ԵՏՈՆ ՔԵԼՄԵՆԴԻ (Բելգիա-Կոսովո)

Ծնվել է 1978 թ. Կոսովոյի Պեյա քաղաքում: Պրիշտինայի համալսարանում զանգվածային հաղորդակցության դիպլոմ է ստացել: Ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում: Դիվանագիտության մագիստրոս է: Ետոն Քելմենդիին Կոսովոյում ճանաչում բերեց առաջին` «Խոստումների դարը» գիրքը (1999 թ.), որին հետևեցին մյուս գրքերը: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են 22 լեզուներով ու տպագրվել բազմաթիվ միջազգային գրական անթոլոգիաներում: Նա Եվրոպայում ամենահայտնի ու ամենաշատ թարգմանված ալբան բանաստեղծն է: Նրա ստեղծագործության մասին էսսեներ են գրել բանաստեղծներ ու գրականագետներ` նրան եվրոպական մեծ գրողի համա-րում տալով: Պոեզիայի մի շարք միջազգային ակումբների անդամ է և տպագրվում է բազմաթիվ միջազգային գրական հանդեսներում, հատկապես՝ անգլերեն, ֆրանսերեն և ռումիներեն: Քելմենդին Կոսովոյի ազատության համար 1998-1999 թթ. մղված պատերազմի վետերան է: Ապրում և աշխատում է Բրյուսելում (Բելգիա):
Այնուհետև
Եվ գուսանը ի պատասխան
Արձագանքեց
Բախտին էպիքական ասքերի
Կսովորենք սոսկ
Շոշափելով գանգոսկրը բառի

Կոճակը բառի սեղմելով
Կմտնենք մի հին թաղամասից ներս
Եվ դուրս կբերենք
Գաղտնիքները ճակատագրի
Այս աշխարհում և այն
Կանհետանա անձուկն առ իմ ես-ը հանկարծ
Եվ կհայտնվի օրը մեծաշուք
Երբ ես կլքեմ սահմանները բառի

Հիշողության ստվերի ներքո
Ինչ ասացի քեզ իսկույն մոռացա
Եվ դու չհիշեցիր այն ինչ ասվել էր

Ինքնամոռաց անցյալ
վերադարձանք մենք
Ջերմացանք լռության ետևում

Ծառի տակ արևից չորացած
Ես սպասում եմ քեզ
Տողի վերջում

Կարոտի ճյուղին
Ուր սիրելիս է տխրում իմ մասին
Ես ուժերս հատած նստեցի շունչ քաշեմ

Եվ արևն իմ կմտնի մայր
Ես ուղղակի ակնարկեցի

Այլ
Իսկ դուք տեսե՞լ եք ձմեռը մարտ ամսին
Մոխիր սառցակալած ճիչեր որսային
Դեմքեր տխրության հալոցքներից փլվող
Անհաս գաղտնիքներն իմ ժամանակի

Գտնելով քեզ ոչ գարնանը
Անսպասելի ձեռքբերմանն եմ զարմանում

Շքեղաշուք աշնան հանդիսատեսն էինք
Մենք ափերին կանգնած օտար ժամանակի
Եվ ամառն էր դանդաղ մեր դեմքերով հոսում
Երկինքն էր մեր գլխին թափվում հողմապտույտ
Անխիղճ վրա հասած մի ժամանակ օտար

Եվ միմիայն հետո է որ հայտնվում է այլուրիշը

Երգ միայնության
Երազն ինձ վա՛ղ կռեց-կոփեց
Միայն ոչ քո վերաբերյալ

Գիշերը ողջ շնորհներ էր թափում ցած
Միայն ոչ առ ուրախություն

Չնչին մի մա՛ս էլ ինձ
Բավ էր միայն թե
Քեզնի՛ց բաժին հասներ
Չեմ էլ հիշում լսեցի՞ արդ մշուշի մեջ
Գեթ մի բառ
Թե՞ ես ինքս անհետ կորա
իմ գիշերվա խավարում

Դու քեզ պաշտպանիր երազների դեմ
Եվ գիշերների չափազանց երկար
Բառերը հյուսկեն
Իրեն խառնելով կհանգավորի
Երազատեսությունը
Նրանց երգի մեջ
Թող կարկաչի միայնակ

Հրաշք
Լազուր աչքերը
Քո
Խելքահան են անում
Միասին պառկել
Էինք
Մարգագետնում երազների
Միջև

Ամեն եղանակի
Ե՛վ արևի և՛ անձրևի ներքո

Եվ ժամանակ եղև
Ինձ համար
Սիրելուս
Բանաստեղծությանց

Օ հրաշքդ հրաշանաց
Ընդ քեզ խորին խոնարհումս

Անզոր են անձրև ու շատրվան
Ասա ինձ որտե՞ղ քշվեցին-կորան
Երեկվա օրն իմ
Ու ստվերն անցյալի
Թվաց
Պարում են
Ժամանակների սանդղաջրվեժի
Տակ աներևույթ
Զոհարանի շուրջ
Իրականությունն
Ու երազներն իմ
Անզոր անձրևներ ու շատրվաններ
Հոսում են նրանք դեպի մեզ անշտապ
Երկնքից լքված
Վարագույրն աշնան
Ու պատնեշված է զով շունչը ձմռան

Սակայն անհայտ է առհավետ գուցե
Այսօրվա իմ ակնթարթը վաղվա օր չի
Թափանցելու

Ստվերի կորիզը
Թռան օրերն ստվերի վրայով
Դու չհայտնվեցիր
Ոչ մի անգամ չերևացիր բլրի վրա
Բոցավառվող գիշերն հսկա
Պիկասսոյի օխրաների մուգ կարմիրն ու
Հուշարձանի ստվերն էր ինձ բերում
Այդպիսին եմ տեսել ես քեզ
Առաջին անգամ
Չհանդիպեցինք մենք ցավին ինչո՞ւ
Տարփանքներս
Քո դեմքն էին հալեցնում
Իմը դնում նրա տեղ
Տանջանքներս
Հավերժական Ծառն են օրորում
Որ բառի ազգակիցն է
Ինչո՞ւ շրջերես պատկերս այն մյուս
Աչքերդ չառավ-քաշի իր վրա
Երբ վարսերիդ մեջ ձմեռը նստի
Մի քիչ գարուն խնայիր ու
Ստվերի կորիզը
Բանաստեղծություններիս միայն
Կորիզն է մնացել
Եվ հայացքիդ մշուշն ակնթարթի մեջ
Դու իմ պոեզիա ներթափանցեցիր
Եվ էլ այնտեղից դուրս գալ չես կարող

Սկիզբը լուռ է միշտ
Վերցրու ամենը ինչի կարիքն ունես
Քեզ ուղեկից կլինեն երկար ճանապարհիդ
Եվ քամին կսրբի հետքերը
Դու չես հանդիպի ճամփի վրա այս
Քո իսկ նմանակին
Եվ կթվա թե
Խոր դարերի միջով փախչում ես
Ճակատագրից
Աշունները վար կթափվեն
Սկիզբը լուռ է լինում միշտ
Իսկ անցյալը միայնակ
Ո՞վ կասի թե
Որն էր ելման կետում
Սկի՞զբը թե՞ վերջը

Տիրանա, 10:10
Այս երեկո հետքերն աշնան կիջևանեն գիշերում խոր
Պատուհանին լուսնի դեմքը կարտացոլվի
Լավագույն իմ
Տողերը ես կգրեմ
Քեզ հրաչվի
Կին իմ

Հնարավոր է քեզ հաղթի քունդ
Մինչ սլաքները չեն արձանագրի
Ժամը 10:10
Ես ծնգացնում եմ ջութակիս վրա
Եվ սղագրում եմ բանաստեղծություն

Թանձր կնստի
Գիշերը խավար
Սրտի մեջ բառի

Եվ ինձ ոսկեաչվի դեմքդ
Կհայտնվի
Ասես թե մի հին սրբանկարից
Հիշո՞ւմ ես
«Հայացքն իմ երկնայի՛ն կնետեմ»

Դու մեզ մոտ եկար քամու ետևից
Դեռ ինչքա՞ն պիտի ստվերը սեփական
Մարմնին չարչարի
Քամու ետևի՛ց եկար մեզ մոտ դու
Թագուհիդ առանց գահակալ անվան
Դե ինչքա՞ն պիտի անձկանանք հովտում
Դատարկությամբ լի
Մեզ դիպվածը վրա հասավ
Միացնելով բևեռները
Դեռ ինչքա՞ն պիտի լռենք մասին այս
Խորհրդավորի
Մտքերն են թափվում հարահոս
Մտքերն առանց խոսքերի

Թարգմանությունը ռուսերենից` Էդուարդ ՀԱՐԵՆՑԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։