Իմ մաշկի տակ եմ անունդ պեղել,
Անըմբռնելի, սեպագիր որպես,
Խանդաղատանքդ քանի չեմ զեղել,
Քանի սիրում եմ, տևում եմ կարծես։
Սեթևեթ ու թանկ ձևերիդ մեռնեմ
Արտևան լույսի ամեն մի թարթում,
Ես քո հեքիաթի էն մենասահն եմ,
Որ քո տաղերը Աստծուն է կարդում։
Դառը մի համ կա, որ չի փոխանցվում
Քեզ սահմանում եմ կա՛մ սիրո չափով,
Կա՛մ ցավից խամրած մտքիս պահոցում,
Վարդածոցիդ մեջ՝ սիրո տարափով
Եվ երբ անձնատուր էլ չեմ աղոթում։
Իմ հոգետունը դատարկ ես թողել,
Ածխահամ ինչ կար՝ քիմքիս է թառել,
Հիմա քո գիրն եմ խազագիր կարդում,
Անակնկալից աչք էլ չեմ թարթում։
Տաղերիդ մեջ ես թե ինձ կորցրել
Եվ շաղ գալով ես տագնապս ցրել,
Կիսատ մի հույզ կար, որ չես փոխանցել,
Միջովս անցել, բայց չես թափանցել։
Չես ձուլվել, հոգի՛ս, քնարիս լարին,
Միասայրի էր հանգդ՝ սակուրին,
Ինձ սիրելով ես քեզանից զատել,
Մի դառը լաց կար՝ արցունք չես թափել։
***
Դու՝ անճառելի հմայքի ցուցիչ,
Դու՝ ակնապարար՝ պսպղուն մի քիչ,
Գայթակղության հակինթ ու շողակ,
Եկ, սիրո ծեսին երկուսով խաղանք։
Դու՝ սղնոց կարոտ,
անանձուկ աղերս,
Դու՝ անդիմադիր իմ բիլ անրջանք,
Քո գրավչությամբ թե սիրտս խանձես,
Ես էլ կմարեմ քո գրկում անջանք։
Նազելաշուքիդ չքնաղը քիչ է,
Քո նվազելին չի էլ պակասում,
Արուսյակն անգին քո դեպքում ի՞նչ է,
Երբ իմ հեքիաթն ես տաղի պես ասում։
Խայթոց
Ցայգը տևում էր, ասի՝ արթնանամ,
Մի մեղու թառեց իմ երազանքին,
Նոր թխած հացի նման կաթնահամ
Լույսը ծեքծեքեց, ջան, էդ նազանքին։
Կորնթարդ լուսնի հակառակ կողմի
Լուսաթռիչն է սուրբ ու խնկելի,
Աչքը դուրս չի գա հեչ բան անողի՝
Քարվանն է կտրել չքնաղ հակերի։
Քանի երկվայրկյան երազն է տևում,
Սրան հունչ նաև մեղուն է թևում,
Արտևան լույսն է գնալով բացվում,
Թթվաշ մի համ կա, որ չի փոխանցվում։
***
Եվ իմ մոլության այս վեր ու վարին
Ձեռքս բռնում ես ու հանում երկինք,
Տանում ես, որ իմ ցավին ունկնդիր,
Մտահան անես կյանքս սևագիր։
Տանում ես ահա, որ սրբագրես,
Մի քիչ ձյուն խառնես իմ աստղաթափին,
Աչքիս արցունքը ակամա սրբես
Եվ մի նիշ դնես այս անրջանքին։
Լուսնաբակդ, անգի՛ն, շատ է շողարձակ,
Կրծքին զարդ ունի իմ սիրած կինը,
Երկու երկչոտից մեկն է համարձակ,
Թե չափից խենթն է վերջինիս գինը։
Հաստատումներ
Աչքերիդ մեջ եմ անունս պեղել
Եվ ընդհատաբար ցիր ու ցան հոսել,
Էլ լաց չլինես։
Առոգանել եմ սրբերիդ տեղակ
Անտես անելով վանքերն ավերակ,
Տաղերդ են մատուռ։
Անխառն լույսդ եմ եթե վերծանել,
Կռահելով եմ անձս կործանել,
Ինձ էլ չխաչես։
Մթնաժոռել եմ, որ էլ չառկայծեմ,
Հույսով ապրել եմ, որ էլ չկարծեմ
Գիշե՞ր ես, թե՞ տիվ։
Մեր երազանքից քանիսը պահեմ,
Քեզ կորցնո՞ւմ եմ, որ ապա շահե՞մ,
Աչքերդ փակիր։
Ակնապիշ քանի քեզ մտաբերեմ,
Ցավին սովոր եմ, պիտի համբերեմ,
Բացիր աչքերդ,
Ես իմ թափորի վերջից եմ գալիս…
***
Սրբաձայնության և սիրո գինը,
Թե ղումաշ կինն է քո թանկագինը,
Նա է, ով ծածան, թափանցիկ գալիս,-
Ես էլ եմ անգին,- ու ո՜նց է լալիս։
Այս քաղաքն էլի քո գույնն է հագել,
Մի սուտլիկ քամի թախիծս է ցրում,
Նույն գծով կրկին ամոթխած ճաքել
Եվ թե որ սիրտ է, ինչո՞ւ չի ցավում։
Կարմիրին տվող դեղնավուն ժպիտ.
Ծեքծեքուն լույսի նազանքից բացի,
Առատացել է դալուկը դեմքիդ,
Շեկ պատրանքների և ցորեն հացի։
Դու շաղ գալով ես համասփյուռ անգին,
Աքսիոմատիկ ես, չասեմ անքնին,
Երբ ամենուր ես հայացքիս ծիրում,
Ինքնաուրաց եմ ես էլ քեզ սիրում։
***
Դադար առնեմ:
Մահս թե գա,
հարս և աղջիկ վրաս լան,
Հանգս՝ կիսատ:
Ձյուն էլ տեղա, փախավ,
կորավ իմ քուլան:
Քամին քշեց:
Հազարի հետ ո՞նց մոլորեց սա տղուն.
Թե կա ուրիշ մի արահետ,
Ծայրը բռնեմ, դառնամ տուն: