ԽԱՐԻՍԽ
Ձուկը լողում է
մեծ ձկնկուլի
կտուցում փակված։
Դեռ հավատում է.
մոտիկ է ծովը…
Ձկան թեփուկից
կա՞րծր, թե՞ փուխր է
հավատը մարդու`
թղթե մակույկում։
***
Գթության խարիսխ,
փոթորիկներից
դու չես վախենում։
Դու համբերությամբ
տիղմերն ես զատել
արարման վեց օր:
***
Նավամատույցից ձայներ են լսվում,
նավաբեկյալին չեն հասնում ավաղ.
դավաճան քամի…
***
Կրիայի համար`
ձուկը երգում է,
երբ խռիկներն է
բացուխուփ անում։
***
Քարերը տաք են`
երկու թիզ խրված
ավազների մեջ։
***
Պղպջակները խոսքերն են`
չասված ծովի ընդերքում։
Հատ-հատ պայթում են,
որ սիրտը ապրի։
***
Կայարանների չվացուցակում
փոփոխություն է.
մեկի տոմսակը չեղարկվեց հենց նոր՝
նավը հեռացավ, գնացքը չեկավ։
***
Ափն երևում է
անգամ գիշերով.
ծովը երեք թիզ
նահանջեց այսօր։
Ափն երևում է,
իսկ խռիկները
կառչել են կայմից
ու աղերսում են
իրենց չմերժել.
չեն ուզում այրվել
սառույցների մեջ`
չհասած ափին.
ոչ այս հունվարին…
ոչ այս հունվարի՜ն…
***
Ճայերը,
գիտե՞ս,
դառն արտասվում են,
երբ ալիքներում
ձուկը չի խայտում։
***
Եվ լիալիուսնի
օրերին անգամ
ծովը խարսխի
հետքը չի ջնջում.
մտքով գրկում է…
Օր VII
Օրորոցային
խխունջի համար՝
առանց մեղեդի,
փրկված բառերով։
***
Մնո՛ւմ ես` ճայը թևերը փռեց,
Մնո՛ւմ ես` կրիան նստեց քարերին։
Մնո՜ւմ ես` ծովը այսօր չարտասվեց,
Լուսինը քիչ-քիչ փոխվեց արևի…
