Վերջերս «Ամրուդ» հրատարակչությունը Թեհրանում լույս ընծայեց իրանահայ
բանաստեղծ- թարգմանիչ Վահե ԱՐՄԵՆԻ
թվով երրորդ` պարսկերեն լեզվով գրած
բանաստեղծությունների նոր ժողովածուն`
«Երբ անձրևի` կգնանք»: Ներկայացնում ենք մի
քանի բանաստեղծություն այդ գրքից`
Էդուարդ Հախվերդյանի թարգմանությամբ:
(Աշխարհը ինչ է անում իր զավակների հետ)
Բղավեցի
Այլևս քեզ չեմ սիրում և
Այլևս ոչ մի ժամանակ
Թևավոր ձիու հետ խաղալու
Եվ կետերի պարը դիտելու համար
Չեմ գա քո երազներում
Նախքան անկողին մտնելը
Կես հայացք նետեց ինձ վրա և
Կիսաձայն հարցրեց
Ոչ մի ժամանակը
Քանի օր է
***
Երեխան ասել էր
Տեսնում ես Վահեն ինչ հզոր ձեռքեր ունի
Երեկ գիշեր երազում տեսա
Մի հսկայի ձեռքը
Հանգիստ ծալեց
Մայրը ասել էր
Գիտես ինչու
Նա ամեն օր ժամեր շարունակ
«Վիլչեր» է վարում
Երեխան ասել էր
Գիտեմ
Ամեն օր
«Վիլչեր» է վարում և
Բանաստեղծություններ է գրում
Երանի իրեն
***
Հենց այս բանաստեղծության մեջ և
Հենց այս տողերի արանքում
Մի կին է թաքնված
Որ իմ չգրված բանաստեղծությունները
Գրել է ձեռքի ափի մեջ և
Փակ բռունցքներով
Ինձ հետ
Փուչ ու տռուզ է խաղում…
***
Ասել Էիր
Երբ բանաստեղծություն ես գրում
Ինձ սիրիր
Չգիտեմ
Այսքան բանաստեղծություն գրելուց է
Որ խենթորեն սիրում եմ քեզ
Թե այսքան սիրուց է
Որ խենթորեն
Բանաստեղծություններ եմ գրում
***
Աշխարհը
Այս արցունքի կաթիլի ետևից
Գեղեցիկ մանուկ է
Որ ծովում
Ջրահեղձ է լինում
***
Արցունքի այս կաթիլը
Որ հորիցս և
Պապիցս եմ ժառանգել
Ոչ կաթում է
Ոչ էլ չորանում…
***
Ականների կրակոցներից
Առաստաղները վայր թափվեցին
Եվ պատերը
Դարձյալ
Կանգուն մնացին…
Հենց այս պատերից մեկի ետևում
Ռոդենը
«Աստծո ձեռքը1» փնտրելով
Ավերակը
Տակնուվրա է անում…
***
Ապրիլմեկյան ստի պես
Գեղեցիկ էր
Սակայն
Ուշ- ուշ էր գալիս
Ինչպես փետրվար ամսի քսանինը
***
Հավատում ես
Այն օրվանից որ «Վիլչերով»
Պտտվում եմ տան մեջ
Ավելի քան այն ժամանակ որ հետիոտն
Մի տեղից մի այլ տեղ էի գնում
Կոշիկ եմ մաշել…
1 . Օ. Ռոդենի հանրահայտ քանդակներից