Գրականությունը միտք է: Գրականությունը երկիր է: Գրականությունը ժամանակ է: Եռամիասնության միասնությունն է որոշում գրողի տեղն ու դերը գրականության մեջ:
Երբ Աննա Պետրոսյանն սկսեց գրել, որպես արվեստագետ` անպայմանորեն լիարժեք դրսևորվելու ներքին մղումն ուներ, որովհետև, դեռևս շատ փոքրուց գրաճանաչ ու ընթերցասեր մանուկ, դպրոցն ավարտելով, արդեն երկընտրանքի առջև էր` բանասիրությո՞ւն, թե՞ թատրոն: Գործերը տալով համալսարանի բանասիրության ֆակուլտետ` մի քանի օր անց մտքափոխվում և որպես կյանքի մասնագիտություն կանգ է առնում թատրոնի վրա: Յոթանասունականների հասուն սերունդը նրան շատ լավ է հիշում, Երևանի դրամատիկական թատրոնում դրամատիկ դերակատարումներով փայլող դերասանուհին շքեղ արտաքին ուներ, հրաշալի բեմական ձայն և անպայման բարձր կոչումներով արտիստի ապագա:
Բայց նա նաև գրում էր: Եվ եկավ այն պահը, որ բեմն այլևս քիչ էր, գրեց «Ամազոնուհիները» թատերգությունը, ինքը խաղաց իր ստեղծած գլխավոր հերոսուհուն և եղավ նաև բեմադրիչը: Գրեց ու հեռուստաթատրոնում ինքն էլ բեմադրեց, գլխավոր դեր խաղաց այն ժամանակվա համար ազատախոհության արտահայտություն պատմական թեմայով թատերգություններում, որոնք այսօր կարդալով` արդիական ու շատ անհրաժեշտ խոսք ես տեսնում, որ անպայմանորեն պետք է հնչի բեմից, ոչ թե անհայտության մեջ հանգիստ ննջի գրադարանների դարակներին փոշեծածկ:
Այն որոշումը, որ մի օր կայացնում է արդեն հայտնի դերասանուհին և թատերագիրը, որոշումը, որ երևանյան նվաճումները պետք է թողնել Երևանում և բոլորովին նոր կյանք սկսել հայրենի Լենինականում, իսկապես անհատականություն ունեցող արվեստագետի օգտին է միայն: Այս ճամփաբաժանին է, որ Աննա Պետրոսյանը ինքնահաղթահարման գնով ինքնահաստատվում է որպես ինքնուրույն մտածելակերպով, սեփական գաղափարական աշխարհով և այդ աշխարհը հաստատելու պայքար տանելու կամքով անհատականություն: Իսկ այդ կամքը ձևավորելուն օգնել էր գրականությունը: Նա արդեն լույս էր ընծայել նաև երկու վիպակ` մի փոքրիկ գրքույկ` «Արևը քայլում է ինձ հետ» և` «Որպես հացն հանապազօրյա»-ն` «Սովետական գրականություն» ամսագրում:
Երբ ծայրից ծայր կարդացի Աննա Պետրոսյանի ողջ գրականությունը, տեսա, որ հենց առաջին փոքրիկ վիպակում արդեն ակնառու է այն լրջախոհ գրողը, ում տեսել եմ հետագայում գրված ծավալուն վեպերում, թատերգություններում, ակնարկներում, բեմադրիչի աշխատանքում և «Բոլոր ժամանակների Հայաստանը» յոթ հատոր աշխատությունում: Այնտեղ արդեն կա այն հեղինակը, ով պիտի գրի «Կումարի Մեծ Տիկնոջ պատմությունները», «Մոզ քաղաքի կործանումը» և մյուսները:
Խորհրդային տարիներին գրաքննություն կար, բայց ոչ այնքան գլավլիտ կոչվող հիմնարկի աշխատակիցներն էին գրաքննիչները, որքան ամեն ոլորտում ծառայամիտ միջակությունները` իրենց նախանձ աչալրջությամբ: Եվ, ահա, ժամանակի համար կրկին համարձակ ասելիքով երկրորդ վիպակը նրանք նկատում են: Վերնագիրն այնքան թափանցիկ էր, ակնարկն` այնքան հասկանալի… ինչպես ամենօրյա հացն է պետք ապրելու համար, այնպես էլ ստեղծագործող մարդուն հանապազօրյա հացի պես պետք է ազատ ճախրելու հնարավորությունը: Գրողների միության վարչության նիստում սուր քննադատվում է հայկականությամբ ներծծված այս գործը, նաև ամսագրի գլխավոր խմբագիրը, և քսան տարի շարունակ երիտասարդ գրողը հրատարակվելու հնարավորություն չի ունենում: Քսան թանկարժեք տարիներ թատրոնի և գրականության մեջ ասելիք ունեցողի հայտ ներկայացրած արվեստագետի համար ճակատագրական եղավ ոչ թե չստեղծագործելու, այլ` ընթերցողական միջավայրում կայուն ամրանալու տեսակետից: Նա շարունակում էր ստեղծագործել, բայց` չտպագրվել: Հայ գրականության և, ոչ միայն, նաև սովետական ողջ երկրի գրական միջավայրում կայանալու դեմ կողպեք դրվեց, ինչ է թե գրողը արվեստում հարիր չի գտնում տվածուրիկ տաղանդը, ծառայամիտ լինելով, ապաշնորհ կերպով վատնելը: Մեկ մարդու հաղթանակած կարծիքն ընդդեմ բացարձակ ճշմարտության, համամարդկային արժեք հատկանիշի, և գրականության տարածման համար լավագույն տարիները չօգտագործվեցին: Ընթերցողին ներկայանալու, սովետական ժողովուրդների բազմազգ լեզուներով թարգմանվելու և հանրահայտ դառնալու Կորուսյալ թանկ տարիներին գրվեցին էլի վիպակներ ու թատերգություններ, որոնք համարձակորեն շարունակեցին գրողի որդեգրած գաղափարախոսությունը, հեռուստաեթերում տեղ գտան: Ամենուր չէին չարախոսները:
Աննա Պետրոսյանի գլխավոր հերոսը Հայրենիքն է, Հայաստան աշխարհը, բոլոր ժամանակների Հայաստանը: Գրողը մեծ անելիք է տեսնում այդ Հայաստանը երեխաների հոգու միջով անցկացնելու, նոր սերնդին այդ հարստությունը փոխանցելու մեջ: Նա այս անգամ Մանկավարժ է դառնում, Լենինականում հիմնում է Առասպելի դպրաթատրոն, դպրոցները պտտվելով` հավաքում է արվեստակիր երեխաների և դպրաթատրոնի օջախ դարձած Սուրբ Նշան եկեղեցում բեմադրում հայոց պատմությանն ու հայ մարդու նկարագրին նվիրված բեմադրություններ, սեփական թատերգություններ, որոնք նաև ուսուցողական հրաշալի դասեր էին ոչ միայն երեխաների, այլև հանդիսականի համար: Մասնակից երեխաներն ու ողջ անձնակազմն այն հիշելիս անվանում են հեքիաթ, որ բախտ են ունեցել ունենալ իրենց կյանքում: Այս թատրոնը կարելի է երևույթ համարել հայ թատրոնի բազմադարյա ու շքեղ պատմության մեջ: Իսկ երկրաշարժից հետո ավերված քաղաքում ծանր կորուստներից չկքած թատրոնի կրկին վեր հառնելը կարելի էր փրկություն ընդունել տառապած հոգիների վերապրումին:
Իշխանությունները կիսատ-պռատ էին, հեռացող խորհրդայինը նոր տարածք տրամադրեց ու թատրոնի նոր օջախի ստեղծման գործը նախաձեռնեց, մինչդեռ եկող անկախականների շարքերում հայտնված պատեհապաշտները այլ ծրագրերի իրագործում տեսան հատկացված հրաշալի տարածքի համար: Աննա Պետրոսյանը կրկին կուլ չգնաց արվեստագետի իր անվան շուրջ հյուսվող շահախնդիր աղմուկին ու վերադարձավ երևանյան իր բույնը: Թուխսի պես նստեց ու գրեց: Գերխնդիր էր տեսել հայոց իրականության մեջ` պետք էր հասկանալ հայոց պատմության տրամաբանությունը, գտնել այն ճեղքերը, խոռոչները, որոնք մեզ պարտությունների են տարել ու մինչև այսօր էլ ամուր մեր մեջ տեղավորվել ու խանգարում են հազարամյակների միջով անցած, թրծված, դիմացած ժողովրդի ժառանգներին:
«Ոգիս սավառնում էր մեծ սիրո հետևից…» իր խոսքերն են նրա մասին իմ գրքից: Եվ շարունակում է. «Ճշմարտությունն այն է, որ նախքան իմ ծնվելը դեռ վաղնջական ժամանակներում Հայաստան Աշխարհի ողջ տարածքում ցրված են եղել իմ հոգու, իմ ինքնության ՀՅՈՒԼԵՆԵՐԸ: Հետո դարեր շարունակ նրանք հավաքվել-հավաքվել են, և ահա, մի օր ես ծնվել եմ Գրիգոր և Պայծառ ծնողներից… Ես վստահ եմ, որ ինչպես իմ ծնողներից առաջ եղել են իմ հոգու հյուլեները ժամանակի և տարածության մեջ, այնպես էլ կլինեն իմ մահից հետո… Հավատով եմ ասում… Ոչ թե իմ ստեղծագործությունները, այլ իմ էության, իմ անձի, անշոշափելի, անընդգրկելի, գուցև` անհասկանալի հյուլեն… Նա նորից պիտի սլանա Հայոց Աշխարհով և լեռների գագաթներին ունկնդրի առասպելները Հավերժականի Աշխարհի»:
Մեծ Սերը, որի ետևից սավառնում էր հայ տաղանդաշատ գրողի ոգին, Հայրենիքն էր, հնամենի, բազմաչարչար, փառահեղ Հայոց երկիրը: 1990 թ. հրատարակվում է «Կումարի Մեծ Տիկնոջ պատմությունները» պատմավեպը, որտեղ հայոց պատմության ոսկե ժամանակաշրջանի արքաներն են, արքայամայրերը, արքայականայք` որպես մինչև այսօր հասնող զավակասեր ու դաստիարակ, որոնց ունկնդիր լինելու անհրաժեշտությունն ունի դեպի իշխանության բարձունքներ ձգտող յուրաքանչյուր ոք: Այն ժամանակվա համար սովորական քսան հազար տպաքանակն սպառվում է մեկ շաբաթում, ժողովուրդը ոտքի էր կանգնել, հերոսապատումի ու ինքնաճանաչողության կարիք ուներ ու գտավ իր որոնածը: Մինչ այսօր էլ այդ գիրքը սրբությամբ են գուրգուրում ընտանիքներում, գրադարաններում մաշված օրինակներ են ձեռքից-ձեռք անցնում: Եկել էր գրողի ժամանակը, նրա խոսքը այլևս որևէ ինքնակոչ արգելել չէր կարող, և նա մտավ իր ընթերցողի սիրտը: Ընթերցողին հասավ նաև «Մոզ քաղաքի կործանումը» գաղափարական ընդգծված շեշտադրումներով ստվարածավալ վեպը: Ցուրտ ու մութ տարիներին նա գրեց «Եղերապատումը» և այն նվիրեց հայոց պատանիներին: Գրականությունն ու թատրոնը երկու սիրելիների նման ձեռք-ձեռքի տված նրա կողքին էին նաև «Հիշատակի թատրոն» գաղափարում, որտեղ Նեմեսիսի տղաների աջակցությամբ բեմադրեց Գրիգոր Յանիկյանին նվիրված թատերգությունն ու ապա այն ֆիլմի վերածեց: Գրողին վայել գրչով շարադրեց հայոց պատմությունը, գրեց ձեռնոցներով, նավթավառի մոտ տաքանալով, ձեռագրերը մեկ մետրից ավել բարձրության հասան, մինչև որ ԴԱՐ հիմնադրամի հիմնադիր, բանաստեղծ, նկարիչ Սվետլանա Հակոբյանը ձեռնարկեց յոթ հատորների տպագրությունն ու գրքերը հանրապետության դպրոցներ ու բուհեր հասցնելը: Մեր պատմությունը, ինքներս մեզ հասկանալու և ճանաչելու նվիրական աշխատանք է սա, և այն բարեբախտաբար ուսումնական ձեռնարկի նման մանկավարժների ձեռքին է: Ուսումնասիրության արժանի են գրողի գաղափարախոսությունը, սփռված մտքերը, եզրահանգումները:
«Ես կարծես վաղուց ծնված լինեի…». այսպես եմ վերնագրել Աննա Պետրոսյանի մասին իմ ընթերցանության պատմությունը, որը հրաշալի գրականության հետ անցած ընթերցանության ու ինքնաճանաչողության թանկ ապրումների ու անսահման հաճույքի վավերագրում է ու ամբողջացում: Աննա Պետրոսյանի ստեղծած գրականությունը ես ընկալում եմ որպես մի բաց դասագիրք, որ երկար տարիներ է գրվել, գրվել է մտքի, հոգու, երևակայության հզոր շաղախով: Գրվել է ճանաչելու, սովորելու, վերլուծելու, առաջնորդվելու համար:
Գրողը գրել է, Երկիրը պիտի իր արվեստագետին ճանաչելի դարձնի, Ժամանակը պիտի գնահատող ու արժևորող լինի:
Նա զգում էր, որ ինքը վաղուց էր ծնվել, ու դեռ էլի է ծնվելու ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ. / Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ
