ Հեղինակի նպատակն է եղել ընդգծված կերպով ցույց տալ, որ նկարիչը թեև օտար անունով էր հանդես գալիս, սակայն իր ներքին էությամբ ու աշխարհընկալումներով ոչ միայն չէր հեռացել ազգայինից, այլև ավելին, նկարելիս սիրում էր լսել ազգային երաժշտություն (Կոմիտասի երգերից), հիացած էր Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի մանրանկարներով։ Ա. Գորկին անվան հետ կապված անմեղ հորինվածքներով ձգտում էր ամեն կերպ ինքնահաստատվել ԱՄՆ-ի արվեստագետների միջավայրում, ինչին նա ի վերջո հասնում է, ինչ խոսք, ոչ թե իր անվան, այլ՝ ինքնատիպ տաղանդի և նկարելու անժխտելի բարձրակարգ ընդունակության շնորհիվ։
Հրաշքով ողջ մնացած հայ գեղանկարչի մասին այս երկը կենսագրական վեպի հեղինակային այն տարբերակն է, ուր գլխավոր հերոսի մանկությունը ներկայանում է ընթերցողին նրա վերհուշերի միջոցով, իսկ կերպարի ներքին ապրումների ու մտորումների շնորհիվ զգացվում է հոգեբանական վեպի և համաշխարհային գրականության մեջ գիտակցության հոսքի գեղարվեստական փորձի յուրացումները։ Բացի այս՝ վեպի ողջ տիրույթում հեղինակը Ա. Գորկուն ներկայացնում է ազգային-մշակութային արժեքների հետ կապը պահպանելով հայեցի ապրելու գոյապաշտական ներքին մղումների տիրույթում, ինչը դրսևորվում է նույնիսկ գեղանկարչության մեջ նորարարական արվեստի՝ վերացական-արտահայտչապաշտության ու սյուրռեալիզմի ասպարեզում, ուր անվերապահորեն հասնում է միջազգային ճանաչման։ Վկայակոչենք արվեստաբան Ռոբերտ Ջնասի ուշագրավ հետևյալ դիտարկումը. «Գորկու հարուստ հայկական անցյալը սրում էր նրա գիտակցությունը: Դուք ամեն պահ զգում էիք, որ նա երբեք այստեղ չէ, որ նրա անցյալի ցավը երբեք չի անցել: Գորկու գործերն ունեն հայկական ջերմություն և պարային որակ: Գորկին էր առաջինը, որ իր բանաստեղծական երևակայությամբ վերջ տվեց կուբիզմին… նա կրքոտ սեր ուներ անցյալի հանդեպ»։ Նկատենք նաև, որ վեպը գրելու շարժառիթը հեղինակի համար եղել է ֆրանսիական «Էքսպրես» շաբաթաթերթի մի հոդվածում Ա. Գորկուն հրեա համարելու հանգամանքը։ Ուստի, Ս. Վահագնի համար Ա. Գորկու հայկականությունը մատնանշելու միտումը վեպի գեղարվեստական ամբողջության մեջ դառնում է գերխնդիր։
Վեպի նախադրության մեջ Ա. Գորկին ներկայանում է իր ամենանշանավոր ստեղծագործության՝ «Նկարիչն ու իր մայրը» կտավի ստեղծման ուղղությամբ հայտնված ներքին ապրումների, մոր մասին սրտակեղեք վերհուշերի մեջ։ Իսկ դրանց միջոցով ընթերցողը ծանոթանում է ոչ միայն մոր հանդեպ բացառիկ որդիական սիրո դրսևորմանը, այլև բացահայտվում է այն դրամատիկ ու ողբերգական իրողությունների դաշտը, ուր հայտնվել էր Ոստանիկը իր մանկության ու պատանեկության շրջանում, երբ հայրը՝ Ս. Ադոյանը, դեռևս Վանի մոտ, Խորգոմ գյուղում ապրելիս, 1908 թ. լքել էր նրանց և գնացել ԱՄՆ, հետագայում ամուսնացել ուրիշ կնոջ հետ։ Նկարչի մայրը՝ Շուշանիկը, դիմացել էր փորձություններին նաև այն ժամանակ, երբ 1915 թ. կոտորածների շրջանում իր երեք դուստրերին և որդուն տիրություն անելով՝ կարողացել էր անցնել սարսափներով լի ճանապարհ և հանգրվանել Երևանում։ Հանուն երեխաների սովամահ եղած ու անգերեզման մնացած մոր հիշատակը շարունակ մորմոքում էր երախտագետ նկարիչ որդու հոգին, և վերջինս ցանկանում է մորը յուրովի անմահացնել՝ ստեղծելով նրա գեղանկարչական կերպարը։ ԱՄՆ-ում Ագապի քրոջ տանը հայտնաբերելով իր և մոր՝ Վանում կատարված լուսանկարը՝ նա ստեղծում է իր հանրահայտ գեղանկարը «Նկարիչն ու իր մայրը» վերնագրով։ Նա դիմանկարներ գծանկարելու մեջ վարժվել էր, նույնիսկ Բոստոնի կինոդահլիճներից մեկում հինգ վայրկյանում ԱՄՆ-ի հինգ նախագահների նկարները գծանկարելով՝ հինգական դոլար էր վաստակել: Իսկ ահա մոր դիմանկարը ստեղծելը հոգեբանական ու ստեղծագործական շատ ավելի բարդ խնդիր լուծելու առաջ էր կանգնեցրել նրան: «Ինք կ’ուզեր, որ մօրը նկարը խորք ու ձեւի միաձոյլ ամբողջութիւն մը ըլլար, ուր համադրուէին գոյն, գիծ, կառոյց, կշռոյթ, ծաւալ ու սլացք: Եւ այս բոլորը, պարզ ու մատչելի՝ բոլորին: Եւ որ սակայն անոնք չդադրէին խոր արտահայտչականութեամբ խորհրդանշել մօրը էութիւնը, անոր հոգեկան հորիզոնը, կեանքը, զրկանքներն ու տառապանքը, յոյսերն ու երազները, լացն ու ժպիտը, հայութիւնն ու մարդկայնութիւնը: Մեկ նկարի մէջ այդպիսի բարդ տիեզերք խտացնել, յաւակնութիւն մըն էր, որուն մատչիլ կ’ուզէր անպայման, որովհետև համոզուած էր, թէ կատարելութեամբ միայն արժանաւորապէս պիտի կարողանար վերակենդանացնել մայրը»: Այս նկարի վրա նա աշխատել է երկար տարիներ և հատկապես 1926-42 թթ. ստեղծել է տարբերակներ, փորձել է նկարել տարբեր գեղանկարչական ուղղություններին բնորոշ ոճերով։ Նկարելու սկզբունքի երկընտրանքը վկայում է Ա. Գորկու համար դրանց և՛ մատչելիության, և՛ այդքանով չբավարարվելու, ուրույն, ինքնատիպ մոտեցում հանդես բերելու նրա ձգտումների մասին: «Նկարիչն ու իր մայրը» նկարը մեկնաբանողները զուգահեռներ են անցկացրել դրա և Վերածնության դարաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամայր» նկարի միջև։ Արվեստաբան Շ. Խաչատրյանը գրում է. «Լուսանկարի հիման վրա ստեղծված «Նկարիչն ու իր մայրը» հանճարեղ կտավն ակամա հիշեցնում է Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամորը»։ Ռաֆայելի Տիրամայրը, աչքերում՝ տագնապ, աշխարհին է նվիրաբերում որդուն։ Իսկ այստեղ Ոստանիկ-Գորկի որդին աշխարհին է ներկայացնում իր կորուսյալ մորը՝ որպես կորսված հայրենիքի ու նրա գեղեցկության խորհրդանիշ»։ Կարելի է ասել նաև, որ գրողը մոր նկարի մեկնաբանման մեջ ավելացրել է կեցության գոյաբանական իր ընկալման այլ երանգներ ու մտահոգություններ, լիարժեք դարձնելու համար մոր ազգային ու անհատական դառն ու դաժան ճակատագիրն ու իր զավակներին կոտորածներից փրկելու համար գործադրած անմնացորդ նվիրվածությունն ու հոգու անմեղությունը: «Նկարիչն ու իր մայրը» նկարի կապակցությամբ ավելացնենք հետևյալը, որ այստեղ գիտակցաբար թե ենթագիտակցորեն նկարիչն արտահայտել է նաև մոր և մանկան (որբի) արքետիպային էության մասին իր պատկերացումների կերպարային տարբերակները։ Եթե մայրը (ըստ Կ. Յունգի) խորհրդանշում է թե՛ իրական մորը և թե՛ մայր երկիրը և փոխաբերական իմաստով մայրության մասին պատկերացումները, ապա պատանի Ոստանիկը նկարում որբ որդին էր, որը հետագայում հայտնվել էր օտար միջավայրի մեջ՝ ինքնահաստատվելու բարդ իրողությունների առջև իր վարանոտ տեսքով՝ ապագայի անորոշության հանդեպ դեռևս հենված մոր բարոյական ուժի իներցիայի վրա։
Հեղինակն իսկապես իրատեսական մոտեցմամբ է ներկայացնում ԱՄՆ-ում Ա. Գորկու դեմ ծառացած իրական դժվարությունները հաղթահարելու ջանքերը։ Այդ ամենի միջով անցնելու համար, անշուշտ, անհրաժեշտ էր օժտված լինել ուժեղ կամքով, նպատակին հասնելու անսպառ եռանդով, գեղանկարչության մեջ նոր գեղարվեստական պատկերավորման միջոցների կիրառմամբ հանդես գալու հետևողականությամբ։ Այստեղ էլ նկատենք, որ ազգային կյանքի ու բնության տեսարաններն ամերիկյան արվեստագետներին նույնիսկ վերացարկված (աբստրակտ) ոճով ներկայացնելու ձգտումը ևս փորձության է ենթարկում նրան։ Նյու Յորքում իր նկարներով ցուցահանդեսին մասնակցելու համար հարկադրված է լինում համաձայնել, որ «Պարտեզ Խորգոմում» նկարը անվանվի «Պարտեզ Սոչիում», քանի որ Սոչին ավելի հանրահայտ տեղանուն էր։
Ս. Վահագնը վեպում հաճույքով է կարևորել 1940-ական թթ. Ֆրանսիայում ֆաշիստներից խույս տված և Նյու Յորքում հանգրվանած ֆրանսիացի նշանավոր մոդեռնիստ արվեստագետների, սյուրռեալիզմի գրականության նշանավոր հիմնադիր Անդրե Բրետոնի (1896-1966 թթ.) հետ հանդիպումները։ Վերջինիս հետ մտերմությունը պայմանավորված էր Ա. Գորկու նկարներին տված բարձր գնահատանքով, դրանց խորհրդանշական, անսովոր, վերացարկված գունաձևային պատկերների բնույթով, կյանքի, ազատության խորքային ընկալումներով։ Ա. Բրետոնը նույնիսկ նկարչի համաձայնությամբ ինքն է վերնագրում մի շարք նկարներ, գրում է անհատական ցուցահանդեսի բրոշյուրի (բուկլետ) ներածական խոսքը։ Այս կենսագրական վեպի գրավչության նախապայմաններից են նաև հեղինակի հստակատեսության դրսևորումները, ամերիկյան բարքերը իրատեսորեն պատկերելու նախասիրությունը։
Վեպում ուշագրավ են Ա. Գորկու աբստրակտ-արտահայտչապաշտական ոճի գեղանկարչական գործերը մեկնաբանելու հեղինակի գեղագիտական ճաշակի ու խորաթափանցության դրսևորումները. դրանք նպաստում են, որ Ա. Գորկու ստեղծագործությունների բովանդակությունն ընթերցվի ու մեկնաբանվի նկարչի հոգուն ու ճակատագրին համահունչ իմաստներով։ Չէ՞ որ 20-րդ դարասկզբի ավանգարդիստական ուղղություններին պատկանող նկարիչների նկարները ենթարկվում են բավականին բազմազան տարընթերցումների։ Իսկ մասնավորապես՝ «Նկարիչ-էքսպրեսիոնիստները ստեղծում էին ընդհանրացված այլաբանություններ»։ Ս. Վահագնը Ա. Գորկու նկարներում տեսնում է և՛ համամարդկայինի, և՛ ազգայինի ու անձնական-անհատականի համադրումներ։ Նման մոտեցումներով մեկնաբանությունները կարող են նպաստել ընթերցողին ճիշտ հասկանալու ամերիկյան գեղանկարչության մեջ վերացական-արտահայտչապաշտության մեջ առաջնորդ դիտված Ա. Գորկու ստեղծագործությունների բովանդակությունը։ Ս. Վահագնի կողմից Ա. Գորկու նկարների ներհուն մեկնաբանությունները, կարծում ենք, մեծացնում են նրա կենսագրական վեպի ճանաչողական նշանակությունը։ Դրան նպաստում է նաև Գորկու ազգային նկարագրի, հայկականության ու ամերիկյան միջավայրի բարքերի որոշակի հակադրության ու այդ միջավայրում ինքնահաստատման բարդություններին դիմակայելու բացահայտումները։
Կանանց հանդեպ սիրո և այլ հարաբերությունների պատկերմամբ ավելի է կոնկրետանում նկարչի բարոյահոգեբանական նկարագիրը։ Հատկապես համոզիչ, լիարյուն և դրամատիզմով հարուստ նրբերանգներով են արտահայտված նրա սերն ու նվիրվածությունը Ագնեսի նկատմամբ, ոգևորությունը դուստրերի՝ Մարոյի, Նատաշայի լույս աշխարհ գալու կապակցությամբ։
Կենսագրական վեպում դիպաշարը ընդհանուր առմամբ, բնականաբար, համընկնում է ֆաբուլային, այսինքն՝ հերոսի կյանքի հիմնական դրվագներին։ Ըստ այդմ էլ՝ նկարչի կյանքի դրամատիկ ու ողբերգական ավարտը վեպի վերջին դրվագն է դարձել։ Այդ իրադարձություններից թերևս կարելի է այսպիսի հետևություն անել։ Ա. Գորկի-Ոստանիկ Ադոյանի՝ արդեն միջազգային ճանաչման արժանացած նկարչի դժբախտությունը ոչ թե լոկ տարագիր հայի ճակատագիրն էր, որը որոշակի դերակատարություն ունեցավ նրա կենսուղու ելևէջումներում, այլև քաղցկեղի պատճառով կատարված ծանր վիրահատությունը, ավտովթարը, որը զրկեց նրան նկարելու հնարավորությունից, և, հատկապես, կնոջ անհավատարմությունը, երբ վերջինս նրան լքեց՝ այդ վիճակում թողնելով միայնակ։ Ա. Գորկին տարագրության մեջ միշտ հույսը կապել էր իր առողջության ու ֆիզիկական կարողությունների հետ։ Դրանք կորցնելու հետևանքով նա զրկվել էր նաև իր կյանքի իմաստը հանդիսացող նկարելու հնարավորությունից, իսկ ուրիշ կերպ նա չէր կարող ապրել։ Ուստի, այս դեպքում, կարելի է ասել, ուժեղ կամք դրսևորելով՝ մեծ արվեստագետը ինքնասպանության դիմեց։ Մինչ վճռական քայլը կատարելը նա, հոգու մեջ կուտակված դառնությունը հետ մղելով, գրեց այսպիսի հրաժեշտի խոսք. «Մնա՜ք բարով, սիրելինե՜ր», ու վճռական հարւածեց ոտքերուն տակ տեղաւորած սնտուկը»՝ հանդես բերելով մեծ անհատականությանը վայել մեծահոգություն՝ մի վերջին անգամ բացահայտելով ներաշխարհում ապրող սերն ու բարյացակամությունը իր համար սիրելի մարդկանց հանդեպ։
Մի անգամ ևս շեշտենք, որ վիպասանի գերնպատակն է եղել Ցեղասպանությունից փրկվելով՝ ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող, հետագայում միջազգային ճանաչման արժանացած հայ նկարչի մարդկային էության և սյուրռեալիստական, վերացական-արտահայտչապաշտական ոճով ստեղծագործությունների մեջ բացահայտել նրա հայկականության դրսևորման առանձնահատկությունները՝ միաժամանակ ցույց տալով նրա ստեղծագործությունների կապը ազգային ու համամարդկային, հումանիստական ու գեղագիտական արժեքների հետ։ Ս. Վահագնի «Արշիլ Կորքի» վեպը արդի հայ կենսագրական վեպի բնագավառում ուշագրավ ձեռքբերում է։