Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

ՄԵՆՔ ՈՒ ՄԵՆՔ
***
Կարծեցինք, թե փրկության դուռ է,
Պարզվեց, որ բացողը ծուռ է…

***
Քծնում են միշտ. պաշտոնին, գահին,
Բայց և լքում են ճիշտ հարմար պահին:

***
Նա դպրոցը չի ավարտել թեպետ,
Բայց դառնալու է համայնքապետ:

***
Ում ազգը շատ է ու ստվար,
Նա է ընտրվում գյուղի ղեկավար:

***
Մեր սահմանը. հրե՜ն մինչև Քուռը,
Էնտեղ պիտ զարկի մեր Սասնա Ծուռը…

ՈՐ ՄԱՐԴԸ ՀԱՐԴ ՉԴԱՌՆԱ
***
Արծիվներն էլ են թռչում, ճանճերն էլ, բայց տարբեր տեղեր են իջնում, մեկը` ժայռերին, մյուսը…

***
Մեխը կարողանում է խրվել, ուր կամենա, բայց ամեն անգամ սպասում է, թե ով է հարվածելու գլխին…

***
Սղոցը ճիշտ օրենքով էլ վարվում է. «Մեկ դեպի ինձ, մեկ դեպի ձեզ»,- սակայն դեպի իրեն ձգում է, իսկ դեպի մեզ… հրում:

***
Ոտքերը շարունակ դժգոհում էին, թե ինչու իրենք երկուսով պետք է ծառայեն ու ման տան միայնակ գլխին: Մի անգամ գլուխը հոգնած էր ու անուշադիր, և ոտքերը… քարի կպան:

***
Ականջները շատ բան են լսում… Դե, բերանի գործն էլ խոսելն է, բայց ականջներն այդպես էլ չեն հասկանում, թե ինչու են երբեմն իրենց ձգում-ցավեցնում:

***
Ճերմակ թղթի վրա մի տող, մի տառ անգամ չկար, երբ գրեցին… կարմրեց ամոթից:

***
Աստղերն ամբողջ գիշեր պեծպեծում և դժգոհում էին մթից, ու երբ Արեգակը դուրս եկավ, նրանք այլևս չերևացին:

***
Մարդ բառը շատ էր դժգոհ իր «առաջին դեմքից» – Մ – տառից: Աղմկեց, բողոքեց, փոխեց «առաջին դեմքին» ու դարձավ… Հարդ:

***
Իշխանությունների նկատմամբ ատելությունը համազոր է նրանց դեմ պայքարողների նկատմամբ արտահայտվող սիրուն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։