Սրտաչափ երկիր
Դու ինձ համար հազիվ
Մի սրտաչափ երկիր.-
Օդում ճախրող արծիվ,
Բնիկ, ոչ տարագիր:
Քո հավքերին չվող
Բարին մաղթող իմ մայր:
Նրանց բունը հսկող
Դու աչքի լույս անմար:
Քո հող ու երկնքով,
Օ՜, փոքր ես դու այնքան,
Որ ճանաչում եմ քո
Թռչուններին անգամ:
Ու երբ գարնան ճամփին
Մնում է մեկն անդարձ…
Գիտեմ, թե ո՛ր ծառին
Բույնը թափուր մնաց:
Ամեն ծառիդ համար
Ես իմ կյանքը կտամ.
Ծառս կլինեմ համառ`
Ատամն ընդ ատամ…
Դու ինձ համար հազիվ
Մի սրտաչափ երկիր.-
Օդում ճախրող արծիվ,
Բնիկ, ոչ տարագիր:
Շարունակվող պայքարի մասին
Ես գիտեմ,
Թեև մարտը շահած է,
Բայց մութ ուժերի հանդարտությունից
Դեռ երկար պիտի
Մենք զգուշանանք:
Ու թեև կարծես
Հաղթողն իր համար մի կողմ է քաշվել,
Պարտվողը` մի կողմ,
Բայց ընդհարումը պիտի ընթանա
Լռության միջով:
Միշտ այդ թվացյալ անդորրությունն է
Անկման վտանգը կախել մեր գլխին:
Եվ դրա վկան այն հայությունն է,
Որ զոհը դարձավ թուրք-խառնամբոխի:
Այդ խառնամբոխի հոտը մերօրյա
Մեղկ պարտությունն իր ընդունեց թեև,
Բայց սնվելով իր ոխից հնօրյա`
Դավեր կնյութի մեր դեմ նորաձև:
Քանի՞ անգամ ենք խաբվելով այդպես
Մենք մարդ կարծել այդ ցեղին տմարդի:
Իսկ նա շարունակ շողոմելով մեզ`
Լարել է երախն իր նոր թակարդի:
Պետք չէ այլևս հավատալ երբեք,
Թե բիրտն այդ բարի կդառնա մի օր:
Մեր Ոգուն պիտի մենք ապավինենք,
Նաև մեր Կամքին` շիտակ և հզոր:
Տագնապ արտագաղթի
Օտար հողում բնավորված
Հայն ակամա կնմանվի
Այն հավքին, որ ճարահատված
Իր նոր բնին կհարմարվի…
Սակայն խռով հոգին նրա
Լի է երկրի կարոտախտով,
Քանզի օտար հողի վրա
Կուշտփոր է, բայց` տխուր սրտով:
Բյուր դարեր են անցել այսպես:
Ու դեռ կանցնեն քանի՜ դարեր,
Բայց հայն էլի առաջվա պես
Չվել կուզի օտար ափեր:
Մեր ընչաքաղց տերերն ագահ
Տեսնես ե՞րբ են կշտանալու…
Որ հայ մարդն իր հողի վրա
Ապրի առանց մղկտալու:
Այդ ումի՞ց ենք փախչում տեսնես`
Մթնում ճախրող չղջիկի պես…
Եվ խելքի՞ ենք գալու արդյոք
Փախուստից այս անհեռատես:
Անձնվիրության մասին
Ազգ իմ, ինձ նման քեզ էլ շարունակ
Վիրավորելը միշտ հեշտ է եղել
Վայրենու համար:
Հեշտ է եղել այն առումով, որ նա
Խրախուսված է զգացել իրեն,
Եվ դարի դեմ` ոչ պատասխանատու:
Քեզ զրպարտելն էլ առանձին ջանք չի
Պահանջել չարից:
Դրա համար էլ քո հանդեպ նա իր
Հանցանքներն այնպես հեշտ է քողարկել,
Որ արդարացման քո ճիգերն ամեն
Միշտ ապարդյուն է թվացել նրան:
Երկիր իմ, քո այս ծանր օրերին
Թույլ տուր ծվարեմ քո ոտքերի տակ,
Քանզի տեսնում եմ, որ քեզ տակավին
Մենակ թողնելը կորուստ է համակ:
«Արցախյան մռունչներ» շարքից
Վերջնագիր
(1994 թ., 2015 թ.)
Երկու պատերազմ, երկու հաղթանակ,
Պատրաստ ենք նաև հաղթել երրորդին:
Չկա մեզ համար մի այլ տարբերակ,
Չտարակուսի թող մեր թշնամին:
Մենք մեր օրրանի համար ենք կռվում
Ու նաև՝ հանուն մեր սուրբ օջախի:
Զուր է թշնամին շարունակ զինվում,
Զենքը ոչինչ է ձեռքին ախմախի:
Թող այդ տաքգլուխ թուրքին չթվա,
Թե կխուժի` մեր արյունը թափի:
Թե չէ այլևս թույլ չենք տա նրան,
Որ դիերն իր մեր հողից հավաքի:
Անօրեն է չարն իր ծնված օրից,
Ու թեև ուշ է զայրանում բարին,
Բայց հանկարծ թե նա ելնի ափերից –
Ձեր մի քարն անգամ չի մնա քարին…
Մենք կառուցող ենք, ոչ թե ավիրող,
Խաղաղասեր ենք, ոչ արյունախում:
Չենք նայել երբեք մոլուցքով տիրող
Ոչ մեկի ինչքին – այս մեծ աշխարհում:
Հայ ենք` ուրեմն համբերատար ենք,
Ե՛վ մեծահոգի, և՛ պատվախնդիր:
Դուք շնից շատ եք, բայց մի՛ մոռացեք,
Որ մենք ենք Հայկի շառավիղն ընտիր:
Ո՞ւմ են սպանում
Կրակահերթը հեռուստացույցի
Էկրանի վրա այնքան երկարեց,
Որ վառոդի հոտ զգացի մեկից,
Եվ ինձ ակամա մի վիշտ համակեց:
Ու ես խուճապով ինձ հարց տվեցի.
– Ո՞ւմ են կրակում, ովքե՞ր են մեռնում:
Եվ ցավով մեր Սև օրը հիշեցի,
Երբ մահով էր թուրքն ազգիս սպառնում:
Հրազենների կրակահերթից
Լուռ փռվել էին բոլորը գետնին:
Չէր փրկվել նույնիսկ մեկը հազարից,
Մահացել էին ողջը նույն պահին:
Սպանողների դեմքերի վրա
Ի՞նչ սառնություն կար, ինչ անխղճություն:
Դարն էլ էր թուրքի նման անզգամ,
Ով չուներ իր մեջ խղճի իսկ նշույլ:

Արցախյան Մռունչները Հսկայի գրչով հասնում է մինչև տիեզերականնանսահմանություն հարվածելով ու շոյելով հոգուս ամենանուրբ լարերը