Երբ որ տխրում եմ
Երբ որ տխրում եմ, քո գիրկն եմ թռչում,
Հայրենի՛ Լոռի՝ հայրական իմ տուն,
Պատմելու, թե ի՜նչ ցավ է ինձ տանջում,
Որ անվե՜րջ է ինձ թվում ու անհուն…
Զրուցելու քո քար ու քոլի հետ,
Որ խաղընկեր են մանկուց եղել ինձ,
Արտերում ճախրող արտույտ-լորի հետ,
Որոնց ունկնդրելով՝ դարձա ես երգիչ։
Երբ որ տխրում եմ, քո գիրկն եմ թռչում,
Մտովի քայլում քո սար ու ձորով,
Ջահել օրերիս սերն է ինձ կանչում
Անցած կարոտի, հուշի ձայներով…
Եվ ես, տարիք ու հոգսեր մոռացած,
Մոռացած պարտք ու պարտականություն,
Ասես մանուկ ու պատանի դարձած,
Քո գիրկն եմ թռչում, հայրակա՛ն իմ տուն։
Ախր քո գրկում խաղաղ էր այնպես,
Գալիս եմ՝ հոգուս թախիծը ցրես…
* * *
Վիշտն էլ է սթափ դարձնում մարդուն՝
Դիմագրավելու, ապրելու կրկին,
Աշխարհի գիրն է նորովի կարդում,
Նորովի նայում հողին, երկնքին…
Նորովի կարծես ճանաչում մարդկանց,
Որոնց ծանոթ է եղել տարիներ,
Փորձում վերլուծել իր կյանքը անցած՝
Ինչ Չար ու Բարի գործ է կատարել։
Հասկանալ՝ քանի օր է ապրել փուչ,
Հասկանալ՝ ինչո՞ւ չընտրեց այլ ճամփա,
Որտե՞ղ սայթաքեց, սթափ չեղավ, լուրջ
Եվ զուր ժամանակ կորցրեց ակամա…
Վիշտը սթափ է դարձնում մարդուն,
Համալսարանն է անցնում երբ կյանքի,
Եղանակներն են երբ արդեն ցրտում,
Կորած են լինում տաք օրերն արդեն…
Ինձ երգն է պահում
Անցած օրերն են արթնանում մեկ-մեկ,
Անցյալն է հառնում աչքիս դեմ կրկին,
Անցա՜ծ կարոտներ, սերե՜ր, ինձ փրկե՛ք,
Ո՛ւժ տվեք՝ նորից փարվեմ իմ երգին…
Ինձ երգն է պահում աշխարհի վրա,
Մարդկանց հետ երգի լեզվով եմ խոսում,
Ես ոտից գլուխ ծառան եմ նրա,
Այս կյանք կոչվածի լաբիրինթոսում…
Թղթին եմ տվել խոհերն իմ բազում,
Ինչ հասցրել եմ կյանքում հասկանալ,
Ինչ բյուր մարդիկ են տենչում, երազում,
Լավ գործ կատարել և… անմահանալ…
Անցած օրերն են արթնանում մեկ-մեկ,
Անցյալն է հառնում աչքիս դեմ կրկին,
Միամիտ հարցիս համար՝ կներեք.
Իսկ ես ի՞նչ տվի այս ծեր Աշխարհին…
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
* * *
Առավոտը բացվեց աշխարհի վրա,
Բայց արև չկա իմ խավար հոգում,
Արևի լույսը Քեզնից էր ծագում.
Առավոտ բացվեց աշխարհի վրա…
Ես հավատում եմ Տիրոջն անվարան.
Դու Նրա մոտ ես՝ կապույտ Երկնքում…
Առավոտ բացվեց աշխարհի վրա,
Բայց արև չկա իմ խավար հոգում…
* * *
Լոկ կաղնիներով անտառ չի լինում։
Թփեր էլ են պետք, որ անտառ դառնա,
Նոր հմայք առնի ու գեղեցկանա.
Լոկ կաղնիներով անտառ չի լինում…
Սեգ կաղնիներն են շանթարգել դառնում,
Որ ծաղիկ ու թուփ ապահով մնան.
Լոկ կաղնիներով անտառ չի լինում,
Թփեր էլ են պետք, որ անտառ դառնա…
* * *
Հավատն է մեռել մարդկանց սրտերում,
Նյութն է ամենուր տիրակալ դարձել,
Ոսկին է հպարտ ամբիոն բարձրացել.
Հավատն է մեռել մարդկանց սրտերում։
Հույսը թաքնվել մութ խրճիթներում,
Լեզուն կծել է, հանկարծ համրացել.
Հավատն է մեռել մարդկանց սրտերում,
Նյութն է ամենուր տիրակալ դարձել…
* * *
Եթե հասել ես գագաթը Լեռան,
Կայծակն է հաճախ գլխիդ զարկելու,
Ամպ ու մշուշն են դեմքդ փակելու,
Եթե հասել ես գագաթը լեռան…
Տեսանելի է Վերից ամեն բան,
Պետք է ուժ գտնես թերին շտկելու.
Եթե հասել ես գագաթը Լեռան,
Կայծակն է հաճախ գլխիդ զարկելու…
* * *
Այս ո՞ւր եք հրում Մոլորակն այս խեղճ՝
Ձեզ այսքան դարեր ազնիվ ծառայած,
Մայրական սիրով գրկում փայփայած,
Այս ո՞ւր եք հրում Մոլորակն այս խեղճ…
Իսկապես խիղճը մեռել է ձեր մեջ,
Ինչ է մնալու նոր եկող մարդկանց.
Այս ո՞ւր եք հրում Մոլորակն այս խեղճ՝
Ձեզ այսքան դարեր ազնիվ ծառայած…
* * *
Ոսկե աշուն է դեռ Երևանում,
Անուշ ժպտում է արեգակը տաք,
Վայելենք օրերն այս, քանի դեռ կանք.
Ոսկե աշուն է դեռ Երևանում…
Տեսնենք՝ Տերը մեզ ինչ է խոստանում,
Առջևում հազար խութեր ու փորձանք…
Ոսկե աշուն է դեռ Երևանում,
Անուշ ժպտում է արեգակը տաք…
ՈՒԹՆՅԱԿՆԵՐ
* * *
Աստված Մեծերին մեծ ցավ է տալիս,
Որ բոլոր մարդկանց ցավը հասկանան,
Որ երբ ծնվում են, աշխարհ են գալիս,
Խեղճերի համար փնտրեն դեղ-դարման…
Օգնության հասնեն թույլ-տկարներին,
Նրանց փրկության փարոսը դառնան,
Ազնիվ ճանապարհ ցույց տան ազգերին
Եվ այդ ժամանակ միայն հեռանան…
* * *
Պողոտաներով ես չքայլեցի,
Նեղ կածանների ճամփորդ էի ես,
Փառք ու դափնիներ չերազեցի,
Մնացի անշուք, մնացի անտես…
Բայց գոհ եմ, Աստվա՛ծ, որ աշխարհ բերիր
Ինձ հենց այսպիսի տեսքով ու հոգով,
Որ ոչ մի տիրոջ չդարձա գերի,
Ծառա եղա ի՛մ երկրին ի՛մ երգով…
* * *
Իմ հոգում բեկվում, խաչվում են իրար
Օրվա մեջ հազար սեր, կարոտ ու հույզ,
Մե՛րթ հորդանում են գետի պես վարար,
Մե՛րթ որբի նման դառնում խեղճ, անհույս…
Ապրում հոգսերով հազար-հազարի,
Հազարի ցավով այրվում, մոխրանում,
Այս էլ քանի դար և քանի տարի,
Այրվում ինքս իմ մեջ ու չեմ վերջանում…
* * *
Բախտը եթե քեզ շատ բան է տվել,
Դրանից բաժի՛ն տուր ուրիշներին,
Որ դու երջանիկ լինես առավել,
Հաջողություններ որ էլի բերի…
Որ օրհնանքների միշտ արժանանաս
Հարազատներից թե օտարներից,
Քո ապրած կյանքից ինքդ գոհանաս,
Եվ ուրիշները գոհ մնան քեզնից…
* * *
Եվ կամաց-կամաց, դանդաղ, օրեցօր
Տարիք ես առնում, ընկնում ես ուժից,
Ծառն է ծերանում, հավքը թևավոր,
Իսկ ծերության դեմ դեղ չկա բուժիչ…
Եթե ծնվել ես, պիտի մահանաս,
Պալատներում թե խրճիթում ապրես,
Պիտի Հայրենիք, օջախ ունենաս,
Դրանից մեծ բախտ չի տրվելու քեզ…
* * *
Չգիտեմ՝ խոսքն իմ ում է հասնելու,
Ով է ունկնդիր դառնալու նրան,
Ում մտքի համար ուղի բացելու,
Որ ճանապարհը անցնի անվարան։
Պարզապես ես իմ գործն եմ կատարում,
Կամքն ինձ կյանք տված Երկնային Տիրոջ,
Իմ ապրած կյանքի մուրհակն եմ մարում,
Որպես ծառ, ծաղիկ, մի բացվող բողբոջ…
Նա պարգԵՎ էր ինձ
Կնոջս՝ Լիդայի հիշատակին
Նա պարգև էր ինձ՝ Աստծուց ուղարկված,
Տունս ջերմացնող Արև Երկնային,
Իր սրտի նման մեր տան դուռը բաց,
Մի գավաթ սուրճը դրված սեղանին…
Ընկեր էր Նա ինձ ու խորհրդատու՝
Ընդունակ հոգուս ցավերն զգալու,
Կարծես ծնվել էր ինձ համար հատուկ՝
Սիրո, Հավատի ուժն իմ դառնալու…
. . . . . .
Նա պարգև էր ինձ՝ Աստծուց ուղարկված,
Եվ ինձնից շուտ էլ Նրա մոտ գնաց…
ՔԱՌՅԱԿՆԵՐ
* * *
Ձեռքս չէ, սիրտս է տողերն այս գրում,
Այրող ցավերից իրեն քրքրում…
Թող ծաղկեպսակ էլ չավելանա՛
Ծաղկատուն դառած Եռաբլուրում…
* *
Աշխարհում մարդ չկա անցավ ու անվերք,
Ամեն ցավի՝ մի փրկություն, ճար ու ելք…
Բայց միշտ հիշեք հնոց խոսքը ճշմարիտ.
– Սրի կտրածը կբուժվի, լեզվի կտրածը՝ երբեք…
* * *
Մարդու մեջ միշտ մի չար ուժ կա՝
թույլ-տկարին տիրելու,
Ինքն իր համար և իր գլխին
նոր աղետներ բերելու,
Սակայն մի բան պարզից պարզ է՝
Քրիստոսով հաստատված,
Սերն է միայն այս աշխարհին
խաղաղություն բերելու…
* * *
Կկարդան իմ գիրը, թե ոչ, բայց չգրել չեմ կարող,
Ինչպես իմ թոռ ու ծոռներին ես չսիրել չեմ կարող,
Հոգուս ցավն է ստիպում ինձ
նստել ճերմակ թղթի դեմ,
Այդ ցավի դեմ գիշեր ու զօր
չպայքարել չեմ կարող…