ԵՐԴՎՈՒՄ, ԵՐԴՎՈՒՄ ԵՄ
Ես, որ գրված եմ բառերի հետևակ
Ու քո քայլերի մեջ դրոշն եմ արյան,
Պիտի շանթակուռ մի աստղաբանակ,
Կրակ իջեցնեմ ես աստղաքանակ:
Ու մինչ հաղթական հավիտենություն՝
Քո լեզվին ցնցվող իմ սրտի նման,
Բացեմ մշուշում երակս պայթող…
Ու բյուր-բյուրանամ՝ ինքնարարչությամբ:
ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻՑ ԱՌ ԱՍՏՎԱԾ
Խոսել չեմ կարող,
դու ինձ աչքերից լսիր՝ աչքերով.
Ես այդ չեմ լռում, դա քարն է
անվերջ ծանրանում վրաս,
Գիշերը վառվեց հարևան
լուսնի նենգ հղացումով…
Սովորույթները մնացին
դարձյալ գործող պատուհաս:
Բավ է, այրախաչ ոգի տուր,
արյան ծախսի նոր հնոց,
Թող վախը զարկվի գիտակցության
խոր թմրաուղեղում,
Խոսքի մոտ չգա այսօր՝
հին ու նոր և ոչ մի գորով,
Ես այսօր մահվան շոյանքով
զուգված համաստեղություն:
Բավ է, բավական՝ ազատիր դու ինձ
իմ այս լինելուց,
Վեհորեն փռված քո հայացքը
տուր իմ խոյանքներին.
Կա՛մ ծովաստղի պես իմ սիրտը
ննջի ի մեռելոց,
Կա՛մ հավերժ հարյավ ծովից
ծով օրհնյալ Հայաստանը իմ:
ԱՆԸՆԴՄԵՋ ԽՈՍՔ ԱՐՑԱԽԻՆ
Քանի՜ գարուն՝ եղերափայլ
Օրը բացվեց ու լույս չեղավ.
Սգահայաց աստղ ու մահիկ
Հոլովեցին բախտ ու տարիք,
Գիշերների նյարդահոսքով
Ձյունաշապիկ ցերեկն հագավ,
Լուսնածածան երկնաքողից
Կաթկթում էր վիշտ ու կարիք:
Մի կարոտի ոգի չանցավ՝
Պա՜ղ, հոգնանինջ այս տարածքով,
Ծնունդն հույսի բախտավիժեց,
Աստծո կարոտ հոգին մնաց,
Մի ցանկալուր չեկավ առաջ՝
Արարչագեղ, սրբախորհուրդ,
Հայրահամբույր ոգու ձեռամբ
Չպսակեց գլուխդ բաց:
Դու մենալուռ սփոփանքով
Կարկատեցիր երակ ու շող,
Քո ընդերքից ոտքի ելար՝
Եռահառաչ ու եռաձայն,
Դու մի դեմքով՝
Դառն օղորմի ասիր բախտին,
Մյուս դեմքով օրհներգեցիր՝
Արեգակներ վաղվան պարզած:
Ու լուսաշար ճառագեցին
Գիշերներդ եղերական,
Հեծեծանքներից սրբված՝
Կուրծքդ դարձավ հրե մատյան,
Քեզ շանթաձույլ վճիռն էր հյուր
Եվ անզգեստ պահը ելման,
Ողջ երկինքն էր Աստված ընտրել
Քեզ՝ համբարձման գահ ու պատվար:
…Հողն է պատռել զարկերակն իր՝
Վերջնագրով քո բռունցքվող,
Հրճվանքն է գերեվարել
Խավարը քո վառ քունքերի.
Ելիր, երկի՛ր պայծառագեղ՝
Բացվող օրվա քո ներկայով,
Քո հավերժող երթի համար
Ժամանակը ինքդ ընտրիր…
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Թող գա հայացքդ՝
Դառնա սրերին մեր երկարություն
Եվ հարստություն մնա թշնամյաց՝
Խավարն անհատակ:
Քայլ արա, զինվո՛ր,
արյունն աչք առած,
Լցրու դատարկը քո համրացրիվ,
Քո սուրն անշեղ է ու մրրկասլաց,
Որ սկսվում է հենց Լեռան սրտից:
Ելիր, թե որ ճիշտ զարմից ես Հայկի,
Երկինք ու գետին դրսեդուրս հագած,
Դիր ամենախենթ քո եղբոր գլխին
Հավերժաթագը՝ դեռ գետին չհասած:
Քո միջով Մասիս ելիր՝ ցավաբեռ,
Թող ձյունն հավիտյան
գլխիվայր թափվի,
Դու Հավատ ու Գիր
քո հոգում ծաղկես՝
Աստված վերևից երկինք ծածանի…
ՄԱՍԻՍԸ ԽՈՍԵՑ
Գահն իմ արյունի
Քո փառքն է, երկի՛ր,
Քո շնչով հասա
Կատարն իմ անծիր:
Գերեզմաններդ
Տեղահանվեցին,
Բայց քո մեջ է քո
Տունդարձը, ասին:
Թե լեզուս կտրեն՝
Հոգուս կերևաս…
Դու հավերժի մեջ՝
Ծագող արեգակ:
ԵԼԻ՛Ր, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Անցյալից առած կերպը մեր անգին,
Սպասման
վերջնավախճանին թառած,
Թողած հեկեկանքն անրջանքների…
Անշրջանցելի ցասմամբ խենթացած.
Չենք երգում հիմա սեր ու գթություն,
Չենք չոքում մահվան,
արցունքի առաջ,
Մշուշի միջով Գերգահ ենք ելնում՝
Ետդարձի ճամփան
մեր կյանքով փակած:
ՍԹԱՓ ՀԱՅԱՑՔ
Մեր Աստծո արնոտ քթի տակ,
Անարքա ու անբանակ,
Երկնաղաց երկնաքարերով՝
Մեր աղուն-բախտը աղալով,
Մենք հանկարծ գլխի ընկանք,
Որ մնաց՝ ի՜նչ մնաց մեզ արդ.
Մի արթուն թափանցիկություն,
Մի պատգամ՝ անգոյաբնակ.
Կամ արյան հրայք ու շառաչ,
Կամ մեռած մի անմահություն: