Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ/Կանգնել  էր ճամփեզրին…

 

 

 

 

Ո՞ր ճանապարհի և դրա ո՞ր եզրին. ա՞ջ, թե՝ ահյակ, ե՞տ, թե՝ առաջ տանող եզրին, որի սխալ ընտրության դեպքում կա՛մ կհեռանար ընդմիշտ, կա՛մ՝ չսխալվելու դեպքում (երանի՜), կմոտենար իր հոգու տանը, որը մի օր՝ ընդամենը որպես եզրույթ, արտաբերել էր կարծեցյալ ընկերոջ մոտ…

Եվ աջն ու ահյակը, ետն ու առաջը իսպառ կորցրածի անհուսությամբ՝ կանգնածի իր դիրքից՝ ծալծլվեց ու նստեց տեղում, և սկսեց համոզել ինքն իրեն, որ հիմա…

Հիմա՝ ե՞րբ, կմոտենա մեկը՝ ո՞վ, ու կտանի իրեն՝ վերջիվերջո՝ ո՞ւմ, և կտանի՝ ո՞ւր, որը սոսկ ինքը՝ տանողը կիմանա, քանզի անցնող-դարձողները՝ շա՜տ, ու իրեն նկատողները… Ոչ ո՛ք:

Իսկ եթե ի՞նքն աննկատելի կամ անտեսանելի մե՞կն է, իսկ գուցե… Հենց սրընթաց անցնող – դարձողնե՞րն են այդպիսիք…

 

Եվ ոչ ոք չէր կանգնում ու չէր բռնում իր՝ մոլորվածի փոքրիկ ու սառած ձեռքը, և չէր տանում իր հետ՝ ետ կամ առաջ, աջ կամ ահյակ…

Իսկ եթե այդպես հենց անցնող-դարձողնե՞րն են մոլորված, որոնցից մեկը…

Մե՞կը, թե՝ բոլորը, որ… իր վրայո՛վ, կողքո՜վ, միջո՞վ անցնում ու չեն նկատում իրեն՝ վերջիվերջո՝ ո՞ւմ, որ այդպես անհույս սպասում է, և…

Եվ վերջապես հասկացավ, որ ոչ թե նրանք՝ իրեն չնկատողներն են մեղավոր, այլ ինքը՝ հոգնածն ու մոլորվա՛ծը, նրանց՝ նկատվելու անարժաններին նկատա՛ծը…

 

ՆԿԱՏԱ՜ԾՍ.

 

Ե՛Ս՝

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱ՛ՆՍ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։