Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ԵՂԵՌՆԱՊԱՏՈՒՄ

Նորայր--ԱԴԱԼՅԱՆԼույս է տեսել շատ արժեքավոր մի գիրք՝ «Հայոց եղեռնապատումի պոեզիա» ժողովածուն, որն ամփոփում է դասական ու նորօրյա քսանչորս բանաստեղծների (խորհրդանշական թիվ) երկերը հատվածաբար կամ ամբողջովին: Մեզանում առաջին անգամ է նման բովանդակությամբ գրական-հասարակական հավաքածու հրապարակ գալիս, թերևս՝ նաև Սփյուռքի մեջ: Գիրքը կազմել է և առաջաբանել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը: Եվ հազվադեպ պատահող մի երևույթ. նա չի գովազդել իր քրտնաջան աշխատանքը, չի ներկայացել իբրև գրքի հեղինակ, որ այս դեպքում կարող էր անել, այլ իր անունն ու գործը նշել է «Վան Արյան» հրատարակչատան ընդամենը երկու տողանոց մանրատառ տեքստում, ոչ ավելին: Սա բարոյական օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր գրական երկերի իրենց թվաբանական մեկտեղումն ու պարզունակ առաջաբանությունը միամիտ ընթերցողին ծախում են որպես գրքի հեղինակ և սեփականատեր:
Հայերիս եղեռնապատումը, որ սկսեց խոսել բուն ցեղասպանությունից առաջ՝ 19-րդ դարի 60-90-ական թվականներին սուլթանական հալածանքների ու ջարդարարության ժամանակներում, հետագայում ձևավորվելով իբրև ազգային-համաշխարհային ահազդու հեղեղ, մեր գրականության ճակատագրական թեմաներից է, գուցե ամենա­բնորոշը, քանզի այն անանց սև ամպի նման տաք մոխիր է թափում մեր հազարամյա գոյության վրա: Մկրտիչ Պեշիկթաշլյանի զեյթունյան երգերի սրտատրոփյունները և Հովհաննես Թումանյանի հոգու անհուն տառապանքը վավերագիր ողբերգություն դարձան Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Թեքեյանի և հատկապես Սիամանթոյի մահվան տեսիլքներում՝ ձևով ու բովանդակությամբ ի լրումի հասցնելով համաշխարհային պոեզիայի դաշտում անօրինակ և բացարձակապես հայ ազգային եղեռնապատումը: Հետո եկավ Եղիշե Չարենցը՝ իր դանթեական առասպելաբանությամբ ու մահվան երազներով, իր նախորդների հետ հետնորդներին՝ Շիրազ, Կապուտիկյան ու Պարույր Սևակ, պարտավորեցնելով արթուն պահել անլռելի զանգակատան ահազդու ղողանջները՝ առ ազգ ու մարդկություն:
Ես հետևեցի Արծրուն Ավագյանի կազմած ժողովածուի միանգամայն ճշմարիտ «շարահյուսության» գլխավոր հանգրվաններին, որոնք ցայտունորեն վավերագրում են հայ գրականությունից անբաժան եղեռնապատում բանաստեղծության սկիզբը, ընթացքն ու շարունակությունը: Այս գրաֆիկական գծագրությունը գիրքը դարձնում է ընդունելի ոչ միայն գիտական, այլև լայն ընթերցող շրջանակներին, թեև, ցավոք սրտի, տպաքանակը փոքր է՝ ընդամենը 300 օրինակ:
Շատ առաջաբաններ եմ կարդացել, բայց քիչ եմ պատահել այնպիսիներին, որոնք սահմանափակ տարածության վրա տալիս են առավելագույն տեղեկատվություն և անում էական վերլուծություն, ոչ միայն գրապատմական, այլև արդիական ընդհանրացումներ: Արծրուն Ավագյանի առաջաբանական մի քանի շեշտադրումները՝ պայմանավորված արևմտահայ և արևելահայ գրականության խորքային տեսողությամբ, ունեն և՛ պատմական, և՛ գրական հայեցակարգ: Ինչպե՞ս չհամաձայնել այն հին, բայց և նոր մտքին, թե տևական կոտորածներն ու ահեղ ցեղասպանությունը «թուրքերի ազգային բնազդի հավերժական դրսևորումներից են, որոնք «հենասյուներ դարձան այսօրվա թուրքական պետականության ստեղծման համար» (էջ 6): Առաջաբանում եղեռնապատումի բանաստեղծները համարվում են իրենց ժամանակի «տարեգիր», ի հեճուկս մեծագույն ողբերգության՝ նրանք հակադարձորեն «հաստատում են կյանքը, ապրելու իրավունքն ու արարումը» (էջ 11): Նրանց «մտածումների, ապրումների ու դատումների ամբողջականությունը ազգային ու համամարդկային հարատև զգացողությունների արտահայտություններ են» (նույն էջում): Առաջաբանի հեղինակը եղեռնապատումի պոեզիան դիտում է իբրև «վավերական փաստաթուղթ» (հասկանալի է՝ գեղարվեստական), որն ունի «նույնպիսի նշանակություն, ինչպիսին պատմագրական վկայությունը», ազգ ապրեցնող պոեզիա՝ ուղղված թե՛ ժամանակակիցների և թե՛ գալիք սերունդներին (տե՛ս էջ 19): Ավելի լավ է գիրքն ու առաջաբան խոսքը կարդաք ամբողջությամբ: Դրանք կարող են ուղեցույց լինել եղեռնապատումի բանաստեղծության հանգամանալից ու արմատական ուսումնասիրության համար՝ թեկնածուական կամ դոկտորական գիտական թեզի տեսքով:
Ասեմ՝ նման բովանդակությամբ հատվածային ներկայացման է արժանի հայերիս և ցեղասպանապատում գեղարվեստական արձակը, որով մեր գրականության ողբերգական թեման կպատկերվի ամբողջական և առավել տպավորիչ: Մնաց նշելու, որ այս հուզիչ ու հոգևոր գիրքը հրատարակության է երաշխավորել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտխորհուրդը, իսկ տպագրությունն իրականացել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» կողմից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։