Ամեն օրվա պես
Գիշերվա մթար ձեռքերը կրկին
կոպերիդ կիջնեն…
Ամեն օրվա պես գիշերաշապկիդ
Աստղաթելերով ասեղնագործքը
կտանի հեռու…
Քնատ փողոցով կքայլենք երկար…
Լուսինն իր ստվերը՝ ձեռքով հոգատար,
կնետի իմ մերկ, հոգնած ուսերին՝ որպես բրդե շալ…
Ոչ ոք չի լինի՝ միայն ես և դու…
Կսիրենք իրար, իրար կգրկենք,
Խոստովանանքի անսպառ մի հեղեղ
Իր հորձանուտի մեջ մեզ կքաշի…
Ու կհասկանանք՝ անբախտ ենք որքան,
Երբ բաժանված ենք, իմ խենթ Երևան…
ՀԱՅԱՍՏԱՆԻՍ
Մենակ չեմ այսօր, ոչ էլ մտահոգ,
գիշերն է ահա ծանրաթաթ իջնում,
գրասեղանիս անկյունում անհոգ
ճարճատում է իմ հեղուկ ճրագուն։
Սե՞րը՝ վիրավոր, խև գայլի նման
վերջին ճիգերով թաթերն է լիզում,
իսկ գինեգավիս շուրթերով անձայն
հոսում է հոգուս կծպծան քաղցուն։
Այգում լուսնի հետ սեթևեթելով՝
Հին բեկտենին է ճապուկ օրորվում։
Ջութակի ձայնը հոգուս մեջ ծնվում,
Անշո՜ր անցնում է գիշերվա միջով,
շողավարդերը այնտեղ՝ ոչ հեռվում,
ճոճվում են իրենց հլո՜ւ նազանքով։
Տե՛ս՝ շիկահավն է անխնա ճռռում,
Վերջին կաթիլն է քամում իմ օրվա,
մահաբաճկոնը հագին մի ծերուկ
նստել է խոնավ դալարի վրա։
Հեգ եղեգների շամբ ու պուրակը
լցվել է նորից փարթամ սաղարթով,
դրացիների շան փոքրիկ ձագը
թիթեռ է բռնել, շոյում է թաթով։
Օրվա հոգսերը թոթափած մի կին
քրտինքն է սրբում հին թաշկինակով,
իսկ արագիլը տուն եկել կրկին,
բարեբանում է խնկելի կանչով,
որ գարունները բարեհռչակվեն
հպավորությամբ անբասիր մանկան,
բյուր սաղարթները որ վերածնվեն
ծննդկան ճիչով գարունված աշնան։
Իմ հոգում տրված պատարագները
որ մոլորասիրտ աղոթքը կանխեն,
հավերժագիշեր մտորումներս
մանուկ լույսի դեմ նորից ընկրկեն։
Որ զանգեր հնչեն ամեն լուսայգին
անապակ հոգու նոր օրվա հույսով,
Քողը պատռվի լույսի երեսից,
Որ կյանքը շողա նորօրյա լույսով։
Մենակ չեմ այսօր, ոչ էլ մտազբաղ,
Մութն է պարզապես ուսերիս իջել։
Գրասեղանի անկյունում, ավա՜ղ,
Տեսնես՝ այն ո՞վ է ճրագը մարել։
***
Երկիր,
Ես անընդհատ դեպի քեզ եմ գալիս՝
Օրհնաջրերումդ մարմինս օծելու
Եվ մատուռիդ ներսում
պատարագվելու համար…
Վայրկյան անգամ չեմ երկմտի,
թե խնկարկումս պարտադրանք լինի,
Ձեռքս բաց չթողնես, ուրիշ ճամփա չգիտեմ,
Իմ ներսում կառուցվող բոլոր կամուրջները դեպի քեզ են բերում…
Երկիր,
Քեզ սիրում եմ լեռնապարերիդ շշուկներով
և նախնիների կորցրած երազների հեռուներից…
Ինձ սրտիդ մոտ պահիր կամ սրտիդ մեջ,
Քանզի ուր էլ լինեմ՝ պիտի վերադառնամ քո արշալույսներին
Եվ գրկեմ արևն այն, որ քո զինվորի աչքերում է ապրում…
Երկիր,
Փայփայիր ինձ, ինչպես մայրը կփայփայի իր զավակին,
Ես էլ որդիաբար կգուրգուրեմ հողդ՝
Հարկ եղած դեպքում՝ ծնկներով անգամ…
Ինչպես էլ փչի ժամանակի քամին՝
քանի կամ, ես քոնն եմ,
Այժմ, և միշտ, և հավիտյանս հավիտենից՝
Ամեն…
***
Կանցնի օրերիս խենթ հոգնությունը,
դու ինձ հետ մնա,
կրկին կտիրի մերկ լռությունը,
դու ինձ հետ մնա,
գարունն իր շնչով նորը կբերի,
թող քո հնությամբ իմ օրը ցնծա,
ձմեռը ճերմակ երեսին կտա,
կառնի աշխարհը փրփուր թևի տակ,
դու ինձ հետ մնա…
թող ինչպես առաջ, այնպես էլ հիմա
աշխարհն առանցքի շուրջը պտույտ գա,
իմ ուղեծրից դու մի հեռանա…
թող սիրեն իրար անտառն ու ծովը,
դու ինձ հետ մնա,
թող այգաբացը գրկի
իրիկվա անրջող մովը,
դու ինձ հետ մնա,
երբ նիրհով տարվեն մարդ ու բնություն,
դու գլուխդ դիր ծնկներին իմ մերկ,
ննջիր իմ գրկում,
իմ գրկում մնա…
միշտ ինձ հետ մնա…
Մի շողակնե շրջանակ է՝
ոչ սկիզբ ունի, ոչ վերջ…
Ափով փարվել հույսին՝ մեզ առել է իր մեջ:
Մոտ ես այնքան, հեռու,
իմ մենավոր, իմ խեղճ,
Գալարներում հոգուս
տրոփում ես անվերջ…
Մոտ ես այնքան, հեռու,
դու կաս անուրջի պես…
Շաղափում է օդը՝ մեն մի հոգոց է բաժանում մեզ…
Մի պարզաշուրթ՝ արի՜, մի ցանկալի՝ մնա՜ ,
Ու թվում է՝ քո դեմ խիղճն էլ կանէանա…
Մի շողակնե շրջանակ է՝
ոչ սկիզբ ունի, ոչ վերջ:
Մեզ առել է իր մեջ, մեզ փակել է իր մեջ…
