Հրաչյա ՍԱՐՈՒԽԱՆ

Հրաչյա-Սարուխան-2

Մի խոնարհումի երկու եռատող

Խնձորի այգին և Թանգատունն այս
Քո առկայության
մասունքներն են պարզ`
Քո առհավետը և քո առօրյան,-

Եվ հավակնահեղց ով ինչ էլ ասի`
Ոչ հիշատակդ պիտի պակասի,
Ոչ խոնարհումս, Ստեփան Զորյա՛ն:

էքսպրոմտ
Պարգև Սրբազանին

Մենք մոռանանք էլ`
Աստված կհուշի.

Արցախի կրծքում
Մեր սիրտն ես, Շուշի՛:

Անպատշաճ խոստովանություն

Պիտ հեռաստանյայց Հայի պես գայի`
Դիմավորեին ծափ ու Օրհներգով…
Կարոտա՜ծ, վսե՜մ` խոր գլուխ տայի
Ու հեծկլտայի հրճվանքի ներքո…

Բախտս չբերեց, զի հեռաստանյայց
Այցվորի հանգույն ուխտավոր չեղա…
Ա՜խ, բնիկ բանբեր
բո՛ւն Հայաստանյայց`
Ի՛մը չէ մեղքը, բայց պատշաճ մեղա,
Որ ընկեր չեղա Շարլ Ազնավուրիս,
Որ Սարոյանիս թասընկեր չեղա,
Որ արյունակից անազնիվ հյուրիս
Տե՜ր կարգեցին ինձ, ու… ընթեր եղա:

Բախտս չբերեց, զի այսօ՛ր անգամ,
Մահարձանների Երկրում քարքարոտ,
Ազատ ու անկախ ինքնաքսորական`
Հայ պոետն էլ է հրճվանքի կարոտ:

Գարունքվա հանգաբույր լորենի

Փա՜ռք տալով քո նեկտար-ավիշին`
Մեղուն է մեղմորեն քայլքլում.
Ցողերդ ընկնում են թավիշին`
Փայլում է, մեղվորեն փայլփլում…

Եվ խելառ իմ խանդն է խնդում ինձ,
Եվ արդեն աչքերս թացվում են,
Երբ խելառ իմ խանդի խնդումից
Երկնքի դռները բացվում են,

Որ տեսնեմ մի անկեզ մորենի,
Ու մեղու, ու ցողեր` թավիշին…

Գարունքվա հանգաբո՛ւյր լորենի,
Օրհնությո՜ւն քո նեկտար-ավիշին:

Դժնի հարցական

Հոռի հովեր են.
Հոգիդ կավերեն,
Որ դառնաս անկամ
Ու որկորի ճորտ,

Մոր կաթից անգամ
Բան-ման կմերեն,
Կընծայաբերեն
Ճանճերին ճենճոտ,

Որ համբերատար
Ծետուկ դնեն հար
Աղ ու Հացի մեջ
Որդուդ սեղանի,-

Երիցս երկչոտ`
Ո՜վ որկորի ճորտ,
Ի՞նչ դարման ունես
Կամ սպեղանի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։