Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԸՆԿԱԾ ՀԵՐՈՍԻՆ
Քո վերքի տեղը
սպի է խորը`
մորդ սրտին,
իսկ գերեզմանիդ
հուշաքարի հետ
ստվերն է նրա…
Մոր արտասուքը
արենագույնի,
լուռ թափվում է ալ
ծաղիկներին…
Ու խեղճ ժպտացող
քո ծաղիկները
պաղ շշնջում են.
– Մայրի՛կ, ինձ ներիր…
Սա միակ տեղն է,
ուր մայրը որդուն
ներել չի կարող…
Բայց նրանց միջև
հին հաշտարար կա.
– Մի հայրենիք հող…

ՀԱՅՐԵՆԻՔ
Մեկ զավակներիս
անքնությունից
մնացի արթուն,
Մեկ էլ` քո բախտի
անհուսությունից`
արտասվատուն…
Նրանց ինչ-որ կերպ
մեծացրի մի կերպ`
ջահելավարի, սխալներով,
Քեզ չկարեցա փրկել,
մեծացնել`
անգամ ծերացած,
Արտասվատունս
արդեն չորացավ.
չդառան անցյալ`
չար հայրենացավ…
դար-հայրենացավ…

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԻՐԱՎՈՐ
Այնքան եմ տնքում քո ցավից,
Ամենաշատը
ձեռս տանում եմ
ցավող ճակատիս.
Դու ճակատիս մեջ
խրված ոսկոր ես.
Սրտումս սիրուդ նշանագրերն են…
Գրիր փրկության երկաթագիրը:
Սովորեմ անգիր`
Դու անհոգ ապրիր:

ՀՈՒՍԱՀԱՏ ՕՐ. ԶԻՆՎՈՐԸ ՉԿԱ
Աստծո թարթիչներից
պոկված քամին
Նորից ուզում է ինձ
սպանել…
լուռ
սահմռկում եմ.
– Հանկարծ կտանի:
Աչքերիս խրատեմ`
իրենց ճիշտ
պահեն ու
սրտիս չմատնեն
պատեհ-անպատեհ…
չպատմեն…
Ոչինչ, որ սիրտս անկյունում
տապ արել,
փախել է
ինքն իր զարկերից`
հողախուլ արկերից:

ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Խոնարհվելով է սկսվում կյանքը…
Զահրատ

«Պակասեցինք, որ
կյանք ավելացնենք»…
Ձեր փառքը մեռնելով եկավ…
Ձեր փառքից հետո
լռություն է:
Ինչի՞ս էր փառքը…
Վիրավոր կյանքը…
մարխերի ծուխ է.
ծխում է խոտը,
խեղդում է, խեղդում
այս
արյան հոտը
ու բոց է տալիս
մայրական սրտից…
կրակը
մութը և
առավոտը:

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՌԱՆՑ ԱՐՔԱՅԻ
Ես լավ մայր չեղա.
Երջանիկ երկիր չծնեցի,
Ես հղի էի հողից,
Բայց հողս դողաց տեղից,
Թունավոր արգանդ,
Թունավոր արյուն,
Թունավոր որդի`
արքա շան որդի:
Թագավորն ապրած
կենա, հայրենի՛ք,
Ինչո՞ւ ծնեցիր այրեր
վայրենի` արծաթագերի,
Ինչո՞ւ ծնեցիր`
մոլորյալների`
առանց հայրենիք…
Որոնք կյանքիդ հետ
գիր-ղուշ են խաղում,
Իսկ քո սահմանին արյունն է
պաղում:

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ
Ես ձեր կողքից անցնելիս
Կորցնում եմ բառերը…
Ու փաթ ընկած լեզվիս են
Զոհված որդոց տառերը…
…Տառադարանի լուռ
շարքերի մեջ
Դուք` ծաղկագրած
մեծատառեր,
Ներե՛ք ինձ, մայրե՛ր,
մեծատառեր,
Երդում գրելիս պիտանի են
և…
փոքրատառերը:

ՆՈՐԻՑ ԱՊՐԻԼ…
Հողը առել է ձեզ`
գիրկը տաք…
Երկու տարի է արդեն չկաք,
Արևն անտարբեր, ժպիտը`
խակ…
Դուք ո՞ւր գնացիք` կյանքը
կիսատ:
…ես ապրում եմ դեռ
ամոթապարտ.
…Դուք ձեզ զրկել եք,
որ ինձ փրկեք…
Ապրում եմ օրեր`
ձեզնից խլած…
Դուք կուտ գնացիք
Հայրենիք հացին.
օրս ջրվում է մայրական
լացից`
կաթացող բարձին:

ՃԱՔ
Մոր սրտի մեջ
Անգամ պատը որձաքարից`
Ճաք է տալիս որդեցավից…

ԱՊՐԻԼ
Ապրելությունդ
հաստատեցիր դու
էլի՛ մեր ցավով.
Զոհվածներն անցան
թրիդ տակով.
Կարճ ամիս էիր`
երկարեցիր դար:

ԵՌԱԲԼՈՒՐ
Թփերը այստեղ
փարթամ են աճում,
Գունեղ ժպտում են
ծաղիկ ու թուփ,

Զգում են նրանք
հոգիների մունջն`
հայրենաշունչ.
Մաքուր են ու թաց.
ջրվում են սգվոր
մոր արտասուքով
Ու չհարսնացած սիրած
աղջկա սրտասուքով:

ԼՈՒՅՍ
Լույսը բացվի`
հույս կբացվի…
Մաքուր-մաքուր առավոտ…
Կանչի՛ր Արև, կանչիր Երկինք.
Հողիս համար սեր աղոթք…
Սիրտս դառնա
խաղաղ աշխարհ,
Լուռ փռեմ իմ բուռ
հողին,
Խաղաղություն իջնի զառ-վառ`
Հող ու ծաղիկ պահողին…
Թող սահմանին
լռությունը
Հսկի հազար աչքերով,
Թող զինվորը անհագ քնի
Երազասեր պաչելով…
Թող տուն դառնան`
հայրակա՛ն տուն,
Պատերազմը խաչելով,
Եռագույնը շուրթին սեղմած`
Հայրենապաշտ քաջերով:

ԶԻՆՎՈՐ
Գարուն. բարդուց
թափվող փաթիլներ են,
Բնությունը խաղում է
հոգուդ հետ.
Ոչ ոք չկա թիկունքում,
բայց նայում ես ետ…
Ճակատագրի մարտադաշտում
մենակ մնացիր.
փամփուշտ փաթիլները
կպչում են այտ ու աչքիդ,
փայլում է գարունը,
Խաղում հոգուդ հետ,
Ճերմակ փայլը խաբուսիկ`
ոնց որ հարսանիքի
շոր…
Երջանիկ լինելու
ցանկությունն
սպանելն է
դառնում…
Հերն անիծած գարնան.
մի օրում տարվա
բոլոր եղանակները կան,
Բայց անձրև է-արյուն,
Շոգ արև է-արյուն,
Քամին բերում է ձյուն,
ձյուն,
ձյուն.
Բարդուց թափվող տերևներ
են ու…
լռություն,
լռություն…
ձյուն…

One thought on “Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։