ԾՆՎՈՂԻ ՃԻՉԸ…
Էլեգիա
Եղեռնի զոհերի հիշատակին
I
Օ՜, իմ Տեր Աստված,
Այն ինչ կատարեց
Թուրքն իր չար ձեռքով
Դարձյալ հայի դեմ:
Դա մի ոճիր էր
Ոչ միայն հայի,
Այլ քո արարած
Մարդ տեսակի դեմ…
* * *
Տեր Աստված, անգամ
Անաստված ցեղն
այդ
Մեղա գալու տեղ,
Սնում է անվերջ
Իր մեջ գազանին,
Որ միտքն ու ոգին
Հոշոտի՝ երկնող,
Իր հարմար
պահին…
* * *
Լոկ մեր ցավից չէ,
Որ աղոթելիս
Եվ ճչացել ենք:
Ճիչն այդ չի դարձել
Ո՛չ թույլի բողոք,
Ո՛չ էլ՝ որբի լաց.
Հաճախ լռել ենք
Հանուն ապրողաց…
* * *
Մեր լռությունն էլ
Ճիչ է քարացած.
Մենք ճչացել ենք,
Որ մարդն արթնանա,
Իր խոր թմբիրից,
Նաև հասկանա,
Որ յաթաղանից
Մեծ չարիք չկա…
* * *
Հիմա Արցախն է
Դարձել թիրախը
Նույն յաթաղանի.
Բայց մեր
բռունցքված
Կամքի, ոգու դեմ
Միշտ ծնկի կգա
Արնախում դևը
Այդ երկգլխանի…
II
Ալեհեր սարն իմ
Ափն է փրկության
Դարձել մեծ Նոյի.
Երկիր Նաիրին՝
Նոյի մեծ ոգին
Պահող սուրբ բուռն է,
Եվ հույսի դուռն է
Մարդկության
գոյի…
* * *
Մենք որպես Նոյի
Ոգու կրողներ,
Տիրոջ մեծ կամքով
Շունչ, ոգի առել
Հատված անտառի
Հաստաբուն
կոճղերից,
Հրաշքով նորից
Վերածիլվել ենք…
* * *
Դաժան ու մթին
Ամպերը որքան
Փորձել են փակել
Ճամփան մեր
լույսի,
Լեռները քո քաջ
Զինվորի նման
Ճեղքել են, բացել
Ճամփան մեր
հույսի…
* * *
Գիրն ու սուրը մեր
Հատու են եղել,
Երբ մեզ փորձել են
Բիրտ ուժով նեղել,
Ապրել հավատքով,
Գերել ենք հոգով,
Ներել բարությամբ,
Հաղթել ենք
կամքով…
III
Ես զավակն եմ քո,
Իմ սուրբ Հայրենիք,
Լեզվակն եմ
զանգիդ,
Քո օրն եմ գալիք:
Այսօր քեզանով
Ուժեղ եմ, հպարտ,
Իսկ դու ինձանով
Զորեղ ես,
անպարտ…
* * *
Լեռներն են խրոխտ
Պատերը մեր տան,
Արծիվներն են քաջ
Հույսը իմ երկրի:
Արագիլները
Շուտով տուն կգան.
Ու նոր ուժ կտան
Թևերին երգիս…
* * *
Պապով ու ծոռով
Սեղան կնստենք,
Արաքսի հունով
Կհոսի գինին,
Լեզուն կբացվի
Բիբլիական սարի,
Կխոսի քաղցր
Լեզվով Նարեկի…
* * *
Ու չի մոռացվի
Ոչինչ, ոչ մի զոհ,
Որ մոլորակն այս
Մնա իր ծիրում:
Որ չհոշոտվի
Մարդկային խիղճը,
Հույսը ապրողաց`
Ծնվողի ճիչը…