Ժամանակակից հայ գրողն ու հայ գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև. Գրիշ ԴԱՎԹՅԱՆ

ՑՈԼՈՒՄՆԵՐ
Ոչ թե պատահական,
Այլ հազվադեպ ես լցվում աչքերիս մեջ,
Իբրև ընկեր, ցանկալի,
Որ հայտնվում ես, որպես լիրիկ միանձնուհի,
Խորհրդավոր ճամփորդ,
Տենչեր որոնող, բարերար:

Մոտենում ես թեթևակի ողջագուրումի,
Հազիվ մի հպումի…

Մազերիդ երեկոն
Մթնշաղում է տեսողությունս,
Ու թեև պսպղում են կանթեղներ,
Բայց չեմ հասնում ցոլքերին,
Չեմ հասնում ջերմությանդ համովին,
Մնում եմ զրկված ու անբավարար
Քո մոտիկ անհասության թնջուկում:

Իցիվ հեքիաթը սկսվի վերջից,
Երբ երկնքից երեք խնձոր է ընկնում
Ու համեղով հագեցնում կյանքը…
Մինչդեռ քո անփութությունից
Սկսվում է մի անհուսալի հեքիաթ…

Թեև ծառս է լինում հրեղեն ձին,
Բայց չի սավառնում,
Չի սավառնում իղձերիս թևերով…

Հեռուների, հեռուների կարոտ կա
Թաքնված աչքերիդ մովերում…

Աչքերիս մովերում թաքնված
Հեռուների կարոտ կա,
Որ շրշում է մտերմությամբ,
Գարնանային երեկոների բարեխառնությամբ,
Որ տարածում է շշունջներ ու շվաքներ,
Գգվանքների անստույգ ցանկություններ,
Փաղաքշում է զգացումներ
Ու պաշարվում սրտերում:

Ավելի հաճախ լցվիր աչքերիս ծովում,
Մազերիդ երեկոն թող չշղարշի ջերմությունդ,
Այլ մթնշաղվի ուսերիդ
Որպես ապահովություն ու շքեղանք,
Փայլի շնորհածդ գեղեցկությամբ,
Իմաստավորի տենչ ու տարփանք,
Որ հասնեմ ցոլքերին,
Ցոլքերին…

ԲՌՆԿՎԱԾ ԱՄԱՌ
Իմ տաք սիրուց է շոգում ամառը,
Հույզերիս բովից թեժ է ու բորբոք.
Արևն ընկել է սրտիս անտառը,
Սիրո հրդեհ է գցել անողոք:

Աչքերդ արևից չի լինում ջոկել,
Այնպես շողում են սիրո հրատով.
Այդ իմ սիրուց են խարույկներ վառվել
Աչքերիդ խորքում, ամառվա տապով:

Ամառը շոգ է իմ սիրո բարկով,
Ջերմ է գգվանքդ, ու գիրկդ տաք է.
Սիրտս բացվել է երկնքի լայնքով,
Սիրուս կրակը ամռանը շատ է:

Սիրուս վառքից է ամառը շոգում,
Տարերքիս եռքով ալիք է տալիս.
Ծովը գրկիս մեջ խորքից է հորդում,
Կապույտ հեքիաթով հեղեղում հոգիս:

Ամառն ընկել է սիրուս կրակը,
Քո սիրուց է, որ կարմիր է կտրել.
Էլ ես չեմ զգում ամառվա տաքը,
Սրտիս քուրան է ամբողջ բռնկվել…
Գլենդել

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։