Տիգրան Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԻՆՉՊԵՍ ԳՏԱ ԻՆՁ
Խիստ ավանդապահ ու լրջաբարո
Լո՜ւյս-հոգնությունն իմ ապուպապերի
Առած քունքերիս,
Վայելքը կյանքի իմա՛ստ դարձրած
Այս փուչ օրերից հա՜ անջատվելով՝
Շարժվեցի ծայրը
Համա՜յն աշխարհի…
Այնքա՜ն ժամանակ,
Մինչև որ, սե՛ր իմ,
Ինձ ուղեկցելուց
Դո՛ւ էլ հոգնեցիր:
Եվ երբ մնացի միայնա՜կ, շվա՛ր…
Տեսնելով միայն
Արցունքաշաղախ,
Տխուր աչքերիդ կա՜նչը հեռավոր,
Ու այն է՝ պիտի ճչայի՝
Չկա՜…

…Հանկարծ հասկացա,
Որ այս է, որ կա՝
Կենտրո՛նն աշխարհի…

ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ
Հուզաթաթավ ու հոգեմաշ մտմտանքով
Պարուրվել եմ աստեղազարդ
Անդորրությամբ գիշերային…
Ու ջանում եմ եռուզեռը
Խորհրդավոր երևացող այս անհունի՝
Տնտղելով
Հասկանալի տեսքի բերել…
Սակայն սուտ-մուտ նիրհող քամին
Մի փորձառու կավատուհու
Վայելչագեղ քնքշությամբ
Իմ մազերն է հատ-հատ շոյում,
Նուրբ, ծուլաշարժ
Կնոջ քնկո՜տ երանությամբ
Փշրվելով
Իմ ինքնիշխան,
Գորովալի կրծքի վրա:
Ու երբ,
Կարծես թե տաքացած,
Իր վավաշոտ ձեռքն է սկսում
Սողոսկելով մե՛ջքս տանել՝
Սարսռո՜ւմ եմ…
Մտածելով.
«Ախր, չէ՞ որ
Այս ճպճպան լռության մեջ
Ոչ ոք էլ իր անուշ քնից
Ամենևի՛ն էլ
Դժգոհ չէ.
Մի՞թե միայն
Ինձ պես ժլատ հաճախորդի՝
Արդարության գոյությունն է
Ավելորդը…»:

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Հակառակ՝ կյանքի
Պարարտակուտակ
կարգապահության
Սողոսկուն փառքի՛…
Եվ ընդդեմ՝ բոլո՜ր
Նորարարական թաքստոցներից
Ճահճասերների
Հաշվեկշռվա՜ծ
Կամքի վաճառքի՛…
Հոգնած և բազում,
Գոռոզաբարո,
Երեխայական դերերից իմ ջինջ՝
Մի մտացրիվ,
Դիմակաթափված,
Հորիզոնահար հայացքո՜վ վճիտ՝
Ես հա՛նձն եմ առնում,
Որ անանձնական ճակատագրիս
Ողորմած ձեռքին
Եղել եմ միայն
Գողտրիկ հույզերից
Սիրով շաղախված
Մի պա՜րզ խաղալիք:
Բայց արժե՛ ասել,
Որ ինչ ծերպից էլ
Բախտ-չար մանչուկը
Խեղճ խաղալիքիս ապշեցնելու
Սիրասպառ տենչով
Հույժ սարսափելի վիհե՛ր է նետել,
Աչք կուրացնող մթության մեջ էլ՝
Լուցկի՛ թափ տային՝
Պիտի տեսնեին,
Որ անապական
Կողմնացույցի պես՝
Դարձյա՛լ աշխարհի
Բոլո՜ր կողմերն էլ
Ճիշտ եմ ցույց տալիս:
Իսկ հարվածներից անզգայացած
Հայացքիս մաշկված
Մերկությա՜ն վրա՝
Անդա՛րձ որբացած
Երազանքները խելագարների…

ԴՐԱՄԱ
Մարդկային հոգին մորմոքող
Բոլոր անհուն ցավերից
Վատթարագո՛ւյնը
Այն ծանրաթախիծ
Ցա՜վն է, անկասկած,
Երբ որ Մարդ կոչվող
Ասուն կենդանին
Իր նվիրական զգացմունքների
Մերժված լինե՛լն է
հաճախ համտեսում…
Ու խեղճուկրակ
Այդ ճղավաձայն անամոթներից
Իսպա՜ռ հեռանում…
…Հազա՜ր երանի
Ամենամոլի՛ հարբեցողներին,
Որոնք ո՛չ մի պահ
Ապօրինածին իրենց որբերին
Գո՜նե չեն լքում…

ՇԱՏԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԵՍ ԱՆԶՈՐ ԷԻ
Ընկերոջս՝ Սասուն Սարգսյանին
Չէ՛, ես չէի կարող
Ժամանակիս կցվել…
Հուզաշխարհս կոծկած՝
Համբերատար սսկվել.
Արդարամիտ վեճի
Լռությո՛ւնը եղծել,
Արդարադա՛տ խոսքի
Սրբությունը պղծել…

* * *
Ես սիրո հոգնակի ձևերը ժխտում եմ՝
Անսահման երանի տալով
միշտ ողջ նրանց,
Ովքեր այս օրերի
խունացած թախծի մեջ
Պատրա՜ստ են նոր
սիրո պատրանքից խենթանալ…

* * *
Ես հոգնել եմ խենթի պես անքնին
Նազերի ետևից վազվզել…
Պտտվիր իմ շուրջը, իմ կողքին,
Իմ վերջի՜ն, իմ միա՛կ կարուսել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։