Եվ Հոգուդ հետ միշտ մնալով քո մեջ՝
Նրա շնորհիվ, շնչիս անձկությամբ շնորհիդ կապված,
Միանամ քեզ հետ անբաժանելի:
«Մատյան ողբերգության», Բան ԻԴ, Գ
Մարտահրավերների ժամանակներում ենք ապրում, և ամենևին էլ պատահական չէ, որ արդի գրողներն ստեղծագործում են վիպասքային մտածողությամբ ինչպես չափածո (Արտեմ Հարությունյան «Հայոց հողի ծածկագիր տեսիլքներ»), այնպես էլ արձակ ժանրերում, որի վառ առհավատչյան Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» խորագրով վեպն է: Նորահրատ այս գիրքը լույս է ընծայել «Նյու Մեգ» հրատարակչությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այս վեպում էլ արձակագիր հեղինակը հավատարիմ է մնում դարի կտրվածքով յուր վիպասանությանը, ուստի՝ արտառոց չէ, որ այն օրգանական ընդհանրություններ ունի 2015 թվականին լույս տեսած «Ագռավները Նոյից առաջ» հայտնի վեպի հետ, մանավանդ՝ երկուսի դեպքում էլ գործողությունները զարգանում են ժամանակի ու տարածության նույն կոորդինատներում ու գոյաբանական վիճակներում, որում բեկբեկվում են մարդկային ճակատագրերը:
Հավերժող երազի նշառանցքում. «Անդրանիկի վերջին ձին» վեպում ինտրիգն սկսում է օդում կախված «Ձին, Աթա՛մ, ի՞նչ եղավ ձին» անպատասխան մնացած հարցից: Բոլորի անհանգստությունը դարձած կարմրաբաշ ձին ժողովրդի կողմից պաշտված Անդրանիկինն էր, և այն վեպում հայի ոգու խորհրդանիշ է, որ համարժեք է հայի գենին, այն գաղթականների առջև «ուղղակի կաթեց արևի պնչից Օձաբերդի ճանապարհին» էպոսյան նժույգի հավատավոր նվիրվածությամբ, ինչը Աթամին օգնեց ողջ մնալու՝ զարմացնելով աշխարհին («Ես չեմ, ու դու ես, հլա ասա՝ բարի թուրք, կուշտ գել ու տաք սառնամանիք արար աշխարհքում տեսնող եղե՞լ ա»), այս փաստը վեպում ընդհանրապես հայի ողջ մնալու հրաշքի իմաստն ունի. «Էդ ո՞նց էղավ, որ չմեռար… ա՛յ մարդ, էդ ի՞նչ հրաշք ա էղել»: Իրականում ոչ մի հրաշք էլ չկա, պարզապես սահմանային վիճակում բացվում և աշխատում է միայն հային հատուկ ու աշխարհին անհասկանալի ինքնապաշտպանական հայկական կոդը, որի բացատրությունը ժողովրդի համար ենթադրություն է՝ մարդ արարածի մեղադրականը՝ «հեծվորին թողած՝ երիվարին եք պաշտում», ահա սրանում է աշխարհաշարժ նրբությունը, որ նյութականի ու հոգևորի ընկալման խնդիր կա՝ հոգևորի խորհուրդ: Երբ Աթամը աքսորի ճամփին մեռավ, ու լուրը հասավ գյուղ, գյուղացիները մտածեցին, որ հաստատ ձիու կարոտից կլինի: Հայոց լեռնաշխարհում ձիու խրխինջը վերձիգ է, երկինքների դռները բացող, ասել է թե՝ հավերժի կանչի առջև փակ դռներ չկան, անդադար է նրա ընթացքն ու ոգեղեն: Ահա Անդրանիկի ձին վեպում առաջին հերթին խորհրդանշում է հայի գենի ոգեղեն հավերժականությունը: Սա նոր բան չէ հայ գրականությունում, անգամ լեգենդներ են գրվել Անդրանիկի հրեղեն ձիու մասին, որ, սակայն, վերջում օվկիանոսի մեջ խեղդվում է, իսկ Սուսաննա Հարությունյանի վեպում Անդրանիկի ձին հավերժի խորհրդանիշ լինելով, ասել է թե՝ լինելության խորհրդանիշ է, որի ներկայությունը օդի նման լցված է հայի կենսաշարժում՝ տալով նրա ընթացքին արևի տակ իր տեղը ունենալու իմաստավորում, ուր հնարավորինս բացառում է ավգուր Ասոյի խարդախության պես բաները. «Զատկի տոնին սա ագռավը ներկել՝ թևերը խնայով կարմրացրել էր, մեջքը արմտիքով դարձրել ոսկեգույն, ու գյուղի կենտրոնում նստած հայտարարում էր, թե հազարան հավք է բռնել. «Ով թեկուզ մի անգամ տեսնի, կդառնա բախտավոր»: «Անդրանիկի վերջին ձին» վեպում բազմապիսի են գործող անձինք, որոնց ինքնատիպությունը նպաստում է հեղինակի ասելիքի բազմիմաստ բովանդակությունը դյուրին մատուցելուն՝ բառ, պատկեր, զգացողություն, գեղարվեստի վերածված մի ամբողջ նշանային համակարգ՝ լեզվական պոլիֆոնիկ մտածողությամբ: Վեպում Մովսեսի կերպարի կենսական զարգացումը ազգային բարձրագույն գիտակցության հասնող հայի լինելության խորհրդանիշ է, որն աշխատում է հայի կոդերից մեկի՝ զավակի հանդեպ հավատի ներշնչմամբ, և որը հենց սեփական գենի նկատմամբ պաշտամունքի հասնող կարևորություն է, ինչն էլ, ըստ էության, ազգային ինքնության հարատևության գրավականն է: Հայի այս կոդն է, որ գործողություն դառնալով կարողանում է ազգին կենտրոնացնել ու համախմբել ծանր ու սահմանային վիճակներում: Կարծում եմ՝ հերոսի Մովսես անունը հեղինակի կողմից պատահականորեն չի դրված, քանի որ Մովսեսի կերպարով ասես ազգային ինքնությունն է անապատով անցնելով գնում փրկության: Ի դեպ, այս կոդը աշխատում է նաև հայկական էպոսում Մեծ Մհերի և Արմաղանի ժառանգ ունենալու որոշման ժամանակ: Նրանք հանուն իրենց գենային հարատևության հրաժարվում են թանկից՝ կյանքից, ու ծնվում է Դավիթը, որով էլ շարունակվում է ազգային գենը: Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպը արդիական հնչեղություն ունի, իսկ նրա խորհրդանշային լեզուն էլ ժամանակակից բազմիմաստ ընկալումներին համահունչ է, ուստի՝ վեպի վերնագրին կարելի է ևս մեկ մեկնություն տալ՝ «ԱՌԱՋԻՆԻ վերջին երազը», իսկ ԱՌԱՋԻՆԸ սկիզբն է, նախահիմքը, ասել է թե՝ գենը, որ պարզապես մարդ–աշխարհի արարիչն ու շարժող ուժն է:
Վեպի պատմաազգագրական կոլորիտը. Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպի սյուժետային զարգացումն ունի դարաշրջանային պատմական մտածողություն, որի ծիրում բացվում է հայի ինքնությունը հաստատող ու պահպանող ոգեղենությունը: Սլավի–Ավիկ Հարությունյանը «Արվեստի նշանագիտության սահմանները» աշխատությունում գրում է. «Ընդհանրապես հարկավոր է հիշել, որ Տինյանովը էվոլյուցիոնիստ է, և անշարժը, քարացածությունը նրան խորթ են: Ինչպես Տինյանովի մասին 1983 թվականին ասել է ակադեմիկոս Դ. Լիխաչովը. «Գրականության նրա ընկալումը հատկանշվում էր հետևողականությամբ և կոնկրետ պատմականությամբ: Պատմականությունը կարող է լինել բարձրագոչ և վերացական, իսկ Տինյանովի համար այն կոնկրետ էր, փաստական, հստակորեն ներկայացված»: Թերևս Տինյանովի գրականության ընկալումների չափորոշիչների տիրույթում կարելի է դիտարկել «Անդրանիկի վերջին ձին» վեպը, որը ամբողջական պատումների հավաքապատկեր է։ Վեպում սահունորեն պատումները թափանցում են իրար մեջ, բայց և ունեն ինքնավարություն: Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» վեպի հիմքը պատմական իրադարձություններն են: Հեղինակը պատմության իր ընկալումը գեղարվեստացնում է վավերական հստակությամբ անգամ կենցաղային մանրուքներում. «…ճերմակ խալաթի թևքերը քշտում, տեղը տեղին կտրատում էր միսը, սոխը մաքրում, կրակի վրա ցախ ավելացնում, կարտոնը թափահարելով քշում ֆռֆռացող տռուզ ճանճերին: Վերադառնում էր մսին՝ աղ ու բիբար շաղ տալով խառնշտում, բաստուրմա դնում, ուրց շաղ տալիս: Մատները վերևից ու ներքևից, աջից ու ձախից մտցնել-հանելով, մատների մեջ էլ միսը խաղացնելով՝ խառնում, համարյա հունցում էր, ապա մի մեծ տախտակի վրա դարսում՝ սկզբում չալաղաջները, հետո սուկին, ապա սովորական կտորները, ինչպես ասում են՝ ըստ կարևորության ու գնի»,- հետևաբար նման հագեցած նկարագրություններով վեպը չի կարող չընդունվել որպես պատմաազգագրական արժեք։ Մի փոքրիկ հատված էլ մեջբերեմ. «…Այնուամենայնիվ հայտնվեց: Չոր հացով ճամպրուկը, Օսկոյի դռանն էլ հայտնվեց: Այն հայտնվում էր գիշերով, աքսորվողների դռներին՝ ասես կաթում էր երկնքից, երազներին խառնված՝ լցվում մարդկանց վրա: Ո՞վ էր գիշերով դռների առաջ բերում դնում այդ ճամպրուկները, ինչո՞ւ այդ ժամանակ գյուղի ոչ մի շուն չէր հաչում… ի վերջո՝ որտեղի՞ց այդքան ճամպրուկ, որտե՞ղ էին դրանք պահվում… Փաստ էր՝ դրանք հայտնվում էին հրաշքի պես հանկարծակի»: Վեպի քրոնոտոպը ճակատագիր կրող հերոսների կենսաշարժն է, այսինքն՝ ժամանակի ու տարածության պատկերաշարժը գեղարվեստորեն մշակված ձևի մեջ: «Վեպի գործողությունները ձգվում են ավելի քան մեկ դար՝ 1918–2020 թթ.: Առաջին մասի դեպքերը տեղի են ունենում Սևանի ավազանում: Ներկայացվում է հայոց պատմության 20-րդ դարի ամենադրամատիկ էջերից մեկը՝ Զոդում Սիլիկյան եղբայրների սպանությունն ու, որպես վրեժ, Զոդ օպերացիան:
Երկրորդ մասում վեպի վերջին հերոսի՝ Մովսեսի հուշերն են: Էպոպեա, որի առանցքում պապերից որդիներին ու թոռներին անցած արժեքներն ու խնդիրներն են: Սուսաննա Հարությունյանը ինչքան էլ հարազատ է մնացել ճշմարիտ պատմությանը, այնուամենայնիվ նրա խնդիրը գեղարվեստական վեպ գրելն է, և, բնականաբար, գրողի գեղագիտությունը հաղթել է պատմիչին, ասել է թե՝ զուտ դեպքերի ու իրադարձությունների փաստական արձանագրողին: Ասածս վկայեմ մեջբերելով վեպից գեղարվեստի մի կտոր. «Երկինքը փուլ եկավ այդ օրը դհոլ-զուռնայի ձայնից, սարերը ցնցվեցին, ձորերը դմբդմբացին: Մինչև անգամ չարքերն էն աշխարհում քնահարամ եղան պարողների ուրախության կանչերից: Ձին ցոլցլում էր օդի մեջ՝ կարմիր բաշը ծածանելով, թամբի վրա Աթամին ճոճելով, ձին համարյա հասել էր արևին, ու դժվար էր հասկանալ՝ նրանցից ո՞վ է ավելի շատ լույս տալիս… Դհոլ-զուռնայով, գաթա-հալվայի սինիները պարեցնելով, խանդավառված ու հետաքրքրասեր թափորով նրանց դիմավորեցին գյուղի տակ: Աթամը թռավ–իջավ ձիուց ու, սանձը բռան մեջ հավաքած, գյուղացիների հետ պարում էր ձիու առաջ: Ձին փնչփնչացնելով հալվա էր ուտում դնչի տակ խոթած սինուց: Պառավներից մի երկուսը մոտեցել, համբուրում էին ծոպավոր թամբը, որի վրա երբևէ Փաշան էր նստել: Ձին Անդրանիկ փաշան էր նվիրել»: Սուսաննա Հարությունյանի գրողական դիտողականությունը սուր է, ուստի՝ նա կարողանում է անգամ փոքրիկ դրվագում նրբանկատորեն ներկայացնել հայաստանյան գյուղի ու քաղաքի հակադարձ համեմատականությունը որպես Հայաստանի մեկ ամբողջական փիլիսոփայություն. «Աշխատանքի գնալիս միշտ սառնարանի վրա գրություններ էր փակցնում. «Ճաշը սառնարանում է: Ճաշի հետ կխմեք բալի կոմպոտ»: «Աղջի՛կս, դու կուտես ձվածեղ, միսը թող մնա հայրիկին, նա շատ է հոգնում»: «Հյուրը թող ուտի պանրով բրդուճ և վերջին երեք տոլման»: «Ով առաջինը եկավ, թող աղբը թափի հաց ուտելուց առաջ»: «Սիրելի՜ս, այսօր քո ծանրաբեռնված օրն է, կարող ես մի բաժակ օղի խմել…»: Իրեն անասելի ծիծաղելի էր թվում այդ ամենը, պատկերացնում էր, որ եթե սառնարան ունենային, ու մայրն այսպիսի գրություններ թողներ… կհամարձակվե՞ր իրենց հորն ասել, թե երբ օղի խմի, և իրենք հաշվի կառնեի՞ն, թե ո՛վ պիտի ուտի վերջին երկու տոլման: 10 վայրենի երեխա դպրոցից հոգնած գալիս, Սևանի թարմ օդից ախորժակները գրգռված՝ ով առաջինը հասներ, ինչ աչքը տեսներ, կլանում էր: Հաջորդ եկողը թող ինքն իր գլխի ճարը տեսներ»: Առանց ճամարտակելու, վերոնշյալ տրամաբանությամբ կարճ ու կոնկրետ, դրվագ-դրվագ վեպում բնութագրվում է հայկական ժամանակը, որից դուրս չեն նաև սովետն ու իր հետևանքները որպես Սոդոմ-Գոմոր. «-Ի՞նչ անեմ, բալե՛ս, խեղճացած՝ փեշերն էր քամրտում հազիվ նստած կինը,- մեր գյուղում տղամարդը միշտ քիչ ա եղել, մեկին թուրքն ա տարել, մյուսին ռուսն ա տարել, երրորդը հեռացել է ինքնակամ: Իսկ հերդ՝ սիրուն, փողը ջեբը, իշխանությունը ձեռքը… ում վրա մատը դներ՝ չէ ասողը չէր փրկվի: Ես ի՞նչ իմանայի՝ դուք կծնվեիք, ես ի՞նչ իմանայի՝ ձեզ պատասխան եմ տալու… և առհասարակ, բալե՛ս,- հոգոց հանելով դիմեց նա Մովսեսին,- էս գյուղից հեռու մնա՝ էստեղ ում էրեխուն ծեծես, կարող ա պատահի՝ քո ախպերն ա, ում աղջկան սիրես՝ կարողա պատահի քո քույրն ա: Հեռու մնա…»:
Վերջնախոսք. Սուսաննա Հարությունյանի ամեն մի նոր ստեղծագործություն նախորդի հաստատումն է ու նրա զարգացումը, դրանով իսկ հեղինակի ստեղծած գրաշխարհը գործից գործ դառնում է ավելի ընդգրկուն, բազմաշերտ ու բազմերանգ, որտեղ միֆն ու իրականությունը միմյանց լրացնում են ու իրար շարունակելով՝ բովանդակությամբ ամբողջանում որպես գեղարվեստական խոսք, որպես կյանքի դիալեկտիկան ապահովող գրավական, ինչի վկայությունն են՝ «Ագռավները Նոյից առաջ» վեպում Հարութի կերպարով իրականության առասպելացումը, իսկ «Անդրանիկի վերջին ձին» վեպում Մովսեսի կերպարով առասպելի իրականություն դառնալը:
Հ.Գ. Երբ վերջացրել էի գիրս, նորից հպանցիկ ու թեթև թերթելով աչքի էի անցկացնում Սուսաննա Հարությունյանի գիրքը, մտածեցի, որ արժե վեպից մի կտոր էլ մեջբերվի՝ մեկնությունը թողնելով ընթերցողին. «Գագաթները գարուն չունեն, գարունը հոգին ավանդում է ինչ-որ տեղ՝ լանջերին, ծաղիկներ վեր ցփնելիս: Այստեղ սառույցը միշտ է ճնշել արևին, և ինչքան էլ սիգաճեմ է այն մայր մտել լեռներում, միևնույն է, չի հալեցրել ցուրտը, գագաթների վրա արևը երբեք իշխանություն չի ունեցել, լեռների թիկունքը մի՜շտ է մրսել… Ժառանգաբար այստեղ միայն քամիներն են ուխտի գալիս՝ պատռտելով ոտք ու ոսկոր, և կայծակն է ճգնում իր կրակե մեղքը: Քամին գայթելիս ճանկռոտել, սղոցել ու կրծմրծել էր սառցե գագաթները՝ փչակներ բացելով, և սառույցների մեջ զմռսված քարաքոսերի պաղ աչքերը նայում էին, թե ինչպես են ձիերը գոլորշի փնչացնելով՝ իրենց պճեղները հարմարեցնում քամու բացած ելուստներին, բարձրանում վեր»: