Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

«ԾՈՎԻ ՕՐԵՆՔՈՎ»
շարքից
Իմ բառերի տեղատարափում
դու միայն լռիր,
որովհետև տեսնում եմ,
թե ինչ ջանքով
չես ասում այն,
ինչ շատ կուզեիր ասել:

Ես, միևնույն է, կրկնում եմ.
ՔԵԶ ԱՆՀՆԱՐ Է ՉՍԻՐԵԼ,
որովհետև դու աշխարհի
ոգեղեն խտացման
այն պատառիկն ես,
որ երբևէ ինձ
բախտ է վիճակվել ունենալ՝
կամքից ու ձգտումից դուրս:
Աստծուց ու ինձնից բացի,
որևէ մեկը չի կարող
պատկերացնել
ինձ տվածիդ
համարժեքն ու չափը
կամ լուսեղենի այն տիրույթը
սահմանազատել, որի մեջ,
տարիքից ու կարգավիճակից
անջատ, լողում եմ հիմա:

Խնդրում եմ, ինձ էլ քանդակիր
կաթնագույն որձաքարից,
բայց մի՛ դիր
քանդակներիդ շարքում:

Չեմ ուզում լեռնաղբյուրի
թափանցիկությունս
ու մաքրությունս՝ կույս աղջկա,
ցնցի քեզ, ու դու
մոլորվես անդարձ՝
որպես երկրորդ Պիգմալիոն:

Չեմ ուզում տվայտես՝
որպես երկու քարի
արանքում մնացած:

Գուցե նաև հեգնես, ո՞վ գիտի,
կիրք ու շահից անջատ
հոգեվիճակս,
ու իմ տարածքի համար
բացառիկ ցնդածություն է:

Ինչ էլ լինի, մեկ է,
ես օրը միլիարդ անգամ
բացելու եմ պատուհանս,
որ խորը ներշնչեմ
մեր քաղաքի
քեզնով քնքշացած օդը:

Փառք եմ տալու Աստծուն,
որ մի անգամ էլ
ինձ արժանացրեց
մարմնի ամենափոքր հյուլեի
տրոփյունը զգալու
երջանկությունը:

* * *
Դու քնի՜ր:
Ես ինձ պոկում եմ
արշալույսի թովչանքներից
ու գալիս եմ մոտդ:
Տաք մարմնիդ եմ
փաթաթվում`
որպես թեթև սյուք:

Ի՜նչ քնքշությամբ եմ
ներծծվում ներսդ
ու ինձ դարձնում
վերջին բջիջդ,
ս ի ր ե լ ի՜ ս:
Անհնար է, որ
նման անէացումից
զավակ չծնվի:

Դու քնի՜ր:

Ես նվիրումով սպասեմ
սիրո զավակի ծննդին,
նրան տամ անունդ,
որ ինձ է կպել
որպես անմաշ հագուստ
ու քողարկում է ինձ
հետաքրքրված
հայացքներից,

ս ի ր ե լ ի՜ ս:

* * *
Ես խաղից
դուրս եմ գալիս,
սիրելի՜ս:

Արդեն գնում եմ:
Երկար մնացի
այս մի կանգառում:

Ու փոշի նստեց
իմ թարթիչներին:
Ու հայացքիս մեջ
հիմա ավազ է:
Անել կսկիծ է
պարուրել հոգիս:

Ու կարոտներս,
որ անթեղած եմ
պահել բոլորից,
անգամ ինձանից,
հավաքվել-եկել,
շուրջպար են բռնել
հյուղակիս շուրջը:

Հետո կմտնեն
շինվածքիցս ներս:
Կբռնադատեն
մերկացած հոգիս:

Ու ոչ մի մեղա
Էլ չի փրկի ինձ:

Ապաշխարանքի
մի բովարան եմ
ու մեկը չունեմ,
որ քաշի-հանի
ինձ իմ խարույկից:

Ու թե մի ճիգով
ինքս ինձ
դուրս քաշեմ
այս մորմոքներից,
հայտնվելու եմ
մի նոր տենդի մեջ:
Մոխիր է միայն
ինձնից մնալու:

Իսկ լույսս, լո՜ւյսս,
բարձրանալու է
Աստծու կացարան:

* * *
Երբ դու արթնանաս,
ու ունկերումդ չհնչի
իմ սիրատոչոր «բարի լույսը»,
իմացիր՝ ես փոխել եմ
մոլորակս
ու նոր հանգրվան եմ գտել:

Այդտեղ սերը բոցավառվում է
քնքուշ շոյանքների մեջ:

Մարմինը՝ սիրո տապին
անդիմադիր,
երկունքով է բռնկվում՝
շուրջը սփռելով
բյուրադեմք ծաղիկներ:

Նրանք հավիտենական
օրորոցներ են
անտեր սերերի համար:
Երբ որ արթնանաս
ու չգտնես ինձ մոտդ,

ս ի ր ե լ ի ՜ս,

իմացիր՝ քեզ անծանոթ
մոլորակի
հավերժական
բնակիչ եմ դարձել,
ուր ճոճքս
բազմաբույր
ծաղիկներն են:

* * *
Ինձ մի՛ վանիր քեզնից,
ա՛ռ ինձ հոգուդ մեջ:
Ես՝ անխոս,
կծվարեմ այնտեղ
ու վրաս կառնեմ
բազմատեսք ցավերդ,

ս ի ր ե լ ի՜ս:

Ես մոգ եմ,
իմ ներկայությամբ
կտարրալուծեմ
դաժան հիշողություններդ,
ու դու կնիրհես՝
մոռացած ծվատված
հոգուդ ու մարմնիդ
կարեվեր վերքերիդ
չսպիացող մղկտոցները:

Ինձ մի՛ վանիր,
ս ի ր ե լ ի՜ ս:

Ես անդարձորեն քո
պարունակությունն եմ դարձել
ու արյանդ
ընթացք տվողը:

Անպահանջ, անսնունդ
գոյություն եմ
հզորազոր ուժով:

Ես կարող եմ

քեզ տեղափոխել
մանկությանդ
կույս եզերքներ,
ուր դու
հրեշտակի թևերով
կմաքրես
տարածքներիդ փոշիները:
Քեզ հզոր արքա
կհռչակես,
մի ակնթարթում
շքեղ ապարանքների
կփոխարկվեն
Հայրենիքիդ
ավերակները:
Հազարան հավքը
կգա՝ բնադրելու
մշտադալար այգուդ
թթենիների մեջ
ու կգեղգեղա
իմ ձայնով

հպատակ ձայնիս՝
կտեղափոխվես
մի անդորր,
ուր մարմնականը
իմաստազրկվում է,
հոգին ճախրում է
արծվային թևաբախումներով
ու ցրում է Հայրենիքն
իմ մեջ առած
խիտ մշուշները:

Ինձ մի՛ վանիր քեզնից,
ս ի ր ե լ ի՜ ս,

հիմա դու
իմ գոյության
միակ պայմանն ես:

One thought on “Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։