Յոթ երգն էլ պատերազմի մասին / Սամվել Կոսյան

Փարիզում ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Հանդիպման օրակարգի գլխավոր խնդիրը,- ըստ «Ֆիգարո» պարբերականի,- Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելն էր, որի կարևորությունն էլ ավելի է մեծանում, նկատի ունենալով սահմանային գոտում այս ամռանն արձանագրված լարվածության աճը»: Իրականում, վերջին երեք ամսվա ընթացքում սա նույնաբովանդակ երրորդ (ՌԴ նախագահ Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ) հանդիպումն էր, որը կարելի է հերթական դիտարկել, թեև ՀՀ արտգործնախարարի բնորոշմամբ՝ «հանդիպումը կոնստրուկտիվ, կառուցողական և օգտակար էր»: Այն, որ նման հանդիպումները ինչ-որ չափով մեղմում են ազերիների ագրեսիան, կարելի է վերապահումով ընդունել՝ հաշվի առնելով ղարաբաղաադրբեջանական սահմանային միջադեպերն ու ազերիների կողմից հրադադարի բազմաբնույթ խախտումները: Այնպես որ, Բաքվի պայմանական ու միջանկյալ նահանջները պայմանավորված չեն այս և նմանատիպ հանդիպումներով ու բանակցություններով: Հակառակը, այդ հանդիպումներից առաջ և հետո ազերիները կատաղության նոր չափաբաժիններ են ընդունում՝ առավել ագրեսիվ և լայնածավալ դարձնելով սահմանային կրակահերթերը: Փարիզյան հանդիպումից առաջ ֆրանսիական դիվանագիտական աղբյուրները հայտարարում էին, որ «Փարիզը կփորձի շփման այնպիսի եզրեր գտնել, որոնք կարող են հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզի հիմքը լինել»: Բնականաբար, այս նախաձեռնությունն էլ մյուսների ճակատագրին պիտի արժանանա: Ոչ մի հորդորով ազերիները չեն համոզվում դիպուկահարներին հետ քաշելու, հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու մտքի հետ: Ինչքան էլ համանախագահները Ալիևին համոզում են, որ հակամարտության լուծման կարևոր նախապայմաններից մեկը ժողովրդին խաղաղության նախապատրաստելն է, ալիևյան հայատյացությունը շարունակում է արտաքին և ներքին ռազմավարության ուղենիշը մնալ: Բաքուն սպասում ու պատրաստվում է իր պատերազմին և ահռելի միջոցներ է ծախսում սպառազինության համար, իսկ աշխարհը հույսով է կամ ուզում է հուսալ, որ առողջ բանականությունը դեռևս վերջնականապես չի լքել ազերիներին: Քաղաքագետ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, «Փարիզում արձանագրված կարևորագույն ձեռքբերումը Ադրբեջանի պաշտոնական վերադարձն էր այն մտքին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն այլընտրանք չունի, և բանակցային գործընթացը պետք է շարունակվի հենց այս ձևաչափով: Զգացվում է, որ Ալիևը դիրքերն ամրապնդելու որևէ նոր դրույթ, գործոն բանակցային սեղանին չունի»: Մինչդեռ, ոչ թե չունի, այլ չի ուզում ունենալ, որովհետև հանրահայտ արջի պես նրա յոթ երգն էլ պատերազմի մասին է, և ալիևյան իշխանությունն այդ երգը անգիր է արել: Առայժմ միջազգային հանրության ջանքերը թարմացնելու երգացանկը ընդամենը նվազ փորձեր են: Առանց խստագույն պատժամիջոցների և սպառազինության սահմանափակումների Ալիևն իր երկակի խաղից չի հրաժարվելու: Դրսում բարձրաձայնելու է միջազգային հանրությանը հաճո կարգախոսները, ձայնակցելու է նրանց հեղինակած երգերին՝ սեփական երկրում շարունակելով ռազմական քայլերգը շեփորահարել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.