Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սիրո ու կարոտի նվագներ
Սուսիկին
Մեր ձին
Հիշո՞ւմ ես` ինչպես զով գիշերներին
Մեր կապույտներում ո՞նց էինք փնտրում,
Ո՞նց էինք գտնում հրաշք Պեգասին
Ու ամբողջ գիշեր խոսում նրա հետ
Մեր սիրո մասին…
Իսկ դու, մե՛կ շատ լուրջ, մե՛կ էլ կեսկատակ,
Ինձ հարցնում էիր. «Ե՞րբ ես քո ձիով
Դու ինձ փախցնելու»:
Իսկ ես վախվորած նայում էի քեզ,
Չլինի հանկարծ Պեգասը եկավ,
Ի՞նչ եմ անելու…
Հիմա կարոտից, հաճախ էլ նաև`
Մենակությունից,
Հաճախ եմ լինում մեր Պեգասի հետ:
Մի օր էլ տեսա ամպի մի ծվեն,
Ի՛սկը նույն ձին էր, մեր ձին հրեղեն:
Հիմա դու գուցե օտար այդ երկրի
Քո տան կտուրից
Դարձյալ փնտրում ես, որ գտնես մեր ձին,
Կամ էլ հոգնել ես, էլ չես հավատում
Երազներին սին:
Ժամանակները շատ բան են փոխել,
Շատ բան փոխվել է նաև մեր կյանքում:
Դու էլ աղոթիր,
Որ մեր «Պեգասը» գա մի օր անտես,
Կանգնի մեր կողքին…

Տխրության պահին
Թեկուզ մտովի թե ինձ չգտնես
Ու շատ ցանկանաս, որ ինձ հետ խոսես,
Բաց արա գիրքս, թերթիր ինձ նորից
Ու այնտեղ սիրտը իմ բաց կտեսնես`
Հազար մի տեղից թեկուզև խոցված,
Չընթերցված կամ էլ` շատ անփույթ գոցված…
Աղաչում եմ քեզ, քեզ համար միշտ բաց
Քո դռնով մտնես,
Այնտեղ նաև քեզ իսկույն կգտնես…
Դարպասները իմ ջարդված, փշրված
Եթե կտեսնես
Եվ հսկա ժայռեր դու փոշի դարձած
Եթե կտեսնես,
Դու ետ չդառնաս, նայիր ու հեռվում
Դու քո ամրոցը նաև կտեսնես`
Մեր սիրո նման հպարտ ու կանգուն,
Մեր սիրո նման տաք ու աննկուն:
Քո մեծ ամրոցում դու թագավորիր
Մինչև ես կգամ:
Այն պահին կգամ, որ շեն ու կանգուն
Դարպասները իմ քո դիմաց բացեմ,
Առաջվա նման հացը մեր արդար
Գինով ես թացեմ:
Գավաթը ձեռքիս, առաջվա նման
Քո գովքը անեմ ես իմ երգերով,
Ոչինչ, որ երգս լինի մեծ ճամփա
Անցած մարդու պես գուցե քիչ հոգնած,
Ձայնս` քիչ թախծոտ,
Մեկ է, կտեսնես
Իմ անքուն, փակվող աչքերի խորքում
Խնամքով պահված և՛ սեր, և՛ կարոտ…

Քո հեռուներից
Քո հեռուներից կապույտ, աստղաբույլ
Մի օր ես նորից քեզ տուն կբերեմ,
Որ բազմես նորից քո թողած գահին:
Ես հավատում եմ հզոր, գերբնական
Սիրո մեծ ուժին. կգաս ու նորից
Շուրջդ կփռես հմայքդ հրաշք,
Որ հաղթեց մահին…
Բայց այնպես արի` սիրտդ չցավի,
Երբ գաս ու տեսնես` ոնց է առանց քեզ
Թոշնել մասրենին,
Ինչպես են տխրել մանուշակները
Աչքերիդ գույնի…
Արի, ոնց կուզես, գուցե գիշերվա
Երազում թաքուն,
Տեսնես` ինչպես է հեքիաթդ հյուսած
Պատուհանիդ տակ սպասում արթուն…

Գիշերային տագնապ
Իմ պատուհանին աչքս սառել էր
Ու ամուր կպել սառույցի նման,
Քո ոտնաձայնը ասես քնել էր,
Իմ փակված դռան լռության նման:

Մի ամպ փակել էր ցոլանքը աստղի,
Այն հեռացել էր իմ պատուհանից,
Մնացել էի բանտարկվածի պես,
Անլույս իմ խցում մենակությունից:

Դրսում մի շուն էր կաղկանձում անվերջ,
Լքված, միայնակ, անբուն ու անսեր,
Թե գտներ նա ինձ, կգար, կգրկեր,
Կսփոփեր հոգիս` դատարկված, անտեր:

Իմ պատուհանին աչքս սառել էր
Ու ամուր կպել սառույցի նման,
Քո ոտնաձայնը ասես քնել էր,
Իմ փակված դռան լռության նման:

Չհասկացա
Չհասկացա` այդ ինչ եղավ,
Մի բան փոխվեց իմ կյանքում,
Կանգնած էիր դու մոլորված`
Մի վարդ պահած քո ձեռքում:
Այդ դու էիր, սիրո՛ւն աղջիկ,
Թե՞ երազ էր երևի,
Դու ինձ էիր գուցե փնտրում
Քո նոր հարկում վերևի:
Ուզեցի քեզ մի բան հարցնել,
Դու մոլորված, չլսեցիր երևի,
Այդ դու էիր, սիրո՛ւն աղջիկ,
Թե՞ երազ էր երևի,
Դու ինձ էիր գուցե փնտրում
Քո նոր հարկում վերևի:

Երգս
Վաղուց ապրում է իմ մեջ մի հին երգ,
Մի երգ, որ ինձ հետ ընկեր է ճամփի,
Նա գագաթներն է հսկում լեռների,
Տրտունջը մեղմում մթին ձորերի…
Երգն այդ պահում է ինձ հողի վրա,
Որ ոտքիս վրա միշտ մնամ կանգուն,
Ինչ էլ պատահի, միշտ ունենամ քեզ,
Չմնամ անտուն:
Երգն այդ չի թողնում գլուխս կորցնեմ
Աշխարհի հանդեպ պարտքս չափելիս,
Չի թողնում հանկարծ, որ ձեռքս դողա
Ինձնից խեղճի հետ հացս կիսելիս…
Երգն այդ ծնվել է բացվող գարնան հետ
Ու լցվել իմ մեջ մորս կաթի հետ:
Այն ձայնագրել եմ մեր այգում հոսող
Ջրի շուրթերին, որ այն չկորչի,
Չլռի հավետ…

***
Սառնաշունչ քամին արդեն ավելի
Մոտից է փչում,
Տերևները չոր իրար ականջի
Ինչ-որ շատ տխուր բան են քչփչում:
Քո ոտնաձայնը հեռվից է գալիս,
Անծանոթի պես բարև չի տալիս…
Օրը հոգնել է ու շուտ է մթնում:
Կեսօրին արդեն` սարսուռն ուսերին,
Շուտ է տուն մտնում:
Ինչքան գնում է, ամռան օրերը
Շուտ-շուտ են հիմա իմ մտքով անցնում:
Սաստիկ ձմեռը իր նոր հոգսերն է
Ուսերիս բարձում…

Թեկուզ ուշացած…
Ինձ թվում է, թե մեր հին կանգառում
Ավտոբուսները էլ կանգ չեն առնում:
Երբ դու չես գալու ես ո՞ւմ սպասեմ
Էլ մեր կանգառում:
Երբ դու կողքիս չես, իմ մոլորակն էլ
Աչքիս փոքրանում, դառնում է մի բուռ,
Աշխարհը մեր լայն դառնում է աչքիս
Պինդ փակված մի դուռ:
Ես այնպես կուզեմ` մեր կայարանում,
Նորից քեզ սպասեմ երկար, օրերով
Ու միշտ հավատամ` մեկ է, գալու ես
Քո խաս ու բարակ, նախշուն շորերով…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։