Նեկտար ՍԻՄՈՆԻ

 

Խոստովանանք

Կար ժամանակ՝

Զմրուխտ հավքը

Պտտվում էր

Իմ վերևում՝

Քո պատկերով,

Որպես հույսի

Ավետաբեր,

Երբ մաշկիս տակ

Քո բառերի

Քնքշահնչյուն

Հարսանիքի

Մկրտումն էր՝

Առանց հյուրի.

Այն նման էր

Ծաղկեպսակ

Երանության…

Կար ժամանակ՝

Ծիածանի

Փխրանվագ

Կամարի տակ

Թավալվելով՝

Դառնում էի

Երազների

Հազարագույն

Սիրո եդեմ…

Իմ հոգու մեջ

Բազմադարյան

Մի առեղծված

Պապանձվում էր

Քո աչքերի

Կանչագրով,

Որ տանում էր

Կրակներս

Տեսիլներին

Դեմ հանդիման…

Հիմա արդեն

Ժամանակը

Թվեր ունի.

Մնացի ես

Ինքս իմ մեջ՝

Իմ երգերի

Վերջին ծաղկող

Ցողունի հետ՝

Սպասելով

Ինձ հույս բերող

Սիրո հավքին,

Որ չի կարող

Ինչ-որ մի օր

Չհայտնվել

Անապատի

Միրաժի մեջ

Կամ բոթերում

Ագռավների,

Որպես անբառ

Մի փրկություն

Ու սփոփանք

Կորուստների,

Քանի կամ ես,

Քանի կաս դու…

 

***

Քո ձեռքերի մեջ

Խազեր կային տաք՝

Մեկը մեկի հետ

Խռով ու մոտիկ.

Դրանք անխնա

Այրում էին ինձ,

Երբ ձեռքիդ ափը

Հպվում էր դեմքիս…

Քո ձեռքերի մեջ

Խազեր կային տաք՝

Ճամփա ցուցանող,

Ու հաճախ դրանք

Բախտագուշակի

Համոզմունքի պես

Տանում էին մեզ

Իրենց ետ¢ից…

Քո աստվածային

Մատները լուսե

Կարծես լինեին

Սրտից կախ ընկած

Երգեհոնային

Դողացող լարեր…

Ա՜խ, այդ ձեռքերը՝

Անվերջ ինձ ձգվող,

Ու այդ խազերը՝

Ցիրուցան եղած,

Ի՞նչ էին ասում,

Որ չհասկացա

Ճիշտ ժամանակին,

Ու հիմա, հոգի՛ս,

Այս պատնեպատի

Մռայլ շողքի մեջ

Քո տաք ափերի

Խազերն եմ նորից

Փորձում վերծանել,

Բայց ուշ է արդեն.

Ձեռնափերիդ մեջ

Աստղացոլքերի

Առկայծումներ են,

Լույսի կուրություն,

Որոնք չեն թողնում

Ես վերջնագիրը

Կարդամ մեր բախտի:

Էլ դու չես կարող

Իմ ցավը շոյել…

 

Հայրենիք

Ամեն առավոտ

Քո թաց աչքերի

Լույսն եմ համբուրում

Օտարությունից.

Շատ եմ ուզում, որ

Վիրակապ դնեմ

Արնոտ վերքերիդ…

Ու հագնում եմ ես

Քո ամպեղենիկ

Ճերմակ շապիկը,

Որ կարողանամ

Ներում աղերսել

Իմ հող ու ջրից՝

Հեռացման համար:

Ամեն առավոտ

Վզնոցի նման

Կրում եմ ես քեզ,

Հայրենի՛ք, ի՛մ սեր,

Որ օ՜րս, օ՜րս

Զարդարուն լինի…

Հագնում եմ հույսի

Թիկնոցը մռայլ

Եվ վախենում եմ,

Որ վերից անցնող

Երամը թռչնաց

Կրակոցներից

Կորցնի ճամփան

Ու տեղ չհասնի…

Ամեն առավոտ

Միտքս թռչում է

Ինձանից հեռու,

Որ կարոտներիս

Անապատի մեջ

Իջնես իմ մաշկին՝

Պատրանքի նման,

Որպես ցող երկնոտ

Ու գոյության ճիչ…

Գալիս եմ քեզ մոտ

Սիրո թևերով,

Իմ կաթի օրրա՛ն,

Որ բռնեմ ձեռքդ

Ու քո տրտունջը

Առնեմ գրկիս մեջ,

Եվ գնանք դեպի

Բարձունքը ցավի,

Բայց վախենում եմ՝

Այդ ծանր պահին

Մոր գորովանքով՝

Բլուրի վրա

Թողնեմ սիրտը իմ…

 

Կարոտի ճամփա

Հին օրերիս

Դեղնականաչ

Ճանապարհով

Ու շուրթերիս

Մեղրահամե

Սուրբ մրմունջով

Ես գալիս եմ

Քեզ փնտրելու…

Աղջկա պես՝

Իմ երկյուղի

Թրթռացող

Քաղցածությամբ

Ու սեղանիս

Վաղուց ծաղկած

Մոմե հացով,

Շարականի

Վաղնջական

Արահետով,

Երգեհոնի

Ար¢ահամ

Երանությամբ…

Գալիս եմ քեզ

Հանդիպելու՝

Իմ բառերի

Վեր¢ ճախրող

Ճերմակությամբ

Ու ծրարված

Վերջին խոսքիս

Մաքրագրով,

Քո նվիրած

Լույսի ձգվող

Մոլեգնությամբ

Ու կարապի

Վերջին երգի

Եղելությամբ…

Գալիս եմ ես,

Ու թե հանկարծ

Դու չբացես

Դուռը հույսի,

Դառնալու եմ

Քարե ծիծաղ

Ու քարե լաց,

Եվ ինձանից

Մի փշրված

Սառցաբեկոր

Կգլորվի

Քո փակ դռան

Մամռոտ շեմին՝

Որպես սիրո

Խելացնոր

Խոստովանանք…

 

Ժիզել

Արվեստների քաղաքում

Գլխապտույտ էր սիրո.

Բալետ «Ժիզելն» էր բեմում՝

Սքանչումի թանկությամբ…

Իմ ձեռքը քո ափի մեջ

Նմանվում էր թռչունի.

Վկաների հայացքից

Չար աչքը մեզ հեշտ գտավ:

Հիշո՞ւմ ես դու, սիրելի՛ս,

Աղջկա վեհ պարի հետ

Մի լույս իջավ ինձ վրա,

Հարսնեմատս դողդողաց,

Իմ մատանին քեզ նայեց.

Այդ օղակը վկան էր

Խոստումներիդ հնարած,

Հետո եղավ՝ ինչ եղավ…

Այն քաղաքը հանդիպման

Մեր ցավի մեջ կորցրինք,

Մնաց խելառ մի պտույտ՝

Արբեցումի տաքությամբ,

Իսկ մատանին իմ շքեղ՝

Իր շափյուղա քարի հետ,

Ինձ արցունքոտ բիբ թվաց…

Տարին տարուն գլորեց,

Հարսնամատիցս ընկավ,

Կարոտանքից փշրվեց,

Թաշկինակիս ծալքերում

Դարձավ լույսի կտորտանք…

Հիմա, երբ շատ եմ տխրում

Քո ծննդյան օրերին,

Մի շեղբ երկինք եմ նետում,

Որ հեռավոր ծիրիդ մեջ

Տեսնես պարը Ժիզելի,

Իմ ձեռքի դողը զգաս…

Հավատա՛ ինձ, երբ վերջին

Քարը դառնա քեզ նվեր,

Ես կլքեմ հողը այս

Ու կթռչեմ դեպի քեզ…

Խնդրում եմ քեզ այդ պահին

Առանց ծես ու վկայի,

Քարերը այդ շափյուղա

Ինձ մատանի դարձնես…

 

Մեր աշունը

Արի այսօր

Խոստովանենք,

Որ աշունն էր

Միայն մերը,

Դողէրոցքը

Տեր¢ների,

Ծիծառների

Տխրությունը,

Քամիների

Հռհռոցը,

Հին ծառերի

Մերկությունը,

Ուրիշ ոչինչ…

Արի այսօր

Բաժանումի

Վերջին պահին

Իրար ասենք,

Որ հողի մեջ

Մեր ցանածը

Փուչ դուրս եկավ,

Ցեցակիր էր

Մեր սեմացուն,

Եվ մեզ մնաց

Սպասումը,

Մեր հույսերի

Հալվող ցավի

Դառնությունը…

Լոկ անմարմին

Ու անանուն

Մի պատմություն

Թաքուն գրվեց

Մութ անձավի

Ժայռերի մեջ.

Չհասկացվող

Խզբզանք էր,

Որ երբ¢է

Չի վերծանվի…

Մենք մնացինք

Մեր թղթերի

Վանդակներում.

Մեր արանքում,

Աշնան տխուր

Մի արահետ՝

Ոտնաձայնով

Մեր երկուսի,

Ու մի թիթեռ՝

Կյանքը վատնած,

Կախ թ¢երով…

Մեր հեռավոր

Մենությունը

Մոտ է հիմա…

Օրապահիկ

Հաց է դարձել,

Կարոտանքը,

Որ դիմանանք

Մեզ ցուրտ բերող

Աշուններին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.