Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ԵՍ ԴԵՌ ՉԵՄ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՐԿԻՐՍ

Ես դեռ չեմ վերադարձել երկիրս,

թափառում եմ արյանս բաց երակներով,

տեսնում հրդեհը հինավուրց հողի…

 

Շուշի քաղաք, մրաքարեր,

այսօր թռչունը կբարձրանա ավերակների

վրայից, նա կվերապրի սկիզբը հրդեհի,

նա չի տեսնի ոչինչ ավերակներից,

օշինդրից բացի, նա կթևածի կորուստների

մեջ բարձր երկնքի:

 

Մի երեխա նայեց հրդեհի խորքից`

ձուլվելով մոր քնքշանքին,

մենակ, պատառոտված քամու մեջ,

ես ազատ էի մեռնելու համար:

Տեսնում եմ հիմա Արցախի խաչված

թթենին, գամված ափերից հոսում է

ավիշը սիրո-եղբայրության

և ձուլվում հազարավոր տերևների

խշշոցին: Աստվածային բարձրախոսը

մեր ծիծաղը փոխում է հեկեկոցի:

 

Ես դեռ չեմ վերադարձել երկիրս,

թափառում եմ արյանս բաց երակներով,

տեսնում հրդեհը հինավուրց հողի:

ես դեռ չեմ վերադարձել,

եթե վերադառնամ, չեմ գտնի ինքս ինձ,

կտեսնեմ լռությունը սփռված երկրի,

դռան ծանր փականքը գրանիտե,

թթենիների մետաքսը կանաչ,

որով հողը գործում է ծիսական իր

հագուստը և չունի փույթը ապրողի:

 

ՀԱՅԵՐԻ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորից Հայաստանի և Արցախի վրա թեքվել է

ցլի պես գիրացած, փուչիկի պես դատարկ

թուրք փաշայի` Ալիևի դեմքը` կլոր և անիմաստ,

նա տենդագին սրում է ցեղասպանության դանակը`

փորձելով հիմա էլ սովամահ անել Հայերին.

– Չես ուզում սովամահ լինել, սրի կքաշենք:

Դատարկ դեմքը փուչիկի պես ճոճվում է

սովից կմախքացած Արցախի բնակչության վրա:

Թուրքերը նախապատրաստվում են նոր

Ցեղասպանության` տեղ չդնելով աշխարհի բողոքին:

Սովը ցեղասպանության ամենասոսկալի զենքն է,

այն անտես է և մահացու ամեն վայրկյան, մանավանդ

երբ երկիրը շրջափակված է բոլոր կողմերից թուրք

քոչվոր ցեղերի կենդանակերպ արարածներով:

 

ԱՅԴ ՕՐԸ ԻՆՁ ՀԵՏԱՊՆԴՈՂ ՊԱՏԿԵՐ. ԱՊՐՈՒՄՆԵՐԻ ՄԻ ՓՈՒՆՋԸ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ ՀԱՍՑՐԵՑ ԱՄՆ…

Այստեղ՝ Ծաղկաձորում, Գրողների ստեղծագործական

տան խորքում, որի ղեկավարը անում է ամեն ինչ՝

փրկելու փոքրիկ կուրորտային քաղաքը ծառահատումներից

և բարձրահարկ շենքերի ներխուժումից, հանկարծ

վերապրեցի-տեսա իմ կյանքից մաքառման մի կտոր

(տարիներ առաջ ես աշխատում էի որպես անկախացած

Արցախի առաջին ներկայացուցիչ-դեսպան և

իմ գրասենյակի

պատուհանից ամեն առավոտ տեսնում էի`

կոնգրեսականների և սենատորների

գույնզգույն-խայտաբղետ վերնաշապիկներով

հոսքը ինչպես է կոհակվում դեպի չալմայավոր

Կապիտոլիում, այդ օրերին Թուրքիան դեռ իր բորենու

գարշահոտ երախը չէր մոտեցրել Արցախի և

Հայաստանի սահմանին, բայց արդեն կռիվներ էին

գնում Արցախում)։

 

Տեսիլքիս մեջ հայտնվեցին ԱՄՆ-ում՝

Վաշինգտոն քաղաքի ցուրտ ձմռան շնչով

օղակված ձյունոտ պուրակները,

որտեղ ցուրտ եղանակի պատճառով ավելի

հստակ արձանացած քաղաքական արձաններ

կային՝ և՛ հետիոտն, և՛ հեծյալ,

որոնց պատմական նախկին տերերը

պատմության առաջ անուժ են հիմա.

սոսկ պատմական գրքերում են

սուր ճոճում, անողոք վճիռ կայացնում,

իսկ հիմա խաղաղվել են` հանց խոր քնած

մանուկ, որ օրորոցում ժպտում է հանկարծ

իր մանկական տեսիլքին ընդառաջ…

 

Նրանք հիմա նման են պատիճից

դուրս ընկած կարծր լոբահատիկի՝

իրենց անցած հզորության քարե ուրվականներ,

նրանց պատվանդանի շուրջը՝

սփռված-փայլեցրած գրանիտի վրա,

թափառաշրջիկների խմբեր էին թրևում-պտտվում,

քնում-արթնանում, ուտում ինչ պատահի, թունավոր

սիգարետներ ծխում, որոնք կյանքից դուրս շպրտված

ամեն տեսակի դժբախտ թափթփուկներ էին,

որոնց օրերը հաշված էին Աստծո շնչի տակ…

 

Նրանք ապրում են հիմա որպես առօրյա արձան,

որպես ամենահզորները այս աշխարհում,

որպես սոսկ ապրող նյութ տիեզերքում,

առանց հավակնելու դառնալ բրոնզաձույլ մարդ`

հիմա նրանք քարշ են տալիս իրենց խոցոտված

մարմինը պետական հիմնարկների ծուղակին ընդառաջ…

 

***

Իսկ մեկը խոսում է դրսում ինքն իր համար,

դուրս նետում բերանից մի քանի բառ

(կատարում ինչ-որ պատվիրան),

որին հանկարծ լուսավորում է արևը,

լուսավորում է սենյակում գոսացող մի

սեղան կամ կահույքի հանգչող պաստառ…

 

***

Ատոմային դարում կապույտ ճանճերը

բզզում են բաց խառնարանի վրա արևածաղկի

գլխիկի, Երկրագունդը հասցնում է գրկել

մարգարտածաղկի սլացիկ մարմինը,

ինչ-որ մեկը վերցնում է աղքատ կնոջ

տոպրակից հնդկացորենի կարծր սերմեր

և սփռում թանձր հերկի վրա, տռփանքը մղում է

մեկին՝ կտրելու մերկ սենյակը,

և գանգրահեր մազերի փունջը իջնում է

մարմնի գաղտնի ծալքի վրա…

 

***

Ապրում ենք, չէ՞, շարժվում ենք, չէ՞,

ցեխոտ փողոցով, դեպի պժգալի խոցոտված

քաղաքականությունը կորոնավիրուսի

նավթային-մթագնած գիտակցության,

ինչպես սփյուռքահայը կասեր,

մարդը մնացել է ցավի մեջտեղում՝

ո՛չ աջ, ո՛չ ձախ, և քարշ է տալիս խոցոտված

մարմինը պետական անդունդին դեմ առ դեմ,

…ուր մարդիկ և վիրավոր թռչունն ու սկյուռը

նույնացել են՝ հայտնվելով գաղտնի

դիպուկահար-նշանառուի

մահաբեր, սև շրջանակի մեջ…

 

***

Բայց հենց նույն անելանելի օրը

մարդկանց հայտնվում է Քրիստոս-

բաժանում շարակնոցի խորհրդավոր

պատառիկներ, որոնք ձևափոխելու են

ամեն ինչ դեպի բարին, դեպի աղոթք և

մանկան անմեղ շարժում…

 

Վերջում, ինչպես միշտ, գյուղական ցրտաշունչ,

բքառատ ճանապարհի վրա հայտնվում է

հալածական նույն արևը՝ հինայած, մեղրագույն

շողերը պինդ գրկած… իմաստներ շռայլելով,

ինչպես երկնային ցրիչ՝ ամենքին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.