Հազար ու մի գիշերների սեր
Կուզե՞ս` Քեզ պատմեմ Արցախի մասին,
Նայիր աչքերիս,
Ես լռեմ…
Իմ լռությունը
Ավելի հազարախոս է,
Քան քո Շահերիզադեի
Հեքիաթներն անվերջանալի,
Մի գիշեր Շահերիզադեն
Կքնի,
Իսկ իմ աչքերի թախծոտ լույսը
Հազար ու մի գիշեր
և էլի անվերջանալի գիշերներ
Ու ցերեկներ
Կշարունակի Քեզ պատմել
Արցախի արևածագերի,
Կարմիր մայրամուտների,
Լույսի ու ստվերների,
Սիրո և ավելի մեծ սիրո
Եվ եդեմական այն սքանչելիքների
Մասին, որ չկան
Արևելքի ամենաչքնաղ հեքիաթներում։
Կարոտ
Հեռվում մնացած իմ երկիր,
Ժամանակը կանգնել է
ինձ ու քեզ բաժանող
Կամրջին,
Երկինքդ վաղուց կարոտ է հայացքիս,
Դաշտերդ՝ ոտնահետքերիս,
Քամիդ՝ անքեզ ճերմակող մազերիս,
Մի մոմ եմ վառում անծանոթ քաղաքի եկեղեցում
Ու փնտրում իմ բաժին Աստծուն,
Որ լսի աղոթքս աղերսախոս,
Որ մեզ բաժանող կամուրջը դառնա
Մեզ իրար կապող, տուն տանող
Ճանապարհ։
Հույս
Մի լույսի շող կա առկայծող,
Որ ինչքան էլ խավարակուռ է գիշերը,
Չի մարում երբեք,
Այդ շողը լույս է տալիս,
բեկբեկվում հավատիս խորանում
Ու հրամայում չվհատվել, հավատալ,
Որ անոտնահետք մնացած ճամփաները
Նորից կծաղկեն ոտնահետքերից,
Որ ավերակվող հայրենական տունը
Նորից կկառուցվի, կշենանա,
Որ հավատի խաչը նորից վեր կհառնի բարձունքներին,
Որ աղոթքներ կհնչեն հայակարոտ սրբավայրերում,
Որ խոնարհվող ծաղիկների սպասող
Շիրիմները ծաղկեպսակներով կպատվեն,
Որ մոր կարոտ արցունքը կհպվի քարե հուշարձան
Դարձած զավակին,
Որ այգիներում կրկին կքաղցրանա նուռը,
Որ երկրում կծփան ուրախ երգերը,
Որ սովորական «Օզյում քինյամ տօն»-ը
Երազանքից կդառնա իրականություն…
Այդ լույսի շողը հույսն է, որ ապրո՜ւմ է,
Ապրո՜ւմ ու ապրեցնո՜ւմ։
***
Սեր ես, որ չվայելեցինք,
Ծաղիկ ես, որի բույրը չառանք,
Միրգ ես ամենաբարձր կատարին՝
աշնան արևից քաղցրացած,
Որին ամեն օր ձեռքս մեկնում,
Բայց չի հասնում,
Ծիածան ես հազարերանգ,
Որին ինչքան մոտենում,
Այնքան հեռանում է,
Լռության կապույտ անեզրություն ես,
Որի հազարախոս բառերը չեն հասնում ինձ,
Գարնան մանուշակ ես՝ թփի տակ բուրող,
Որին բույրով փնտրում, բայց չեմ գտնում,
Մանուկ ես նորածին,
Որին ինչքան նայում, չեմ կշտանում,
Իմաստուն ծերունի ես,
Որի չասված խոսքերն եմ որսում,
Ճանապարհ ես՝ տուն կանչող,
Որով ամեն գիշեր, ամեն առավոտ
Քայլում եմ, քայլում եմ, բայց տեղ չեմ հասնում…
Իմ Մենակ ու Միակ…
Իմ Արցախ։
***
Քաոսը մտավ երկիրը,
Սկսեց քարուքանդ անել տներ,
Գերեզմաններ, այգիներ և ամենը,
Ինչ կառուցել է հայի ձեռքը,
Տանտերը մղկտաց, հիշեց՝
Ինչպես է պատը շարելիս
Ամեն քար գրկած տարել, դրել իր տեղում,
Որ քարը պատ դառնա,
Որ պատը տուն դառնա,
Որ տունը ընտանիք դառնա,
Որ ընտանիքը երկիր դառնա,
Քաոսը նայեց քարին, սարսռաց արարող ուժից,
Ավելի կատաղեց, ավելի մեծ ուժով սկսեց իր ավերը,
Տանտերը մղկտաց, բայց հույսը չկորցրեց՝
Արարիչն ավելի ուժեղ է,
Պատը նորից կշարի, տունը նորից կկառուցի,
Էրգիրը նորից երկիր կդառնա,
Ու արարողը շարունակեց արարել…
***
Օրերը ծրարվում են
Սպասումով.
Արդարության,
Լույսի,
Ազնվության,
Բարության,
Հավատարմության,
Տունդարձի,
Ստի ու կեղծիքի պարտության,
Ճշմարտության հաղթանակի,
Բայց
Ագռավաքարի լռությունը
Շարունակվում է,
Խավարը չի ճեղքվում լույսով։
Օրերը ծրարվում են սպասումով…
***
Քաոսի մեջ՝
Ներդաշնակություն,
Երբ հանդիպում եմ քեզ
Իմ երազներում,
Ես ու դու այնտեղ ներդաշն ենք,
Անբաժան,
Տուն իմ հարազատ,
Հող իմ հայրենի,
Այնտեղ՝
Ուրցաբույր լեռներում,
Նռան այգիներում,
Արևածաղիկ դաշտերում,
Խնկաբույր վանքերում,
Հացառատ արտերում,
Ջերմ ու արևառատ օրերում,
Գունառատ ու ծիծաղաշատ հուշերում,
Ես ու դու, երկիր,
Այնքան ներդաշն ենք,
Հիմա ես ու դու կիսված,
Չամբողջացող,
Չտաքացող այս օրերում,
Դու՝ առանց ինձ,
Ես՝ առանց քեզ,
Ո՞նց, ասա՛, իմաստունս,
Ո՞նց գտնեմ ներդաշնակություն
Այս համատարած քաոսի մեջ,
Երբ իմ ու քո հանդիպման միակ վայրը
Մնաց երազներում։
